ԿարևորՏնտեսական

Նազարբաևն առաջարկում է Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդ դարձնել. Զախարովան ողջունում է առաջարկը

Ադրբեջանի՝  ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հեռանկարն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական բովանդակություն ունի՝ կարծում են հայ վերլուծաբանները  և ուշադրություն հրավիրում փաստին, որ առաջարկը հնչում է ոչ թե Ադրբեջանից, այլ Ղազախստանի ներկայացուցիչը։

Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու առաջարկն արել էր Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։  Ռուսաստանի արտգործնախարարության  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  առաջարկը ողջունել է՝ շեշտելով, որ Նազարբաևը եվրասիական ինտեգրման գաղափարախոսն է, ուստի նրա առաջարկն արժանի է ուշադրության։

Պաշտոնական Մոսկվան համոզված է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացն ավելի դյուրին կլիներ, եթե զուգահեռաբար զարգանար Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության միջև երկխոսությունը: Այս առումով Մոսկվան դրական է գնահատում Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝  Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու առաջարկը։

Նազարբաևն այդ մասին խոսել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի վերջին ՝ դեկտեմբերի 10-ի նիստի ընթացքում՝ դիտորդ պետության կարգավիճակ ստացած  Ուզբեկստանի օրինակը բերելով։

Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի առաջարկը, որը, ըստ էության, եվրասիական ինտեգրման գաղափարախոսն է, ուշադրության արժանի է՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Զախարովան և հավելել՝ ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են կառույցի նպատակները և հետաքրքրված են առավել սերտ գործակցությամբ: Առաջին հերթին նկատի ունենք ԱՊՀ երկրները, որոնք ԵԱՏՄ ադամ երկրների հետ առավել սերտ կապեր են պահպանում՝ նշել  է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ուշագրավ է համարում այն, որ Ադրբեջանի փոխարեն  կառույցում դիտորդի կարգավիճակով ներակայանալու ցանկությունը բարձրաձայնում է այլ Ղազախստանի ներկայացուցիչը։

«Դեռ պետք է իմանալ՝ Ադրբեջանն արդյոք դիտորդ դառնալու ցանկություն ունի, որովհետև իր փոխարեն այլ պետություն է դրա մասին հայտարարել։ Սկզբունքորեն դեռ չի նշանակում, որ Նազարբաևի ասածին Ադրբեջանը համաձայն է։ Կարող է և ադրբեջանական կողմն է հորդորել, որ Նազարբաևն իրենց համար բանախոսի կամ երաշխավորի, բայց դիտորդ լինելը դեռևս մեծ առավելություններ չի տալիս»։

Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ պետություններ, տնտեսական գործակցությունն ու  առևտրաշրջանառությունն իրականացնում են  միության սահմանած  կանոններով  ու պայմաններով։ Ի՞նչ կփոխի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ շուկա մտնելը, ինչպես կազդի Հայաստանի մրցակցային առավելությունների վրա։

«Իրական արդյունաբերությունը և իրական էկոնոմիկան առանց նավթի ու գազի մեծ չեն Ադրբեջանում՝ գրեթե Հայաստանի տնտեսությանը համարժեք։ Հայաստանը բնական ռեսուրսներ չունի, ունի ավելի զարգացած, դիվերսիֆիկացված արդյունաբերություն։ Այն դաշտը, որտեղ հայկական ու ադրբեջանական շուկաները պետք է մրցակցեն ավելի շատ մրգերի, բանջարեղենի շուկաներն են, այսինքն՝ սննդի ոլորտը և գուցե նաև՝ քիմիական։ Քիմիականում մենք ուժեղ չենք, այդ պատճառով մրցակցության մեծ խնդիր չի առաջանում, իսկ մրգերի, բանջարեղենի, պահածոների ոլորտում էլ մենք ԵԱՏՄ-ում ու հատկապես Ռուսաստանում բավականին լավ ներկայացված ենք այնպես որ, մեծ վտանգներ ես չեմ տեսնում»։

Ավելի կարևոր են քաղաքական ու դիվանագիտական հետևանքները՝ ասում է զրուցակիցս և բացատրում ՝ Ադրբեջանի  ու Ռուսաստանի հավակնությունները միայն տնտեսական չեն։

«Այն, ինչ Ադրբեջանը մինչև հիմա վաճառում է ԵԱՏՄ երկրներին, կշարունակի, մեծ բան չի փոխվի, իսկ մեզ համար ամեն ինչ կվատանա, քանի որ ԵԱՏՄ-ում կան 3 քրիստոնեական ու 2 մուսուլմանակն երկրներ։ Պետք է հաշվի առնենք, որ կդառնանք «fifty-fifty»՝ 50-50 այսինքն՝ ԵԱՏՄ-ում կունենանք արդեն 3 մուսուլմանակն երկիր՝ Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան՝ հավասարեցնելով բալանսը։ Այսպիսի իրավիճակներից պետք է զգուշանանք հետագայում։ ԵԱՏՄ-ն, որքան էլ թվում է տնտեսական բլոկ, իր մեջ շատ ուժեղ է քաղաքական ազդեցությունը»։

Այն հարցում, որ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ում որպես դիտորդ ներգրավվելը ավելի շատ քաղաքական, քան տնետսական բովանդակություն ունի, համոզված է նաև քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը։ Նա անկարևոր չի համարում հանգամանքը, որ նման առաջարկով հանդես է գալիս հենց Նուրսուլթան Նազարբաևը։ Վերջինը կարծես Ադրբեջանի դեսպանը լինի ԵԱՏՄ-ում՝  ներկայացնելով ադրբեջանական տեսակետն ու լսելի դարձնելով նրա ձայնը կառույցում՝ ասում է զրուցակիցս։

«Հիմա  ինչու՞ դիտորդի կարգավիճակ որովհետև դիտորդի կարգավիճակը չի ենթադրում որևէ պարտավորություն՝ ըստ էության։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է այդ ձևաչափով ապահովել ազդեցություններ, թեկուզ և քաղաքական իմաստով՝ զերծ մնալով որևէ տնտեսական պարտավորություններից, քանի որ ԵԱՏՄ-ն ենթադրում է նաև միասնական մաքսային միություն»։

Ասուլիսի ընթացքում Զախարովան հիշեցրել է նաև, որ ԵԱՏՄ-ում գործակցության վերաբերյալ որոշումներն ընդունվում են բոլոր անդամ-պետությունների և շահագրգիռ կողմերի համաձայնությամբ՝ հաշվի առնելով այդ քայլերի հնարավոր տնտեսական հետևանքները։ Ըստ ՌԴ ԱԴՆ պաշտենական ներկայացուցչի՝ ցանկացած ձևաչափով Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների  ապաշրջափակմանը, լայնածավալ նախագծերի իրականացմանը։ 

«Չմոռանանք, որ թյուրքական շահերի տիրույթում են թե Ղազախստանը, թե Ադրբեջանը նրանք նույն թյուրքական դաշինքի մեջ են։ Այնպես որ, այս թեման շատ ավելի քաղաքական նրբերանգներ պարունակող առաջարկ ու հնարավորություն է Ադրբեջանի համար, քան՝ տնտեսական շահերի հետապնդման ու իրացման»։

Օրդուխանյանը կարծում է, որ ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալով՝ Ադրբեջանը  կփորձի նաև սահմանափակել այն հնարավորությունները, որոնք մաքսային միությունը տալիս է Հայաստանին։ Սա, զրուցակցիս կարծիքով,  կարող է խանգարել նաև հայ-իրանական տնտեսական համագործակցությանը ։

Back to top button