Համաշխարհային մի շարք բրենդներ արդեն իսկ ստեղծել են խելացի հագուստներ, մասնագետների կանխատեսմամբ, դրանք շատ մոտ ապագայում կմտնեն զանգվածային կիրառության մեջ։ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս, կարի արտադրանքի գծով ինժեներ-տեխնոլոգ Աստղիկ Սարգսյանն ասում է՝ խելացի հագուստները կհեշտացնեն մարդկության կյանքը։
Խելացի հագուստը կօգնի մի շարք գործողություններ կատարել, օրինակ պարզ բաների համար կարիք չի լինի դիմել մեկ այլ մարդու և անգամ սմարթֆոնի օգնությանը, որովհետև հագուստն այսպես ասած պակաս սմարթ չի լինելու, ասում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի դասախոս, «Մարոնյան» fashion studio-ի տնօրեն, հագուստի մոդելավորող, դիզայներ Հռիփսիմե Մարոնյանը;
Խելացի հագուստները կլինեն բնական նյութերից պատրաստված, Հռիփսիմե Մարոնյանի խոսքով՝ եթե տասնամյակներ առաջ մարդը նախընտրում էր գեղեցկությունը, այսօր նախընտրում է հարմարավետությունը և այս միտումը կշարունակվի նաև ապագայում, մարդը հագուստից կպահանջի և հագուստը ստիպված խելացի կլինի։ Հռիփսիմե Մարոնյանի գնահատմամբ՝ հիմա արդեն տղամարդու և կնոջ հագուստների միջև սահմանագիծ էլ չկա։
Խելացի իրերը մարդը ստեղծում է սեփական կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Փաստորեն անգամ հագուստն է ստիպված լինելու լինել խելացի, որպեսզի բավարարի մարդու պահանջմունքները ապագայում։