ԿարևորՀասարակություն

ՀԱՊԿ զորավարժությունները կամրացնեն տաջիկա-աֆղանական սահմանը․ ռազմական փորձագետ

Իշխանությունն Աֆղանստանում ամբողջությամբ վերցնելուց հետո թալիբների վերահսկողության տակ է երկրի  Զինված ուժերի ողջ համակարգը։ 7 բանակային կորպուս, 14 բրիգադ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ և 200 հազար զինված զինծառայողներ առանց պայքարի հանձնվել են 50-60 հազարանոց «Թալիբան» շարժման ջոկատներին։  Ըստ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի՝ թալիբները ոչ թե վերցրել են իշխանությունը, այլ նրանց այն  հանձնվել է։ Այնքան արագ, որ Միացյալ Նահանգներն անգամ չհասցրեց իր զինտեխնիկան դուրս բերել։ Սա, ըստ ռազմական փորձագետի, նշանակում է, որ Միացյալ Նահանգների թողած տեխնիկան վաղ թե ուշ սկսելու է կրակել․

«ՀԱՊԿ  ղեկավարությունը հրաշալի հասկանում է, որ Աֆղանստանից դուրս է եկել Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի անդամ երկրների միայն Զինված ուժերի անձնակազմը, ամբողջ տեխնիկան մնացել է։ Դա նշանակում է, որ այդ տեխնիկան վաղ, թե ուշ  որոշ  ուղություններով  սկսելու է աշխատել։ Այդ ուղղություններից մեկը տաջիկա-աֆղանական սահմանն է։ ՀԱՊԿ զորավարժությունների բուն նպատակը այդ վտանգին դիմագրավելը,  պատրաստվելն է, եթե Աֆղանստանը հարձակվի Տաջիկստանի վրա»,- ասում է Հայկ Նահապետյանը։

Երկրորդ ուղղությունը,  որով հնարավոր է կրակի թալիբների ձեռքում հայտնված ամերիկյան զինտեխնիկան, Իրանն է։ Ըստ փորձագետի՝ Միացյալ Նահանգները հանձնեց իշխանությունը թալիբներին նաև Իրանը թուլացնելու նպատակով։ Փորձագետը հիշեցնում է, որ «Թալիբանը» ստեղծվել է Պակիստանի հատուկ ծառայությունների կողմից։ Այդ պետությունը Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակից երկրներից է և մինչ օրս չի ճանաչել Հայաստանի անկախությունը։ Ըստ որոշ աղբյուրների՝ 44-օրյա պատերազմին նաև պակիստանիցի զինվորականներ են ներգրավված եղել։ Ռազմական փորձագետը հիշեցնում է , որ Ադրբեջանի ԶՈՒ լեռնահրաձգային հատուկ նշանակության ստորաբաժանումները Պակիստանի տարածքում վարժանքներ են անցկացրել։ Այս համատեքստում ռազմական փորձագետը Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ զորավարժություններին տեղին է համարում։

«Այս զորավարժությունները, ակնհայտ է, որ խնդիր ունեն Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանը ամրացնել, որովհետև խոստումը մնում է խոստում․ ենթադրենք՝ թալիբները խոստացել են, որ որևէ հարևան  երկրի նկատմամբ ոտնձգություն չեն անի։  Դա, կարծում եմ, իրականության հետ որևէ աղերս չի ունենա» ,- նշում է Նահապետյանը։

Թե ինչ բնույթ են ունենալու առաջիկա ամիսներին սպասվող զորավարժությունները, ինչ ստորաբաժանումներ են մասնակցելու և ինչ մասշտաբներ են ընդգրկելու,  դեռևս հայտնի չէ․ զորավարժությունները նախապատրաստական փուլում են։ Ըստ Հայկ Նահապետյանի՝ շատ բան կախված է հանգամանքից, թե ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքական իշխանություններն ինչպես կգնահատեն իշխանության եկած արմատականների հնարավոր սպառնալիքներն ու մարտահրավերները։ Փորձագետի խոսքով՝ երբեմն զորավարժությունների պատրվակով պետությունները զորքերի տեղաշարժ են իրականացնում, տեխնիկա են բերում, իսկ հետ են տանում միայն մակետները։

«Զորավարժությունների ավարտից հետո զինտեխնիկայի և անձնակազմի մի մասը ( դա ընդունված կարգ է, որի մասին չեն հայտարարում) սովորաբար մնում է այդ տարածքներում․ այնպես, ինչպես թուրք-ադրբեջանական բազում զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զինտեխնիկան և հրահանգիչները մնում էին Ադրբեջանի տարածքներում, հետ չէին գնում»,- ասում է Նահապետյանը։

Եթե ՀԱՊԿ ղեկավարությունը և զորավարժությունները անցկացնող հրամատարական կազմը սպառնալիքը մեծ գնահատեն, ապա, ըստ ռազմական փորձագետի, չի բացառվում որոշակի զինտեխնիկայի և անձնակազմի տեղակայումը տաջիկա-աֆղանական սահմանին՝ մինչև տարածաշրջանում իրավիճակի կայունացումը։

Back to top button