Հատվող եթեր

Հայ մշակույթի պահապան լիբանանահայ համայնքը․ «Հատվող եթեր»

Դեռևս 1928 թվականին Նիկոլ Աղբալյանը, Լևոն Շանթը, Համո Օհանջանյանն ու այլ նվիրյալ հայորդիներ Կահիրեում հիմնում են Համազգային հայ կրթական և մշակութային միությունը՝ նպատակ ունենալով պահել ու պահպանել հայ լեզուն ու մշակույթը: Մշակույթն ու կրթությունը դարձան այդ սերնդի գործունեության հիմնական առանցքը․ դպրոցներ, թատրոններ, հրատարակչություն, երաժշտախմբեր․․․

1931 թվականին արդեն Լիբանանում ստեղծվում է Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատունը։ Մեծ է հրատարակչատան ներդրումն արևմտահայ գրականության զարգացման մեջ. հրատարակել է մանկական, պատանեկան և գեղարվեստական հսկայական թվով գրքեր, ինչպես նաև պատրաստել և հրատարակել է սփյուռքի կրթօջախների համար դասագրքեր՝ շարունակելով այդ առաքելությունն այսօր ևս:

2009 թվականին էլ Բեյրութում հրատարակչատանը կից ստեղծվում է «Լյուսի Թութունջյան» ցուցասրահը։ Ցուցասրահը դարձել է Հայաստանի և Լիբանանի միջև մշակութային ու հատկապես կերպարվեստի բնագավառում ամուր կամուրջ։ Ավելի քան 140 արվեստագետ աշխարհի տարբեր երկրներից և հատկապես Հայաստանից սերտորեն համագործակցել են ցուցասրահի հետ, դրանով իսկ ճանաչում բերելով Հայաստանին։

Կենսունակ ու ստեղծագործ լիբանանահայ համայնքի համառ ջանքերի և մեծ նվիրվածության շնորհիվ են Լիբանանում պահպանվել, զարգացել և գործում բազմաթիվ հայկական կազմակերպություններ, մշակութային ու հոգևոր կառույցներ, եկեղեցիներ ու կրթօջախներ, երիտասարդական, բարեգործական ու կանանց միություններ, հայագիտական կենտրոններ, որոնք տարիներ ի վեր նպաստել են համայնքի ազգային, մշակութային կյանքի վերելքին, ունեն հարուստ ավանդույթներ և աշխարհով մեկ ծավալում են հայանպաստ գործունեություն։

Զրույց Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատան և «Լյուսի Թութունջյան» ցուցասրահի տնօրեն Հակոբ Հավաթյանի հետ:

Back to top button