ԿարևորՄշակույթ

Արվե՞ստ, թե՞ գիտություն. վերականգնված կտավի պատմություն. Այվազովսկի

Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարի շրջանակում  Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» ծրագիրը՝ համալրելով «Արվե՞ստ, թե՞ գիտություն․ երեք վերականգնված կտավների պատմություն․ Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» խորագրով ցուցադրությունը Հովհաննես Այվազովսկու «Չումակներ․ Սայլավորներ» (1857 թ.) կտավի վերականգնման յուրահատուկ պատմությամբ։

Մշակութային արժեքների վերականգնման պրոցեսի ցուցադրությունն այսօր դարձել է թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու վերականգնման առեղծվածային աշխարհում: 19-20-րդ դդ. հայկական կերպարվեստի խոշորագույն վարպետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքն ամփոփ ներկայացնող աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով:

Ցուցասրահներից յուրաքանչյուրում նաև տեղակայված է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ աշխատանքային սեղան, նկարակալ, որոնց վրա տեղադրված են պատռվածքներով, ներկաշերտի կորուստներով ու թափվածքներով կտավներ, ինչպես նաև կոտրվածքներով ու բացակայող հատվածներով դեկորատիվ-կիրառական առարկաներ: Վերականգնման ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են ժամանակակից մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն հնարավորություն է ունենում ինքնուրույն զննելու առարկաների վնասվածքները, նախկինում արված երանգավորումներն ու հետագա միջամտությունները:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 12։00-ին։ Բացմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, միջազգային սեմինարին մասնակից երկրների (ԱՊՀ երկրներ, Եվրոպա, Վրաստան) ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը կգործի երեքշաբթիից կիրակի՝ ժամը 11։00 – 17։00-ն։

Ամեն օր՝ ժամը 12։00-ին, 14։00-ին, 16։00-ին, արվեստանոցային աշխատանքի ցուցադրում Ազգային պատկերասրահի «Վերականգնման բաժնի» աշխատակիցների կողմից։

Back to top button