ԿարևորՔաղաքական

Սադրանքներ՝ «խաղաղության դարաշրջան»-ի մեկնարկին․ Ադրբեջանը վերադարձնում է պատերազմում կուտակած «քաղաքական» պարտքերը

2022 թվականից անցած ընդամենը 12 օրվա ընթացքում Ադրբեջանն առավել ինտենսիվ է խախտել հրադադարը, Սոչիի և Բրուսելի պայմանավորվածությունները։ Արցախյան բնակավայրերի ուղղությամբ սադրանքների հետևանքով վնասվել է մարդատար և գյուղատնտեսական տեխնիկա, մանկապարտեզի երեխաներ են տարհանվել։

Հունվարի 10-ին ադրբեջանական կողմը շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակահերթեր էր արձակել Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Քաղաքացիական անձինք ավելի քան մեկ ժամ տևողությամբ գտնվել են կրակի տակ և այդ գոտուց դուրս են բերվել միայն ռուս խաղաղապահների միջամտությամբ: Երկու օր անց արդեն Ադրբեջանը թիրախավորեց Հայաստանը։ 2022-ի 12-րդ օրը Հայաստանն ունի 3 զոհ։

Արդյո՞ք «խաղաղության դարաշրջան»-ի հաստատումը ճիշտ հունով է ընթանում։ Եթե Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան խոսում են դրական ազդակների մասին, ապա ի՞նչ նպատակներ ունեն զինված սադրանքները։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը «խաղաղության դարաշրջանին» առնչվող հարցերին ուղիղ պատասխան չունի․

«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը կայուն չէ, և ինձ համար ընկալելի է, որ կարող են լինել և կրակոցներ։ իսկ դուք պատերազմող երկիր տեսե՞լ եք, որը խաղաղության մասին չի խոսում, բոլորն էլ խոսում են։ Ես չեմ ասում՝ ձևական կամ չձևական։ Բոլոր երկրներն էլ խոսում են խաղաղությունից, սակայն ոչ բոլորն են իրական խաղաղություն տենչում։ ՀՀ-ն ուզում է բացել «խաղաղության դարաշրջան», ինչի ուղղությամբ քայլեր ձեռնարկում է»։     

Հունվարի 14-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը։ Այն, որ խաղաղության գործընթացները փոխկապակցված են թուրք-ադրբեջանական հարաբերություններով՝ միշտապես է ասվել։

Այս պահին տարբներ վերլուծություններ կան, թե ինչ նպատակներ ունեն ադրբեջանական սադրանքները շփման գծում, երբ ու ինչ նպատակով է հակառակորդ կողմը ձեռնարկում դրանք։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյբուքյան գրառմամբ նշում է․ «Հայաստանի արևելյան սահմանին առկա իրադրության և դրա մասշտաբների հնարավոր ընդլայնման հավանականությունը կհստակեցվի, եթե հայտնի դառնա, թե Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ինչպիսի նախապատատրաստական աշխատանքներ է իրականացնում, արդյո՞ք առկա են զորքերի տեղաշարժ և զինտեխնիկայի կուտակումներ»։

«Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին մարսելու Եվրասիական տարածաշրջանում իրենց հավակնությունների արգելակումը, պարզ էր։ Ղազախստանի իրադարձությունները, իրավիճակի հանգուցալուծմանը ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը տարածաշրջանում որոշակի խմբագրումներ մտցրին առկա իրողություններում»։

Ալիևը պարտքեր ունի, որոնք պետք է վերադարձնի: Իր հաղթանակով նա պարտք է Թուրքիային, Իսրայելին, Պակիստանին՝ ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ 

«Հաստատ իրենից փող չեն ուզելու: Իսրայելն ուզելու է հակաիրանական հստակ գործողություններ, Թուրքիան՝ հակառուսական, Պակիստանն էլ, ասենք, հակահնդկական:

Կա Ժամանակակից Օսմանյան կայսրության ձևավորման գործընթաց: Կա նաև Միութենական պետության ձևավորման գործընթաց, և այս երկուսն էլ Ադրբեջանին փորձելու են տանել իրենց ազդեցության գոտի: Այսինքն՝ Ալիևը ինչ-որ մեկին պետք է վերջում «գցի»: Այս կայսրությունների կերտման ընթացքում Թուրքիա-ՌԴ մրցակցության ամենաբարդ կռվախնձորը լինելու է հենց Ադրբեջանը»։

Վերլուծաբանն ակնարկել է նաև արաբական երկրներում արդեն տեղի ունեցած հեղափոխությունները։ Հիշեցրել է Քադաֆիին և Մուբարաքին և գրել՝ Ալիևը որևէ արաբական երկրի առաջնորդից լավ դիկտատոր կամ ավելի խելացի առաջնորդ չէ։

Ադրբեջանում առկա ներքին խնդիրներն է մատնանշում նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, երբ խոսում է Ալիևի կեղծ խաղաղասիրության մասին․

«Վերցրեք կրթության ոլորտը, գիտություն, մշակույթ, սպորտ։ Անգամ պատերամից հետո Ադրբեջանի նախագահը հպարտությամբ նշել է, որ Ադրբեջանում մեծացել է թշնամու հանդեպ (նկատի ունենալով մեր ժողովրդին) ատելությամբ մեծացած,  ատելությամբ լցված սերունդ։ Այս քաղաքականությունը չի վերջանալու, որովհետև այս քաղաքականությունն ադրբեջանական իշխանությունների քաղաքական կյանքի, քաղաքական սնուցման աղբյուրն է։ Այլ կերպ ասած՝ իրենց պաշտոնյաների քաղաքական կյանքի երաշխիքն է։ Սա նպատակային քաղաքականություն է՝ «արմենաֆոբիայի» մեջ պահել սեփական ժողովրդին, շեղել սեփական ժողովրդին սեփական խնդիրներից»։

Նախօրեին Հայաստանի ինքնիշխան տարածքների սահմանային լարվածության առնչությամբ հայտարարություններ են տարածել նաև միջազգային կազմակերպությունները։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը չի հասկանում, թե ինչու սահմանային լարումը թուլացնելու համար չի օգտագործվում այն մեխանիզմը, որը ստեղծվեց ԵՄ հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին։ Նա նկատի ունի Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված թեժ գիծը և կողմերին հորդորում է ամբողջությամբ օգտագործել այդ մեխանիզմը՝ էսկալացիան թուլացնելու համար։  

ԵՄ պաշտոնյան իր ասելիքն ուղղել է հավասապարես երկու կողմին։ Նման շեշտադրում պարունակում է նաև ԵԱՀԿ հայտարարությունը։ Կառույցը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ «Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատել գործընկերների հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և կայուն զարգացմանը միտված ջանքերը նորացնելու և ամրապնդելու նպատակով»,- նշել է  ԵԱՀԿ գործող նախագահի խոսնակը՝ պնդելով, որ աջակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Իսկ ահա ՀՀ արտգործնախարարությունը, սահմանային սադրանքի հեղինակի անունը հստակ բարձրաձայնելով, դիմել է միջազգային հանրությանը։ Ուշադրություն է հրավիրում, որ պաշտոնական Բաքուն, շարունակելով ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը: Հայաստանի արտգործնախարարությունը հերթական անգամ խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման մասին։ Համոզված են՝ դրանով հնարավոր կլինի խուսափել իրավիճակի հետագա սրումից։

«Ուժերի հեռացման ուղղությամբ» աշխատելու մասին հայտարարությամբ խոսել է նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ լրացուցիչ աջակցություն առաջարկելով սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

Միջազգային հանրության հետ աշխատելիս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է պնդել ոչ թե զինված ուժերի հայելային հետքաշման առաջարկը, այլ՝ ադրբեջանական զորքերի հետքաշման պահանջը։ Համոզված է՝ հաջողության հիմքեր կան․

 «Որովհետև այս առաջարկով չի ասվում, որ իրենց հեռանալու դեպքում ապառազմականացված չեզոք գոտին դառնում է Հայաստան կամ Ադրբեջան։ Ոչ։ Մենք ասում ենք, որ այդ տարածքը դառնում է չեզոք գոտի։ Այդ տարածքը անհրաժեշտ է, որ մարդիկ «շնչեն», որ կարողանան ապրեն, որ իրենց անվտանգությունը ապահովեն։ Իմ միջազգային բոլոր հանդիպումները վկայում են, որ այս առաջարկը կստանա միջազգային լայն աջակցություն, որովհետև սա ԵԱՀԿ, ՄԱԿ և մարդու իրավունքների ոլորտի կազմակերպությունների առաջարկած չափանիշերի հիման վրա է։ «Հայելային հետքաշման» գաղափարը քաղաքական մոտեցում է, սխալ կենսագործվող, որը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հակադրվում է։ Հարց է առաջանում․մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք, որտեղի՞ց պետք է հետ քաշվենք։ Ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով։ Մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակել, գյուղատնտեսությամբ զբաղվեն, որովհետև ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց պատկանող հողերում։ Մենք ունենք օրինական փաստաթղթեր, որոնք հաստատում են սեփականության իրավունքը»։

Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք չէ ստորադասել ռազմական, քաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներին։ Սա արդեն պնդում է փետրվարից օմբուդսմենի պաշտոնում Թաթոյանին փոխարինելու ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը․

«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ այս մոտեցումը տեղ է գտել Եվրոպայի խորհրդի համարժեք բանաձևում, որ շփման գոտում անվտանգային միջավայրի ապահովման համար անհրաժեշտ է լուրջ քննարկել ապառազմականացված գոտու գաղափարը։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր գաղափար է, որը պետք է թե պետական մակարդակում, թե մարդու իրավունքների պաշտպանը իր մանդատի հնարավորությունները օգտագործելով առաջ մղի, հակառակ դեպքում՝ ի՞նչ անվտանգուևթյան մասին կամ ո՞ւմ անվտանգության մասին ենք մենք խոսում։ Այս առումով որպես թեկնածու պատկերացնում եմ տեղերում՝ թե՛ Գեղարքունիքի մարզում, թե՛ Սյունիքի մարզում ՄԻՊ գրասենյակի տարածքային ստորաբաժանումների թե հզորացումը, թե նրանց ակտիվացումը»։   

Մինչ զբաղեցրած պաշտոնից հեռանալը՝ մարդու իրավունքների գործող պաշտպանը Արցախի գործընկերոջ հետ աշխատում է արտահերթ զեկույցի վրա, որտեղ փաստերով արտացոլված կլինեն հետպատերազմյան շրջանում չակերտավոր «խաղաղասեր» Ադրբեջանի բոլոր այն հանցանքները, որոնք ուղղված են մարդու իրավունքների դեմ։

Back to top button