Էվոլյուցիա

Ապագայի հարևանները տիեզերքում են. այլմոլորակայինների գալուստը. «Էվոլյուցիա»

«Տիեզերքում մենք մենակ չենք»,այս վարկածը շրջանառվում է շատ վաղուց, այն ժամանակներից, երբ դեռ մարդու համար սովորական ֆիզիկական երևույթները թվում էին վերերկրային։ Ժամանակի ընթացքում այն գաղափարը, որ Երկրից բացի կան նաև այլ մոլորակներ, որտեղ կյանք կա, վերածվեց հետազոտության մի ճյուղի, որն անվանվում է ուֆոլոգիա` Unidentified Flying Object «UFO, հայերեն ՉԹՕ հապավումից ծնվելով։ Այսօր աշխարհում մի շարք ուֆոլոգներ և աստղագետներ կան, որոնք զբաղվում են տիեզերքում այլ քաղաքակրթությունների որոնումներով։

1960-ական թվականներից տիեզերքում սկսվեցին ռադիոլսումներ, որոնք շարունակվում են մինչ օրս։ Այդպիսի ռադիոլսումներն որևէ արդյունք մինչ օրս չեն տվել։ Աստղագետ Արեգ Միքայելյանի խոսքով` սա դեռ չի նշանակում, որ տիեզերքում ոչ ոք չկա, որպեսզի արձագանքի մեզ։ Ռադիոալիքի երկարությունը միգուցե բավարար չէ և առհասարակ ամենայն հավանականությամբ այլ քաղաքակրթություններ կան ոչ թե Երկիր մոլորակից, այլ Արգեակնային համակարգից դուրս․

«Ռադիոհետազոտություններն արդյունք չտվեցին և գիտնականները հասկացան, որ արտերկրային քաղաքակրթությունները այլ տեղում պետք է փնտրեն, այն ժամանակ մտածում էին, որ Մարսի վրա կարող են լինել նրանք։ Գիտությանը պարզ դարձավ, որ նմանատիպ քաղաքակրթություններ պետք է փնտրել Արեգակնային համակարգից դուրս։ Թեպետ մեր Արեգակնային համակարգի մոլորակներում չի բացառվում, որ կարող են որոշ կենդանի միկրոօրգանիզմներ հայտնաբերվել, որովհետև նրանց գոյությունը լիովին կարող է հնարավոր լինել, պայմանները կան, դա ապացուցված է»,-ասում է Արեգ Միքայելյանը։

Այլմոլորակայինների գոյությունը տիեզերքում չի բացառում նաև ֆիզիկոս զրուցակիցս՝ Լիլիթ Եգանյանը, սակայն գիտական տեսանկյունից որևէ ապացույց դեռևս չկա․

«Գիտական բացատրություններ չկան, ուսումնասիրություններ արվել են, բայց արդյունք դեռևս չկա։ Մարդիկ դեռևս հեթանոսական շրջանից են մտածել այլ քաղաքակրթությունների մասին։ Հին ժամանակներում յուրաքանչյուր փոքրիկ աստերոիդի անկում ստիպել է մարդկանց այս մասին մտածել։ Հիմա գիտնականները ձգտում են գալակտիկայից դուրս ուսումնասիրություններ սկսել և այնտեղ փնտրել այլ քաղաքակրթությունների, բայց դա էլ դեռ անհնար է»,-ասում է Լիլիթ Եգանյանը։

Պատմությունները, որ մարդիկ տեսել են այլմոլորակայինների կամ, այսպես ասած, թռչող սարքերի, հազարավոր են։ Ուֆոլոգիան ասում է, որ արտերկրային քաղաքակրթությունների ներկայացուցիչները չունեն մարդկային կերպարանք և տարբերվում են մեզնից։ Այս կարծիքին է նաև աստղագետ զրուցակիցս՝ Արեգ Միքայելյանը․

«Շատերին թվում է, թե այլմոլորակայինները մեզ նման մարդիկ են, այսպես են նկարագրում նրանք, ովքեր իբրև տեսել են, բայց ես կարծում եմ, որ նրանք կան և ամենայն հավանականությամբ լիովին այլ տեսք ունեն, որովհետև տիեզերքը շատ բազմազան է։ Այստեղ մեկ վտանգ կա, չի բացառվում, որ միմյանց հանդիպելու դեպքում նրանք մեզ կարող են վնասել, ի դեպ սա հատուկ տերմինով բնորոշում ունի՝ տիեզերական դիվանագիտություն»,-ասում է աստղագետը։

Այլ կերպ ասած, ապագայում այլմոլորակայինների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կարիք ենք ունենալու, ինչպես դա անել, ուֆոլոգները փորձում են կազմակերպել նախօրոք։ Մեր գալակտիկայից դուրս ուսումնասիրությունները դեռևս անհնար են, բայց աստղագետներին հաջողվել է ստեղծել այնպիսի հեռադիտակներ, որոնք արձանագրում են Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակների ինֆրակարմիր լույսը։ Օպտիկական լույսն անգամ ֆիքսել անհնար է, ասում է աստղագետ Արեգ Միքայելյանը։ Նրա խոսքով՝ գիտնականներին հաջողվել է ֆիքսել 4 հազար մոլորակ, որոնք կան Արեգակնային համակարգից դուրս, թե ինչ կա այդ մոլորակների վրա՝ դեռևս անհայտ է։

Պարզ է միայն, որ նրանցից 30-ը նման են Երկիր մոլորակին։ Հնարավոր է, որ մեր գալակտիկայից դուրս, հենց մեր մոլորակին նման այդ մոլորակների վրա կյանք կա, որոնք բացահայտնելը, ըստ հայտնի ուֆոլոգների, սարերի հետևում չէ։ Օրինակ ռուս հայտնի ուֆոլոգ, «Космопоиск» ընկերության հիմնադիր Վադիմ Չեռնոբրովը 2017 թվականի ապրիլին տված իր հարցազրույցում նշում է, որ 2037 թվականին արդեն հնարավոր կլինի կապ հաստատել տիեզերքում ապրող այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչների հետ․

«Այլմոլորակայինների մոտ ինչ-որ անհնագստություն կա հիմա, որովհետև մարդկությունը փորձում է դուրս գալ Արեգակնային համակարգից դուրս։ Քանի դեռ մենք միայն մեր մոլորակի շուրջ ենք պտտվում, նրանք պարզապես հետևում են։ Բայց մոտ 20 տարուց, կարծում եմ, արդեն հստակ կապ կկարողանանք հաստատել»,-ասել է ուֆոլոգը։

Ամերիկացի գիտնականների տված ժամկետները շատ ավելի զարմանալի են։ Տիեզերական այլ քաղաքակրթությունների ուսումնասիրություններով զբաղվող ամերիկյան SETI Institute-ի հրապարակումների համաձայն, այլմոլորակայինների հետ կապ հաստատել հնարավոր կլինի 2025 թվականին։

Անհավանական է հնչում, բայց ուֆոլոգները վստահեցնում են՝ այստեղ ոչ մի միֆ չկա, անհնար է, որ մենք տիեզերքում միակը լինենք։ Վերջին տարիներին Կարաչայ-Չերքեզական հանրապետության հատուկ աստղադիտարանում տեղադրված ռուսական ռադիոհեռադիտակի ալեհավաքները ֆիքսել էին մի ձայն, որը կարծես տիեզերք ուղարկված ռադիոալիքի պատասխանն է եղել։ Ձայնը եկել է Արևին շատ նման HD 16 45 95 անունը կրող աստղի կողմից, թե հստակ ո՞ր մոլորակից, դեռ պարզ չէ։ Գիտնականները կասկածում են, որ այդ ձայնը արհեստական է արձակվել։

SETI Institute-ի աշխատակիցներ

Արեգակից հետո երկիր մոլորակին հաջորդ ամենամոտ աստղը հեռու է երկիր մոլորակից 270 հզ կմ։ Դեռևս նմանատիպ հեռադիտակներ կամ ռադիոալեհավաքներ չեն ստեղծվել։ Իսկ ուֆոլոգները վստահ են՝ այլոմոլորակայինները շատ ավելի զարգացած են, քան` մենք։ Տիեզերքում այլմոլորակայիններով հետաքրքրված գիտնականներն առաջին անգամ մեծ միջազգային գիտաժողով հրավիրել են մոտ 50 տարի առաջ, ի դեպ, հենց Հայաստանում՝ Բյուրականում։

Սա ֆենոմենալ փաստ է, այլմոլորակայիններով հետաքրքրվող երկրացիներն առաջին անգամ նրանց մասին գիտականորեն խոսել են Բյուրականում, կես կատակ կես լուրջ՝ այլմոլորակայինների երկրային մայրաքաղաքը հենց Բյուրականի աստղադիտարանն է, որտեղ կես դար առաջ բազմաթիվ գիտնականներ և 3 նոբելյան մրցանակակիրներ լծվել են արտերկրային քաղաքակրթությունների ուսումնասիրությունների ու որոնումների գործին։ Ե՞րբ կհանդիպի մարդը այլմոլորակայինին, ու՞մ նախաձեռնությամբ և որտե՞ղ՝ վարկածները տարբեր են, իսկ ի՞նչ կլինի իրականում, հայտնի չէ ոչ ոքի։

Back to top button