ԿարևորՀասարակություն

Պատերազմից հետո բնակչության 40-60%-ը կարող է հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունենալ. հոգեբան

Արցախյան վերջին պատերազմից հետո բնակչության 40-60 տոկոսի մոտ կարող են լինել հետտրավմային սթրեսային խանգարումներ։ Բայց ոչ բոլորի դեպքում է, որ դրանք ծանր են կամ միջին աստիճանի։ Ծանր աստիճանը, որի ժամանակ մարդն իսկապես կորցնում է իրականության զգացումը, կարող է լինել 5-10 տոկոսի մոտ․ գնահատում է «Ինտրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը։

«Ինտրա» կենտրոնը ևս 7 հոգեբանական ծառայության հետ պետական միջոցներով իրականացնում է պատերազմում վնասվածք-վիրավորում ստացած տղաների, զոհված ու ու անհետ կորածների ընտանիքներին հոգեբանական աշխատանքի պատասխանատվությունը։ Շահառուների թիվը մոտավորապես 10 հազար է՝ աննախադեպ մեծ թիվ՝ ասում է Գասպարյանը։ «Ռադիոլուրի» զրուցակիցը նկատել է՝  ամենաբարդը թերևս անհետ կորածների ընտանիքի անդամների հետ աշխատանքն է։ Արդեն 200-ից ավելի շահառու սկսել է ստանալ հոգեբանական աջակցություն։ Այն նաև Արցախում կցուցաբերվի։

  • Սթրեսները հետագայում կարող են արտահայտվել բազմաթիվ հիվանդությունների ձևով, նաև՝ դրսևորվել վարքի միջոցով։
  • Պատերազմը ֆիզիկապես ավարտվել, բայց հոգեբանական առումով շարունակվում է առնվազն կորուստներ ունեցած ընտանիքներում։ Սթրեսի արձագանքը միշտ չէ, որ հնարավոր է անմիջապես տեսնել։ Այն «ձևակերպվում» է ամիսներ անց, սկսում ֆիզիկական կամ հոգեբանական առումով դրսևորվել ժամանակի ընթացքում։ Տրավմաները կարող են նաև ժառանգաբար փոխանցվել։
  • Մենք պատերազմից հետո կրկնակի սթրեսային դժվարություն ենք ունենում, քանի որ մեր դեմ նույն թշնամին է, որի կողմից դեռ 106 տարի առաջ ստացած հոգեբանական «բեռը» չէինք թոթոփել։ Այս դեպքում տրավման ունենում է ավելի սուր հետևանք։ Հայաստանի պարագայում պատերազմը յուրաքանչյուրին ինչ-որ չափով դիպել է, եթե անգամ ոչ ուղղակիորեն, ապա առնվազն բոլորն էլ գիտեն ընտանիքների, որոնք կորուստ են ունեցել։  
  • Պատերազմից հետո պատերազմի մասնակիցները կարող են կործանիչ/դեստրուկտիվ վարք «որդեգրել», օրինակ՝ կախվածության մեջ ընկնել թմրանյութերից կամ ոգելից խմիչքներից։ Պատերազմի ընթացքում, երբ մարդը չի կարողանում պարպել դեպի իրեն եկած ագրեսիան, ապա այն հետագայում, այնուամենայնիվ, նրանից դուրս է գալիս և պարպվում շրջապատում։ Այդպիսով, հետպատերազմական հասրակության մեջ կարող է բարձրանալ ագրեսիայի մակարդակը։ Միևնույն ժամանակ, պատերազմը կարող է նաև դրական հետևանքներ ունենալ՝ «Կորցնելուց հետո կորցրածի դասը չկորցնելու» առումով։ 
Back to top button