ԿարևորՀասարակություն

44-օրյա պատերազմ, գերիների վերադարձ․ վիրահայերը համարժեք ընտրություն են կատարել

44-օրյա պատերազմն ազդեցություն է ունեցել վրաստանյան ՏԻՄ ընտրությունների վրա․ իշխող «Վրացական երազանքը» համոզիչ հաղթանակ է տարել հայաբնակ Սամցխե Ջավախեթիից։ Այստեղ երկու հայազգի քաղաքապետ է ընտրվել, երկրորդ փուլ շրջանում չի նախատեսվում։ 

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից առաջ 8-ամյա արտագաղթից հետո վերադառնալով հայրենիք, կարողացավ իրարանցում մտցնել ներքաղաքական կյանքում՝ իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժման» օգտին բավականաչափ ձայներ ապահովելով երկրի ողջ տարածքում։ Ընդդիմադիր այս կուսակցությունից թեև հեռացել են ազդեցիկ գործիչները, այդուհանդերձ այն շարունակում է մնալ երկրորդ ուժը։

Երկրի 20 քաղաքներում, այդ թվում և մայրաքաղաքում հոկտեմբերի 30-ին երկրորդ փուլ է տեղի ունենալու։

Պարզ է արդեն, որ Թբիլիսիի սակրեբուլոյում (ավագանի) այս անգամ ևս հայազգի անդամներ չեն լինի։ Տարիներ շարունակ այստեղ որևէ կուսակցության անցողիկ ցուցակներում նրանք տեղ չեն գտնում․ «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը դրանում մի քանի պատճառ է տեսնում․    

«Առաջինը թերևս այն է, որ կուսակցությունները պատրաստ չեն համայնքային ուղղությամբ աշխատել։ Բացի այդ համայնքն իրենից էլկտորային ուժ չի ներկայացնում։ Մեծ մրցակցություն է տեղի ունենում, հաղթում են ամենաակտիվ ու ազդեցիկ թեկնածուները, որոնց թվում թբիլիսահայեր չկան»։

Պատկերն այլ է ավելի քան 90 տոկոս ազգությամբ հայերով բնակեցված շրջանում՝ Սամցխե-Ջավախեթիում։ Այստեղ Նինոծմինդայի և Ախալքալաքի քաղաքապետերը ազգությամբ հայ են՝ իշխող «Վրացական երազանքից»։ Ստեփանյանի կարծիքով Սաակաշվիլիի կուսակցությունը 44-օրյա պատերազմից հետո այստեղ այլևս անհաղթահարելի մրցակից չէ։  

Ի դեպ, արցախյան պատերազմի օրերին, Սաակաշվիլին, բացահայտ սատարում էր Ադրբեջանին՝ նշելով, թե «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխան տարածք և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը»։

Այս հայտարարությունից հետո, որ արվել է 2020-ի Խորհրդարանական ընտրություններից առաջ, այսօր ևս, հայաշատ շրջանում ազգի դավաճանություն են համարում Սաակաշվիլիի՝ «Միացյալ ազգային շարժման» օգտին քվեարկելը:

Ախալքալաքում Մելքոն Մակարյանը բացարձակ առաջատարն է, համաձայն է՝ նման բան կա «Կարծում եմ անցյալ տարվա ընտրություններում այդ հանգամանքն ավելի մեծ տեղ ունեցավ, քան այս տարի, բայց պետք է հակառակն ասեմ՝ Վրաստանի վարչապետի մասնակցությամբ 15 հայ գերիների վերադարձը մեծ ռեզոնանս էր առաջացրել մեր շրջանում։ Քարոզարշավի ընթացքում բնակիչներն ասում էին՝ իրենց պարտքն են համարում Ղարաիբաշվիլիի մարդասիրական քայլին ի պատասխան ընտրել»։  

Մակարյանը կարծում է հայ-վրացական հարաբերություններն այս իշխանությունների օրոք ավելի են բարելավվել, կայուն են, իսկը հայաշատ շրջանը՝ Ջավախեթին, ըստ նրա, հայ-վրացական հարաբերությունների յուրօրինակ կամուրջն է։

Back to top button