ԿարևորՔաղաքական

Հանդիպումն անհայտ պատճառներով հետաձգվել է․ փոխվարչապետերը կհանդիպեն առաջիկա օրերին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացել է դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։ Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով:

Նոյեմբերի 26-ին Սոչիում եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներն էին ազդարարել այս շաբաթվա հանդիպման մասին։ Մինչև տարվա վերջ նախանշվել է սահմանազատման և սահմանագծման հարցով ձևավորվող հանձնաժողովի առաջին նիստը։  

Ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովի նիստը Մոսկվայում ընդհատվել է։ Ինչո՞ւ՝ հայտնի չէ։ Բայց հայտնի է՝ կշարունակվի առաջիկա օրերին, բայց հանդիպման ժամկետ չի նշվում։ Հանդիպումից հետո միայն հնարավոր կլինի խոսել արդյունքների մասին՝ մեկնաբանել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Այս հանձնաժողովից արդեն ակնկալվում են հստակ որոշումներ․ նոյեմբերի 26–ին Սոչիում ակնարկել էր ՌԴ նախագահը։   

Սոչիի հանդիպման արդյունքներով մեկ այլ հանձնաժողով էլ կստեղծվի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար։ Այս մեկն արդեն երկկողմ ձևաչափով է։ Կրկին Սոչիում առաջին հանդիպման համար նախանշվեց մինչև տարեվերջ ժամկետը։ Ի տարբերություն լավատեսական վերլուծությունների, ԱԺ-ի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը համարում է, որ սահմանազատման գործընթացը Հայաստանի շահերից չի բխում․

«Որովհետև մենք այդ ճանապարհով ստացվում է, որ Արցախի վրա փակում ենք մեր վերջին դուռը և Արցախը մնում է Ադրբեջանի կազմում «անկլավի» կարգավիճակով։ Մենք դա երբեք չենք կարող թույլ տալ, քանի Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես չի հստակեցվել»։  

Մինչ Սոչիի պայմանավորվածությունները կյանքի կոչելը Թովմասյանը հիշեցնում է՝ կա դեռ 2020–ի նոյեմբերի 9–ի չկատարված հայտարարությունը։ Խոսքը բոլորը բոլորի դիմաց գերիների վերադարձն է։ Այս պայմաններում անգամ Պուտինի ներկայությամբ Ալիևի կողմից «միջանցք»-ի գաղափարն շրջանցելը ընդդիմադիր պատգամավորը դրական չի համարում։

«Դա դեռ չի նշանակում, որ նա հրաժարվել է իր պլաններից, ծրագրերից, նկրտումներից։ սա պետք է արձանագրենք։ եթե պնդումներ կան, որ սա հայանպաստ փաստաթուղթ է, թող ասեն մի կետ, ո՞ր կետն է, որ հայանպաստ է և ինչպես է սպասարկում մեր շահերի սպասարկմանը։ ես ուզում եմ դա կարդալ, հասկանալ, որովհետև որ լեզվով կարդում եմ չկա Հայաստանի շահը սպասարկող կետ այդ փաստաթղթում»։  

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով ճանապարհների ապաշրջափակման և ադրբեջանցիներին միջանցք տրամադրելու վերաբերյալ հարցին «Առաջին լրատվական»-ին ասել է, որ ժառանգություն են ստացել երկիր, որտեղ ստիպված են զրոյից ամեն ինչ կառուցել։ Ըստ բանախոսի՝ Հայաստանում գործել է կոռուպցիոն համակարգ։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Սիմոնյանի խոսքով՝ ի հեճուկս բոլոր հայտարարությունների՝ միջանցք բառը չկա, չի եղել և չի կարող լինել։

«Ես չգիտեմ, հարևան երկրի ղեկավարը այդ բառը ասելուց ինչ նպատակ է հետապնդում, ենթադրում եմ՝ ներքին լսարանի համար է նախատեսված։ Եթե այդ տրամաբանությունից ելնենք, ուրեմն այդ խոսակցության մեջ նաև քննարկվում է Ադրբեջանի միջով միջանցք դեպի Ռուսաստան կամ դեպի Իրան միջանցք տրամաբանությամբ։ Կրկնում եմ, «միջանցք» բառ չկա, չի լինելու, չի քննարկվում և դա հստակ ասվել է մեր կողմից և ասվում է ՌԴ կողմից և որևէ հիմք էլ չկա դրա մասին խոսելու»։

Փոխարենը Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Նա նույնպես դրական է գնահատում սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները։

Մոսկվան նույնպես գոհ է, իր հերթին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում նա ասել է․

«Ռուսաստանը հստակ ներդրում է ունենում նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Խոսքը ահաբեկիչներին հաղթելու և Սիրիայում քաղաքական երկխոսության խթանմանն ուղղված մեր ջանքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումներ գտնելու գործում մեր առանցքային դերակատարության մասին է»։

Ռուսաստանի միջնորդական ջանքերը ունեն ինչպես քաղաքական այնպես էլ տնտեսական նպատակներ։ Մոսկվայում ընթացող երկրորդ եվրասիական համագումարին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը խոսել է լոգիստիկ խնդիրների և ճանապարհների մասին, ընդգծել է՝ տրանսպորտային միասնությունը հատուկ նշանակություն ունի ԵԱՏՄ անդամների համար, ենթադրում է, որ միջազգային էկոնոմիկայում այն կարևորագույն տրանսպորտային հանգուց կդառնա։

«Արևելք-արևմուտք» և «հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, որտեղ արդեն կան որոշակի զարգացումներ զգալիորեն կավելացնեն բեռնափոխադրումները՝ այդ թվում նաև Չինաստանի և ԵՄ պետությունների տարանցիկ բեռնափոխադրումների համար։ Այդպիսի անդրմայրցամաքային տրանսպորտային միասնությունը հատուկ նշանակություն ունի ԵԱՏՄ անդամների համար, որոնք չունեն ելք դեպի Միջազգային օվկիանոս»։     

Այս տարի ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքը կաճի 4%-ով, ասում է Ռուսաստանի վարչապետը։ այսպիսով՝ «հնգյակի» երկրները հաղթահարում են կորոնավիրուսի համավարակի հետևանքները: Տարին ավարտվում էոչ վատ ցուցանիշներով, որոնք գերազանցել են մինչհամավարակային մակարդակը, տեղեկացրել է Միշուստինը։

Եվրասիական համագումարին մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այնտեղ նա խոսել է ազգային արժույթների մասին։

«Ինտեգրումը ԵԱՏՄ շրջանակում լիարժեք չի լինի առանց առևտրում ազգային արժույթի մասնաբաժնի փոխադարձ ավելացման։ Այդ ամենը կազդի ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացման վրա։ Կախվածությունը երրորդ արժույթից առևտրում լուրջ ծախսեր է ենթադրում։ Դա հանգեցնում է նրան, որ ապրանքների և ծառայությունների պահանջարկն ընկնում է կոնվերտացիայի ծախսերի պատճառով»։

Հայաստանի փոխվարչապետը Մոսկվա է գործուղվել մինչև դեկտեմբերի 3-ը։ Բացի եռակողմ հանդիպումից և Եվրասիական համագումարից, նա պետք է մասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստերին։  

Back to top button