ԿարևորՀասարակություն

Որքանո՞վ էր «թունավոր» 2021-ի սնունդը․ լրացուցիչ ֆինանսավորում սննդի որակը ստուգելու համար

Սննդամթերքի անվտանգության խնդիրները լուծելու համար առնվազն 10 տարվա համակարգված աշխատանք է անհրաժեշտ՝ սննդամթերքի անվտանգության փորձագետ Դավիթ Պիպոյանի դիտարկումն է։ Ամանորի նախաշեմին թունավորումների սրված ռիսկը չի կանխում  անգամ պարտադիր սպանդանոցային մորթ իրականացնելու ծրագիրը։

«Դուք ունեք տուն, որի ֆունդամետը վնասված է, տակը խոնավ է, ջուր է քաշում։ Երկրորդ հարկի ձեր պատերը ճաքել են։ Դուք վերցնում եք 2-րդ հարկի պատերը կոսմետիկ վերանորոգման եք ենթարկում, բայց ֆունդամենտալ խնդիրը չի լուծվել։ Բնականաբար, այդ պահին ձեր աչքին ինչ–որ գեղեցիկ վիզուալ բան կարող է երևալ, բայց դա կձգվի մինչև հաջորդ խնդրի ի հայտ գալը»։

Պիպոյանի կարծիքով՝ պարտադիր սպանդանոցային մորթը հենց այս կոսմետիկ լուծումն էր։ Կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության խնդիրը կարող է լուծվել, եթե գործի կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման կարգը։

«Սպանդանոց մտնելու համար պետք է լինի պաշտոնական վերահսկողություն, ռեեստրից պետք է համարը հանել և գրել, որ այս կենդանին առողջ մտավ, դարձավ միս և դուրս եկավ։ Քանի դեռ ներդրված չէ այս համակարգը՝ ով քանի տեղ մորթ արեց, ով մորթը արեց, բայց ուրիշ տեղից գնաց վկայական առավ, հասկանու՞մ եք, եթե համակարգը ամբողջությամբ ներդրված չէ, անընդհատ նման դեպքեր են լինելու»։

2021-ին սննդային թունավորման մի քանի աղմկահարույց դեպքեր գրանցվեցին, բայց փորձագետը կարծում է, որ այս տարի, նախորդների համեմատ, վիճակն ավելի թեթև է եղել։ Ասում է՝ աղմուկը շատ էր, մինչդեռ պետք է հանրային առողջապահական մեծ ազդեցություն լիներ։

«Թունավորումը տեղի է ունեցել հայտնի ռեստորանների ցանցում, աղմուկը գուցե դրանով է պայմանավորված, բայց, բարեբախտաբար, մենք չունենք մահացության դեպքեր։ Եթե ռիսկի տեսանկյունից նայենք, այս տարվա պատկերն անհամադրելի է նախորդ տարվա սարսափելի ալկոհոլային թունավորման հետ, երբ բազմաթիվ մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվեցին։ Ունեցանք մահվան ելքով բազմաթիվ դեպքեր»։

Մասնագետն ասում է՝ Հայաստանում սննդային թունավորումների համար բարենպաստ պայմաններ կան։ Առանձնացնում է երկուսը՝ պայմանների ազատականացումը, ինչի արդյունքում տնտեսվարողն ամեն քայլափոխի կարող է ոտնահարել սպառողի իրավունքները, և տնտեսվարողի վերաբերմունքը․ նա հաճախ իր կահույքն ու սպասքն ավելի է կարևորում, քան սննդամթերքի անվտանգության կանոններն ու նորմերը։

Ինչպիսի՞ սնունդ է հասնում սպառողին․ ստուգումն իրականացնում է սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ը։ Տարեսկզբին 705 նմուշի փորձաքննություն կատարելու համար ստացել են 40 միլիոն 634 հազ. դրամ․ նոյեմբերի 25-ին գումարն արդեն սպառվել է։ ՊՈԱԿ–ի ղեկավար Արման Գևորգյան․

«Այս տարի գումարը սպառվել է շատ ավելի շուտ, քան նախորդ տարիներին, որովհետև տեսչական մարմինը աշխատել է բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ։ Իրականացրել է պլանային տեսչական ստուգումներ և նմուշառումների փորձաքննությունների հանձնումների գերակշիռ մեծամասնությունը։ Այո, եղել են չնախատեսված թունավորման դեպքերի փորձաքննություններ։ Փորձաքննվել են բավականին մեծ ծավալով նմուշներ։ Այդ պատճառով գումարն սպառվել է մինչև օրացուցային տարվա ավարտը»։

Ամանորին ընդառաջ մեծացել է սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն և փորձաքննություններ իրականացնելու կարիքը։ Կառավարությունը լրացուցիչ 5 մլն դրամ է տրամադրել ևս 90 նմուշի փորձաքննություն իրականցնելու համար։ Դավիթ Պիպոյանը, սակայն, կարծում է՝ որքան էլ խստացվի պետական վերահսկողությունը, սպառողի վարքագիծը, հատկապես Ամանորին, ավելի կարևոր է․

«Տոնի խորհուրդը վերածվում է պերմանենտ (շատ ներողություն եմ խնդրում էս արտահայտության համար) ծամելու գործընթացի, որովհետև առավոտյան 11-ից կարող ես հյուրեր ունենալ, մինչև գիշերվա 3-ը։ Այդ սեղանները չեն հավաքվում շատ ընտանիքներում, և բազմաթիվ ուտելիքներ պարզապես մնում են սեղաններին։ Բնականաբար այստեղ բազամթիվ են սննդային խնդիրները, որովհետև մենք ունենք +- ջերմաստիճան, ինչն իդեալական պայմաններ է ստեղծում միկրոօրգանիզմների բազմացման համար։ Դրա հետ միասին չարաշահում ենք նաև ալկոհոլը, օգտագործում ենք գազավորված, շաքար պարունակող ըմպելիքներ, որը շատ ավելի ուժեղացնում է ազդեցությունը, չենք հետևում սննդամթերքի անվտանգության պահպանման կանոններին և արդյունքում ունենում ենք նմանատիպ խնդիրներ»։

Եթե անգամ համարակալված, հաշվառված միսը պատշաճ կերպով դուրս բերվի սպանդանոցից, փորձաքննվի ու գրանցվի մաքուր արդյունք, պահման ոչ պատշաճ պայմանների դեպքում թունավորումն անխուսափելի կլինի։ Մասնագետները հատկապես տոնական օրերին հատուկ ուշադրություն են հրավիրում խնդրի վրա։

Back to top button