Էվոլյուցիա

Աշխարհի թռչող և Հայաստանի երթուղային տաքսիները. 2050-թ.-ի տրանսպորտը․ «Էվոլյուցիա»

Մինչև աշխարհի զարգացած երկրներում փոխվում է տրանսպորտային համակարգը՝ փորձարկելով թռչող տաքսիներ, Հայաստանում մարդը շարունակում է կանգառում սպասել երթուղային տաքսիներին։

Քաղաքի խցանումները խնդիր են առավոտյան աշխատանքի կամ դասի շտապող քաղաքացիների համար, դրանք ապագայում, սակայն, կարող են չլինել, երբ լինեն թռչող տաքսիները և դրվեն զանգվածային կիրառության մեջ, ասում է Ֆիզիկոս Լիլիթ Եգանյանը։ Ժամանակակից տրանսպորտային միջոցների գլխավոր նպատակը՝ տվյալ ճանապարհն արագ և անվտանգ անցնելն է։ Մինչդեռ Չարբախից Ավան տանող երթուղայինը ճանապարհն անցնում է 1 ժամում, այսօր արդեն ԱՄՆ-ում հնարավոր է ընդամենը 6 ժամում անցնելիք ճանապարհն անցնել 20 րոպեում, ասում է ֆիզիկոսը։

Տրանսպորտային նոր համակարգերի ներդրումը շատ դեպքերում ենթադրում է ճանապարհաշինարարություն, օրինակ՝ նմանատիպ վերգետնյա խողովակաշարերի կառուցում և այլն։

Հայաստանում պետք է հաշվի առնել արդյո՞ք դրա տնտեսական ներուժն ու նպատակը կա, ասում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհներ և կամուրջներ ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանը։ Երբ մետրոն առաջին անգամ գործարկվեց՝ 1863 թվականն էր, երբ այն սկսեց աշխատել Երևանում՝ 1981 թվականն էր, այսինքն տրանսպորտային նորագույն փոխադրամիջոցի ստեղծումից միայն 118 տարի անց այն հասավ Հայաստան։ ՃՇՀԱՀ  Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու Վալերիկ Հարությունյանի կարծիքով՝ մետրոյի կայարանները կառուցվեցին ոչ այնքան նպատակահարմար տեղերում։

Ըստ մասնագետների կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը աշխարհի զարգացած երկրներում թռչող տաքսիները կսկսեն կիրառվել զանգվածաբար, երթևեկության կառավարումը կիրականացվի արբանյակների օգնությամբ, մեքենաները կաշխատեն արևի, քամու էներգիայով կամ կենսաջրածնով, տրանսպորտային հիմնական միջոցները կաշխատեն արհեստական բանականությամբ։

Իսկ ի՞նչ կլինի Հայաստանում, կհրաժարվե՞ն հայերը էժան գազով աշխատող մեքենաներից, թռչող տաքսիները մուտք կգործե՞ն Հայաստան, թե՞ մետրոյի օրինակով կհայտնվեն մեր երկիր կրկին մեկ դար անց։ Մասնագետները դժվարանում են պատասխանել։ Եթե տնտեսական հնարավորություններ և անհրաժեշտություն լինի, տրանսպորտային ոլորտը կառավարելու արդյունավետ համակարգ գործի գուցե և հետ չմնանք 2050-ի աշխարհից։

Back to top button