ԿարևորՀասարակություն

Դալարիկում պարտքերը շատ են, ջուրը՝ քիչ․ սեփական հողն օգուտ չի տալիս

Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում հողերի մի մասը չի մշակվում, իսկ մշակովի տարածքներից ստացած բերքով մշակման ծախսերը չեն փակվում։ Թե հողերի քանի տոկոսը չի մշակվում, Դալարիկի համայնքապետարանից չեն հայտնում,  բայց գյուղացիների տեղեկացմամբ՝ միայն «100 հեկտար» կոչվող տարածքում ջուր չլինելու պատճառով հողն ամայացել է։ Ինչո՞ւ․ հարցի պատասխանը համայնքի ղեկավարից ստանալ չի հաջողվել։

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Դալարիկ համայնքում գյուղատնտեսական նշանակության  2779 հեկտարից ոռոգելի է 1415 հեկտարը։ Դրանից 480 հա–ն  բազմամյա տնկարկներ են, 934–ը՝ վարելահողեր: Գյուղատնտեսական տարին անբարենպաստ էր, մթնոլորտային տեղումները քիչ էին, օդի ջերմաստիճանը նորմայից բարձր, ինչի հետևանքով Ախուրյանի ջրամբարի ջուրը զգալի պակասել էր: Երաշտն ու սակավաջրությունը  բացասաբար անդրադարձան բանջար–բոստանային մշակաբույսերի, հացահատիկի, առվույտի, բազմամյա տնկարկների բերքատվության վրա: Դալարիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարգար Հայրապետյանի խոսքով՝ գյուղատնտեսական մթերքների արտադրությունը կիսով չափ նվազել է․

«Բերքատվության շատ վատ ցուցանիշներ են՝ սկսած հացահատիկից մինչև բանջար-բոստան: Բանջարեղենի միջին բերքատվությունը 30-40 տոկոսով անցած տարվանից ավելի քիչ էր: Անցած տարի հացահատիկի միջին բերքատվությունը 4-5 տոննա էր, այս տարի՝ հազիվ 2 տոննա: Պտուղն էլ էր ցածր, ահավոր շոգ էր, ծիրանը ծառի վրա խաշվեց, մարդիկ չհասցրեցին նորմալ բերքահավաք անել»:

Դալարիկում գյուղատնտեսությունը տուժել է նաև կարկուտից: Ոռոգման ջուրը մատակարարվել է ժամանակացույցով՝ 3-4 օրը մեկ։ Թեպետ համայնքապետարանի  աշխատակազմի քարտուղարն ասում է, որ այդ կերպ կարողացել են փրկել բույսերը, բայց գյուղացիները պնդում են, որ ջուրը քիչ էր, ու բույսին չի հասել.

«Եթե ձմերուկը պետք է ջրենք 5 օրը մեկ անգամ, ապա օրեր են եղել, որ  8-9 օր հետո էր ջուրը գալիս, հողն ընդհանուր թրջվում էր, բայց ինչքան որ պետք էր՝ բույսին չէր հասնում: Ծախսն էլ չենք հանել այս տարի»:

«Այս տարի ցորեն չունեցանք, կարկտահարվեց՝ քիչ քաղեցինք,  ձմերուկն էլ մնաց կարկուտի տակ, բայց ջրի պատճառով շատ տուժեցինք: Համատարած ջրի վիճակը վատ էր, ուշ-ուշ տվեցին՝ ձմերուկը մանր եղավ, խոշոր ձմերուկ չունեցանք»:

Ոռոգման ջուրը սակավ էր, ջրի գնից բողոքողները՝ շատ: Վազգեն Հակոբյանը 6 հա հողից այս տարի միայն 1 հա-ն էր մշակել՝ առվույտ էր ցանել: Դժգոհում է ինքնահոս ջրի բարձր գնից, 1 հա առվույտի ոռոգման գինը  25000 դրամ է: Ջրի բարձր սակագնով պայմանավորված՝ մնացած 5 հեկտարն արդեն 5-6 տարի չի մշակում, 20 գլխից ավելի խոշոր եղջերավոր անասուններից թողել է միայն մի գլուխ կթու կով.

«8 հատ կով ունեի, մի 15 հատ՝ ցուլիկ,  խոտի պատճառով վերացրեցի: Ախուրյան լճի ջուրը ինքնահոս գալիս է, ոչ նասոս է աշխատում, ոչ մի բան, 1 հեկտար առվույտին 25 հազար դրամ փող են ուզում: Չեմ մուծելու, որովհետև խոտ չեմ քաղել: Եթե մի հեկտարից պետք է վերցնեի 300 կամ ամենաքիչը՝ 250 տուկ խոտ, վերցրել եմ 50-60   տուկ: Ջրի պատճառով եմ քիչ ստացել, ջուրը 3 օր չեն տվել, մի օր են տվել՝  կիսատ-պռատ»:

Անասուն պահելն էլ է դժվարացել, անասնակերը թանկ է, կաթն՝ էժան.

«Անասուն ունեինք, վերացրինք: Խոտը դարձել է 1 տուկը՝ 1800 դրամ՝ լավագույն դեպքում: Կաթն էլ դարձել է 1 լ՝ 130 դրամ, լավագույն դեպքում՝ 140 դրամ, իսկ սեզոնին՝ 110 դրամով են ընդունում: Ի՞նչ անասուն պահել, ի՞նչ բան…»

Գյուղացիների մի մասը հող չի մշակում, պատճառը դարձյալ ջուրն է: Նախկինում իրենց սեփական հողերը ոռոգելի են եղել, մշակել են:  Գյուղացիների խոսքով՝ այդ  հողերը «100 հեկտար» կոչվող տարածքում են, որն արդեն երկար տարիներ ամայացել է.

«Հողեր չունենք, մի փոքր ունեցել ենք, ջրի պատճառով գցել ենք, չենք օգտագործում: Մեր հողերը գյուղի դաշտերում են, չենք մշակում, բայց հողի հարկը պարտադիր վճարում ենք, տարեկան՝ 10000, թե 12000 դրամ: Չենք մշակում, որովհետև ծախսը չի հանում, եթե ցորեն պետք է ցանենք, այդքան ծախսենք ու եկամուտ չստանանք՝ ի՞նչ անենք»:

Գյուղում են ապրում, բայց հող չեն մշակում, անասուն չեն պահում։ Հող ունենալն արդեն ձեռնտու չէ՝ գյուղացիներն աշխատում են շինարարությունում, հարակից արտադրական ձեռնարկություններում կամ   խոշոր հողատերերի մոտ: Զրուցեցի  հողատիրոջ մոտից վերադարձող մի գյուղացու հետ, պատմեց, որ սեփական հողը մշակել են 20 տարի առաջ, բերքատու այգի է եղել.

«Ունեցել ենք խնձոր, դամբուլ, խաղող, հետո թողել ենք, մնացել է ամայի: Հնարավորություն չունեինք մշակելու, ջրի խնդիր կար: Հիմա էլ չենք մշակում, Դալարիկի դաշտերում է մեր հողը, 100 հա՝ այդպես են ասում: Ես, արդեն 6 տարի, ուրիշ տեղ եմ աշխատում, այգիներ են՝ կեռասի, խնձորի, խաղողի: Հիմա կաթիլային եղանակով վազերն ու ծառերն ենք ջրում: Այգիները  Շենիկ գյուղում են, «Սպայկա» ընկերությանն է»:

Զրուցակցիս 23-ամյա որդին մեկնել է Ռուսաստան, արտագնա աշխատանքի։ Համայնքից խոպան գնացողներ շատ կան, գյուղում նրանց ուղարկած այդ փողերով են ապրում.

«Տղես Յակուտիայում է, խոպան է գնացել, փող է ուղարկում»:

 «Ջահելների 95 տոկոսը խոպանում է, մարդ չկա այստեղ, միայն բիձեքն են»։

Գյուղի խանութներում պարտքերը չեն պակասում: Տիկին Արմանուշը պարտքատետրում հերթական գրառումն էր անում, դժգոհ է.

«Պարտք են անում ու տարիների ընթացքում հազիվ են վերադարձնում։ Անասուն են ծախում, կամ բանջարեղեն են դրել դաշտերը, ծախում են, տալիս: Ով աշխատում է՝ կարողանում է տալ, ով էլ չէ՝ չէ: Քիչ առաջ  հավի բուդ տարան՝ 1800 դրամ պարտք գրեցի: Այսօրվա պարտքը դա էր ու մի քանի մանր-մունր բան, հիմնականում՝ սնունդ»:

Տիկին Արմանուշն էլ Ռուսաստանում օգնող ունի՝ երեխաներն են։ Նա, ըստ էության, խանութպան է, բայց եթե գյուղն աղքատ է, խանութպանն էլ իր ապրուստից գոհ լինել չի կարող։ Հատկապես որ, գյուղում էլի խանութներ կան, խանութներում էլ՝ օրեցօր երկարող պարտքացուցակներ։

Back to top button