Մտքի ուժը

Գազի հոսք չափելու սարք․ հայկական նորարարությունը կարող են կիրառել բժիշկները․ «Մտքի ուժը»

«Առաջադրել խնդիր ու գտնել լուծումներ»․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կամ ինչպես հայտնի է՝ ֆիզիկայի ինստիտուտի 56 մանսաշենքում գտնվող արագացուցչային դիագնոստիկայի խմբի ղեկավար Սուրեն Հարությունյանն այսպես է պատասխանում հարցին՝ հետաքրքիր է արդյո՞ք ֆիզիկոսի մասնագիտությունը։ Ու հենց այդպես էլ տարիներ առաջ խնդիր դրեցին ու որոշեցին գազի հոսք չափելու սարք ստեղծել, նույն սարքը հնարավոր է կիրառել նաև բժշկության մեջ՝ փորձելով պարզել, թե ի՞նչ վիճակում է գտնվում թոքերի աշխատանքը։

Սարքը սպիրոմետրն է։ Սուրեն Հարությունյանն ասում է, որ գտել են գազի հոսքը չափելու նոր սկզբունք, այն ունի գործող սարքերի նկատմամբ առավելություններ․ չափման արագությունն ու ճշգրտությունն է հայ գիտնականների ստեղծած սարքին առավելություն տվել։ Սպիրոմետրը հատկապես համավարակի այս օրերին շատ կօգնի բժիշկներին։ Ընդամենը մի քանի վայրկյան կարելի է շնչել սարքի մեջ ու համակարգչի էկրանի վրա, կորերի միջոցով կարելի է հասկանալ՝ թոքերում ախտածին խնդիրներ կա՞ն, թե՞ ոչ։

Գիտնականն ասում է, որ եթե սարքը շատ փոքր տեսք ունենա (այժմ ապրանքային տեսքի են բերում), ապա հնարավոր է, որ այն լինի յուրաքանչյուրի ընտանիքում։ Կորոնավիրուսի պատճառով է, որ արդեն 1․5 տարի է, ինչ մուտքը դեպի Ֆիզիկայի ինստիտուտ համավարակի դեմ պայքարի կանոններին համապատասխան է՝ ջերմաչափում, ձեռքերի ախտահանում։ Տարածքն այնքան մեծ է, որ մուտքից մինչև լաբորատորիաներ կամ պետք է մոտ կես ժամ քայլես, կամ՝ մեքենայով անցնես։ Մեքենայում էլ պարզեցինք, որ Սուրեն Հարությունյանն այս ինտիտուտում է աշխատում 1970-ականներից, մոտ 40 տարի նրա աշխատանքի հասցեն անփոփոխ է, անգիր գիտի լաբորատորիայի սենյակներում գտնվող սարքերը, լարերը։

Զրույցի ողջ ընթացքին աչալրջորեն հետևում էր Էլիանորա Լազարևան, նա այս կենտրոնում է աշխատում վեց տարի, սակայն, անգիր գիտի ամեն ինչ, մասնագիտորեն պատմում է, թե ինչպես է հնարավոր, այսպես ասենք, ֆիզիկայի ու բժշկության համագործակցությունը։

Նման սարքեր աշխարհում կան՝ դեռ 16-րդ դարից, բայց հայ գիտնականների ստեղծած սարքերը՝ ունեն առավելությունններ ։ Ունեն լայն կիրառություն, կարելի է կիրառել արտադրության, բժշկության մեջ։

«Սպիրոմետր»-ի ստեղծման ճանապարհին խնդիրները շատ են։ Մինչ մենք զրուցում էինք, սարքի էլեկտրոնիկայի կափարիչը տպվում էր երկրորդ հարկի սենյակներից մեկում։ Տեղում էլ պարզվեց, որ խնդիրներ կան։

«Ցավոք այստեղ խնդիր եմ տեսնում ։ Աշխատանքը 3D պրինտերով ենք անում, տեսեք, անկյունը բարձրացել է, սա չի աշխատի, ուստի պետք է գտնենք պատճառը։ Կան մանրուքներ, որ դեռ չգիտենք, պետք է համացանցից օգտվենք՝ հասկանալու համար, թե ի՞նչ է եղել»,-ասում է Սուրեն Հարությունյանը։

Վեց հոգուց կազմված գիտական խմբում տարբեր մասնագետներ կան։ Գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհի շրջանակում են 24 մլն դրամ ստացել։ Այստեղ կարևոր նախապայմաններ կան՝ նախ առաջարկը պետք է կիրառելի լինի, ապա նախագծին ունենա համաֆինասավորող։

Գիտնական Հարությունյանը դժվարանում է ասել՝ արդյո՞ք բավարար են գիտությանն ուղղվող գումարները, թե ոչ։ Նա կարծում է, որ խնդիրը ոչ թե գումարի չափի, այլ հատկացման ձևի մեջ է։

Այժմ ֆինանսավորման համար կարևոր է որևէ գիտական ամսագրում տպգրված հոդվածներ ունենալը, այստեղ է, որ գիտնականն անհանգստություն ունի։ Ընդգծում է․ «Երբ որ ես գիտական ամսագրում տպագրվում եմ, հրաժարվում եմ սեփականության իրավունքից, դա դառնում է իրենցը։ Մենք ամբողջ հեղինակային իրավունքը կորցնում ենք։ Ստացվում է, որ մենք աշխատում ենք, որից կամավոր հրաժարվում ենք։ Սա սխալ է»։

Գիտության առաջ կիրառական խնդիր պետք է պետությունը դնի՝ ասում է Սուրեն Հարությունյանը։ Նկատում է՝ այժմ գիտնականներն են նախագծեր ստեղծում, փնտրում ու ֆինանսավորման միջոցներ գտնում։ Այս դեպքում արդեն գիտությունից դեպի տնտեսություն ու ռազմավարության մշակում անցումն ավելի հեշտ կլինի։

Back to top button