Սփյուռքի ձայնը

Ինչպես չինացին հայ դարձավ․ «Սփյուռքի ձայնը»

Օտարներ կան, որոնք Հայաստանի ու հայության համար շատ ավելի գործ են արել, քան շատ հայեր․ այսպես սկսեցինք զրույցը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի հետ։ Նախորդ տարվանից նա սկսել է աշխատել ամերիկաբնակ գրող, թարգմանիչ Մարո Մադոյանի «Չինացին էլ կարող է հայ լինել» պիեսի բեմադրության վրա: Առաջնախաղը տեղի կունենա փետրվարի 19-ին և 20-ին:

Եվ այսպես, ինչո՞ւ և ինչպե՞ս չինացին դարձավ հայ։ Հայ դառնալը շատ բարդ է, ասում է զրուցակիցս` ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը։ Կան ազգային և գենետիկ առանձնահատկություններ, որոնք համապատասխանում են միայն հայերին, թեև Հայաստանը սիրող շատ օտարերկրացիներ կան, որոնք այս տարիների ընթացքում ցույց են տվել իրենց առավել նվիրվածությունն ու սրտացավությունը, քան՝ շատ հայեր:

Արդյո՞ք աշխարհի՝ ազգային պատկանելությունը և քաղաքացիությունը մեկտեղելու մոտեցումները կարող են կիրառվել նաև հայության շրջանում։ Մեզ նման փոքր ազգերը պետք է պահպանեն իրենց դիմագիծը, պատասխանում է Հակոբ Ղազանչյանը։ «Անկախ նրանից, որ դարեր շարունակ մենք մեր ազգային, հաճախ վատ առանձնահատկություններից ելնելով միայն կորուստներ ենք ունեցել, այնուամենայնիվ, պետք է պահպանել ազգությունը, կրոնն ու ավանդույթները»,- շեշտում է ռեժիսորը։ Այստեղ նա առանձնացնում է այն հայերին, որոնք տասնամյակներ ապրելով օտարության մեջ, չեն կորցրել իրենց հայությունը:

Ներկայացման վրա աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարի, բայց արցախյան երրորդ պատերազմից հետո բեմադրության մեջ շատ բան է փոխվել: «Քանի որ պատերազմից հետո շատ է խոսվում արտագաղթի մասին, ներկայացման շեշտը դրեցինք այս կարևոր խնդրի վրա: Հերոսը, որի ընտանիքում դեմ էին օտարի հետ ամուսնությանը, իր ընտրյալի հետ որոշեց գալ Հայաստան, ապրել այստեղ»,- ավելացնում է նա:

Ներկայացումը կատակերգություն է։ Պիեսը բեմ հանելու համար շատ քննադատությունների ենք արժանացել, ասում է զրուցակիցս: Հիշում, որ նման մի վիճակի առաջ կանգնել էր նաև Սպիտակի երկրաշարժից հետո, երբ նշանակվեց Գյումրիի թատրոնի գեղարվեստական ղեկավար։ «Ինձ հրահանգված էր ներկայացում բեմադրել երկրաշարժի մասին: Ես՝ մերժեցի, ասելով, որ պետք չէ աղետ տեսած երեխաներին գեղարվեստորեն էլ ներկայացնել դա: Ինձ սպառնացին, որ կվառեն թատրոնը, կբոյկոտեն ներկայացումը և այլն:

Մենք չվախեցանք դրանից և խաղարկային հետաքրքիր ամանորյա ներկայացում բեմադրեցինք գյումրեցի երեխաների համար: Իսկ մի շատ կարևոր փաստ էլ կա. Պարոնյանի թատրոնը հիմնվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Կարծում եմ ՝ խոսքերն ավելորդ են»,- ասում է Հակոբ Ղազանչյանը:

Պիեսի վրա աշխատանքը մի քիչ ժամանակատար էր, քանի որ այն 114 էջից էր, ասում է Հակոբ Ղազանչյանը: Այնտեղ կար և դրամա, և կատակերգություն, և տարբեր ճակատագրեր։ Իրենք վերցրել են միայն կոմեդիայի մասը։ «Ես կարծում եմ, ներկայացումը դիտողները շատ խորհելու առիթ կունենան: Թեև խառնամուսնություններն Սփյուռքին անծանոթ թեմա չէ, սակայն հայկական շրջանակներում` հատկապես Հայաստանում, դրանք այնքան էլ ընդունելի չեն»,- ավելացնում է ռեժիսորը:

Արդյո՞ք պիեսում անդրադարձ կա Մամիկոնյանների տոհմին, որը, ըստ Խորենացու չինական ծագում ուներ։ Հակոբ Ղազանչյանը նշում է, որ չինացին բեմում գրեթե չի երևում, նա օգնել է միայն դեկորի, երաժշտության և սիմվոլների հարցում: Չինացու փոխարեն կարող էր լինել ֆրանսիացին, մեքսիկացին կամ անգլիացին, ավելացնում է նա:Խորհուրդ է տալիս դիտել ներկայացումը։ Հատկապես վերջաբանը շատ կարևոր ասելիք ունի, բարձրացնում է «ազգային եսը» արժևորելու հարցը։

Back to top button