ԿարևորՀասարակություն

Հղիության լուրը՝ որդու զոհվելու օրը․ պատերազմում որդի կորցրած մայրերի կյանքի նոր բանաձեւը՝ մայրանալ

Պատերազմում որդի կորցրած 150 մայր իր կյանքում բեկում մտցնելու նոր հնարավորություն է համարում առողջապահության նախարարության նախաձեռնությունը։ Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու շահառուների ցանկն այս տարի ընդլայնվեց։  Դրանից օգտվելու հնարավորություն տրվեց նաև արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում որդի կորցրած  և նորից մայրանալու ցանկություն ունեցող մայրերին։  Թիվը մեծանալու միտում ունի՝ « Ռադիոլուրին» ասել են առողջապահության նախարարությունից։

Արդեն 5 շաբաթ է՝ Հասմիկի կյանքում հույսի նոր շող կա։ 41–ամյա Հասմիկ Ֆարյանը սպասում է իր երկրորդ բալիկին։ Միակ զավակին՝ Սամվել Մարուքյանին 44–օրյա պատերազմում կորցնելուց հետո նորից մայրանալը Հասմիկի  ապրելու միակ բանաձևն է։ Որդուն քույր կամ եղբայր նվիրել միշտ է ցանկացել, բայց չի ստացվել՝ ասում է։ Բուժվելուց հետո նորից լսել է երեխայի սրտի բաբախը, իհարկե, դեռ բժշկի մոնիտորի էկրանից։

«Աստված ինձ հրաշք է տվել իր զոհվելու օրը ես արդեն 5 շաբաթական հղի եմ։ Իմ Սամվելը ոնց որ իմ մեջ լինի։ Ուրախությունս ու տխրությունս խառնվեց, մի ուրիշ զգացողություն է»։

Սեռն իմանալ չեն ուզում, հիմա դա կարեւոր չէ՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը․ կամ Սամվելը նորից կծնվի, կամ էլ իր երազանքը կկատարվի՝ քույր կունենա։

«Սամվելիցս շատ իրեր եմ պահել, որ եղբորը կամ քրոջը պետք է տամ։ Սամվելս մի ուրիշ երեխա էր։ Կյանքն այնքան էր սիրում»։

Սամվելը հետախույզ էր, ծառայում էր Ջաբրայիլում արդեն1.5 տարի, երբ սկսվեց պատերազմը։ Ապրիլյան պատերազմից հետո հետը խոսել չէր լինում՝ պատմում է մայրը։ Հենց այդ ժամանակ էլ որոշել է՝ արտերկրից պետք է գալ Հայաստան ու ծառայել։ Թողել է ուսումն ու վերադարձել։

«Ապրիլյանից հետո շատ հուզվեց, ասեց ՝ ես էլ պետք է գնամ իմ պարտքը կատարեմ։ Այդ տղաներից ոչ մեկից լավը չեմ»։

Մոր հետ վերջին զրույցը սեպտեմբերի 26–ին էր։ «Ամեն ինչ լավ է»՝ դիրք բարձրացող որդին հանգստացրել էր մորը, փորձել փարատել անհանգստությունները։

«Ինձ ասեց՝ մամ ջան, ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է, չանհանգստանաք։ Խոստանում եմ քեզ, որ երկու օրը մեկ չզանգեմ, երրորդ օրն անպայման կզանգեմ։ Հետո 27–ի առավոտյան  իմացանք, որ պատերազմ է սկսվել։ Իր հետ ոչ մի կապ չենք ունեցել»։

Որդու լռությունը հուշեց զոհվելու մասին։ Մայրը հաջորդ օրը ցուցակներում տեսավ Սամվելի անունը։  

«Այսօր Սամվելիս մի տարին է լրանում, հյուրեր ունենք»։

Կառավարությունն այս տարի ընդլայնեց վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով երեխա ունենալու ծրագրի շահառուների ցանկը։ Ընդգրկվեցին նաև արցախյան երկրորդ պատերազմում որդի կորցրած մայրերը։ Վերջին 7 ամսում   արդեն 150 մայր է դիմել ծրագրից օգտվելու համար։ 11-ն արդեն սպասում է բալիկի՝  «Ռադիոլուրին» ասում է Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը։

«Թիվն անընդհատ փոփոխվում է։ Դիմողները շատանում են։ Կարծում եմ՝ արդեն նվաճում է, արդեն արդյունք է, արդեն 11 ընտանիք հույսով լի սպասում է  բալիկի լույս աշխարհ գալուն»։  

Նախարարությունում նախատեսում են առաջիկայում առանձին կոնսիլիում հրավիրել՝ քննարկելու նոր մոտեցումներ այն մայրերի համար, որոնք դիմում են ծրագրին, սակայն առողջական որոշ խնդիրներ թույլ չեն տալիս կամ տարիքը խանգարում է։

Երեխան սպեղանի է՝ ասում է մայրանալ պատրաստվող Հասմիկը՝ երկրին զավակ տված մայրը ու խոստանում նախ ինքն իրեն՝ նվիրել մանկան ճիչ հայրենիքին ու իր ընտանիքին, որքան ուժ կունենա։

Back to top button