ԿարևորՀասարակություն

Աշխատել արգելվում է ծեծել․ որտե՞ղ է «խորհրդարանական» ստորակետը

Հայաստանի տարբեր գումարումների խորհրդարաններից յուրաքանչյուրն ունեցել է իր առանձնահատկությունը։ 8-րդ գումարման խորհրդարանն ընդամենը կես տարի է աշխատել ու, այսպես ասենք,  դեռ ձևավորում է իր դիմագիծը։  Չնայած կարճ աշխատաքնին՝ հասցրել է ակտիվ ու աղմկոտ մի քանի դրվագներ գրանցել՝ թեժ բանավեճերից մինչև քվեարկություններ։

Հայաստանի 8-րդ գումարման խորհրդարանը հավակնում է  նվաճել «ամենաաղմկոտի», տիտղոսը: Թեև հազիվ  կես տարի է աշխատել, բայց թեժ միջադեպերի ու լարված իրավիճակների  պակաս չի ունեցել։  Համենայն դեպս՝  անվտանգության աշխատակիցները հաճախ են եղել  ԱԺ նիստերի դահլիճում:

«Ես ներս եմ հրավիրում անվտանգության աշխատողներին, խնդրում եմ կարգ ու կանոն հաստատել դահլիճում:

Առաջին միջադեպը խորհրդարանում գրանցվեց օգոստոսին․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին անվտանգության աշխատակիցներ  դուրս հանեցին դահլիճից: Այս միջադեպն այնքան լարված ընթացք ունեցավ, որ գրանցվեցին անգամ թեթև վնասվածքներ: 

«Ծեծ ու ջարդ, Աննա թակում է դահլիճի դուռը, Արծվիկը գոռում է «հանցագործ», Արթուր Խաչատրյանը պատմում է պատռած հագուստի մասին»:

Լարված իրավիճակներին զուգահեռ այս գումարման խորհրդարանում ավելի հաճախ են օգտագործվել  զսպման՝ կանոնակարգով նախատեսված մեխանիզմները: ԱԺ նախագահի կողմից մեկ տասնյակից ավելի  կարգապահական միջոց է կիրառվել՝ նախազգուշացումից մինչև ձայնի իրավունքից զրկում: Իրավիճակներից ամենաթեժը, սակայն,  «թռչող շշերի» մարտն էր, առիթը՝ դավաճանների հերթական փնտրտուքը խորհրդարանում։  Թեման    հրատապ է թե իշխանության, թե ընդդիմության համար:

«Փողով բանակից ազատվելը դավաճանություն է»,- շշերի մարտեր, «Արցախը ուրանալը դավաճանություն է», Գեղամին հեռացնում են ամբիոնից:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը համոզված է՝ «Պանդորայի արկղը» երբեմն բացվում է խոսքի ազատության պատճառով: Օրենսդրական առարկայական քննարկումների փոխարեն ընդդիմադիր պատգամավորներն ամբիոնը նախընտրում են օգտագործել քաղաքական նկատառումներով ր նպատակահարմարությամբ։  

«Մի հատ լռեք բոլորդ: Տեսնո՞ւմ եք, որ ասում էի՝ չարժի այս ամբողջ «Պանդորայի արկղը» բացել: Հիմա էլ տիկին Գրիգորյանը եկավ, հեսա վստահաբար՝ աչքերի փայլից երևում է մյուս պատգամավորն է գալու և սա դառնալու է ՏԻՄ ընտրությունների մի մեծ քարոզարշավ: Ես հորդորում եմ բոլորիդ Ա՝ այս ամբիոնը կոնկրետ այս պահին չվերածել քարոզարշավի ամբիոնի, Բ՝ հորդորում եմ ինձ տեղից չպատասխանել, Գ՝ հորդորում եմ իրար չվիրավորել»: 

Հորդորները, սակայն, այդպես էլ մնում են անարձագանք: Աղմկոտ ԱԺ-ում «մարտերին» անգամ միանում են պատգամավորների օգնականները:

Խորհրդարանի խառնաշփոթից անմասն չեն նաև լրագրողները: Դաշտը կարգի բերելու պատճառաբանությամբ այս խորհրդարանն աչքի ընկավ ևս մեկ նորամուծությամբ. սահմանափակվեց շենքում լրագրողների տեղաշարժը։

Իսկ վիճակագրությամբ, որն ամեն նստաշրջանից հետո ամփոփում է  «Պառլամետ մոնիտորինգ» ծրագիրը,  խորհրդարանի աշխատանքը հետևյալ պատկերն ունի։ Ընդունված շուրջ 100 օրենքների մոտ 10 տոկոսի հեղինակը պատգամավորներն են, 90-ինը՝ կառավարությունը։

2-րդ նստաշրջանի արդյունքներով խորհրդարանի ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորների տասնյակում միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավորներն են՝ Հովիկ Աղազարյան, Մարիա Կարապետյան, Հրաչյա Հակոբյան, Մարինա Ղազարյան և Լիլիթ Ստեփանյան։ Ամենաշատ «դեմ» քվեարկողները միայն  «Հայաստան» խմբակցությունից են՝ Արամ Վարդևանյան, Զեմֆիրա Միրզոևա,  Անդրանիկ Թևանյանը։ Ամեաշատ «ձեռնպահ» քվեարկածների տասնյակում առաջին երկու հորիզոնականը զբաղեցնում  են «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանն ու Տարոն Մարգարյանը։

Ամենակտիվ պատգամավորների տասնյակնը միակն է, որում ընդդիմությունն ու իշխանությունը գրեթե հավասար ներկայացվածություն ունեն։

Ամենաշատ ելույթներն այս խորհրդարանում ունեցել ՝  «Քաղաքացիական պայմանագր»-ից Վահագն Ալեքսանյանը, հաջորդում են «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն ու Արծվիկ Մինասյանը։ Օրենսդրական քննարկումների ժամանակ ամենաշատը  հարցեր ուղղել է ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանը, հաջորդ երկու տեղերում ընդդիմադիր պատգամավորներն  են՝ Արամ  Վարդևանյան և Թադևոս Ավետիսյան։

Իսկ ամենաշատ բացակայածների տասնյակը  գլխավորում է «Հայաստան» խմբակցությունից Մխիթար Զաքարյանը։ Մեղրիի նախկին քաղաքապետը կալանքի տակ է հարուցված քրեական գործի շրջանակներում, որն առնչվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելուն։

Back to top button