ԿարևորՀասարակություն

Արոտավայրի փոխարեն՝ «Թող լինի այգի»․ Սևանի երիտասարդները վերականգնում են քաղաքային զբոսայգին

Սևանի քաղաքային զբոսայգու 17 հեկտար զբաղեցնող տարածքը հեռու է զբոսայգի կոչվելուց․ երբեմնի այգուց շատ բան չի մնացել, թեպետ 32 տարի առաջ պատկերը բոլորովին այլ էր․ «Այստեղ կարուսելներ կային, նույնիսկ ես խաղացել եմ այստեղ, «Սատանայի անիվ» կար, ավտոդրոմներ, հեծանվուղի և անգամ հայելիների սենյակ ունեինք»,-ասում է Սևան քաղաքի բնակիչ Գոհար Մնացականյանը։

Գոհարը հիշում է ՝ 1989-ի մայիսի 9-ին, երբ բացվեց քաղաքային զբոսայգին,  այն ծառաշատ էր, մարդաշատ, ջրային կասկադներով ու ատրակցիոններով։ Համայնքի երիտասարդներն ուզում են, որ ապագայում այգին ավելի լավը լինի, քան եղել է  երեք տասնամյակ առաջ։

Այգուն նոր կյանք տալու փորձերը սկսվել են դեռ 2019-ին, երբ դրա կենտրոնական հատվածում կառուցվեց բեմ՝ Sevan International Music Festival-ներն այգի տեղափոխելու նպատակով։ Բեմը, սակայն, երաժիշտներին հասցրեց հյուրընկալել ընդամենը մեկ անգամ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, երբ համերգն ընդհատվեց եղանակային վատ պայմանների պատճառով՝ հաջորդ օրը շարունակելու պայմանով, իսկ հաջորդ օրը պիտի սկսվեր չարաբաստիկ պատերազմը։

Մեկ տարի անց Սևան համայնքի երիտասարդները համախմբվել են «Թող լինի այգի» ծրագրի շուրջ։ Գոհարը ծրագրի ղեկավարն է, պատմում է՝ նախաձեռնությունը  «Սևան» երիտասարդական ակումբինն է։  

«Մեծ ֆորում իրականացրինք, հարցումներ, հանդիպումներ՝ հասկանալու համար, թե քաղաքի բնակիչները  ինչպես են պատկերացնում այգին։  Հասկացանք, որ ամենաշատը ժամանցային գոտու կարիք կա, ծառերի հատված պիտի լինի, նստարաններ, հեծանվուղի, սպորտային հատված և, իհարկե, մեր Սևանի փառատոնը իրականացնելու հատվածը անպայման»,-ասում է Գոհար Մնացականյանը։

Զբոսայգին Սևան քաղաքը լճին կապող օղակ է։ Քաղաքն է, զբոսայգին, մայրուղին, որը, վերնանցումով մի քանի րոպեում հատելով, կարելի է հասնել լճի ափ՝ ասում է «Թող լինի այգի» ծրագրի մարքեթինգի մասնագետ Մերի Սեդրակյանը։ Նրա խոսքով՝ այգու մի հատվածը արդեն հոկտեմբերի վերջին բարեկարգված կլինի։ Խոսքը այգու կենտրոնի , բեմի շրջակայքի մասին է։

«Նախատեսում ենք լուսավորություն անցկացնել, նստարաններ տեղադրել, սա կլինի առաջին կղզյակը, որն ունենալուց հետո նոր գործընկերներ ձեռք բերելու հնարավորություններ կստեղծվեն։ Կարծում եմ՝ ներդրումներ կունենանք»,-ասում է Մերի Սեդրակյանը։

Այգին բարեկարգելու հարցում համայնքի երիտասարդները քննարկումներ են ունեցել քաղաքային իշխանությունների հետ, ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության միջոցներով։

Այգու բարեկարգումը սկսված է․ շաբաթօրյակ արել են, հոկտեմբերի 24-ին ծառատունկ կիրականացնեն, իսկ հոկտեմբերի վերջին  այգու փոքրիկ հատվածն արդեն հասանելի կդառնա քաղաքի բնակիչներին։ Մերի Սեդրակյանի խոսքով՝ ոչ միայն այգին է պետք բարեկարգել, այլ նաև պետք է փոխել համայնքի բնակիչների գիտակցությունը, որ ավելի խնամքով վերաբերվեն այգուն և հասկանան, որ այն իրենց համար է։ Մի քանի տասնամյակ է, ինչ քաղաքային զբոսայգին վերածվել է արոտավայրի՝ ասում է զրուցակիցս․

«Այգուց արոտավայրի է վերածվել այս տարածքը, բայց այն համայնքային տարածք է և չի կարող արոտավայր լինել։ Հովվի հետ զրուցել ենք իհարկե, բայց էստեղ խնդիրը հովվի մեջ չէ, առհասարակ գիտակցություն պիտի փոխվի և օրենքի ուժով պիտի հասնենք նրան, որ այգին վերադարձվի մարդկանց»,-ասում է Մերի Սեդրակյանը։

Սևանցիները սպասում են այգու վերաբացմանը։

Back to top button