ԿարևորՀասարակություն

Քաղաքական դրդապատճառ չկա, կա նոր որակի պահանջ․ ՀՌՀ նախագահ

Հանրապետությունում հեռուստատեսային հեռարձակման մրցույթում հաղթել են ամենամրցունակ ծրագիր ներկայացրած հեռուստաընկերությունները՝ շեշտել է Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով լիցենզավորման մրցույթի արդյունքների վերաբերյալ որոշ դժգոհությունների եւ մեղադրանքների։

«Ոչ Ա1+-ը, ոչ Հ2-ը լիցենզիայից չեն զրկվել։ Պարզապես հրաժարվել էին երկրորդ հայտով նշել մայրաքաղաքային ծածկույթը և մասնակցել սլոթերի բաշխմանը, թեպետ երկուսն էլ հավաքել էին բավարար գնահատականներ՝ մայրաքաղաքում հեռարձակվելու համար»-ասում է Հակոբյանը:  

Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային  հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է անդրադառնում հեռուստատեսային հեռարձակման մրցույթի արդյունքներից դժգոհությանը եւ նախ շեշտում՝ քաղաքական դրդապատճառ չկա, որևէ ճնշում հանձնաժողովի վրա չի եղել։ Մինչդեռ կա խոստացված որակն ու բովանդակությունը չապահովելու պրակտիկա։ Հեռարձակման մրցույթի արդյունքների հետ անհամաձայնություն ունեցող  հեռուստաընկերությունները կարող են դրանք բողոքարկել 2 ամսվա ընթացքում՝ սկսած փետրվարի 18-ից։ Բողոքարկելու իր մտադրության մասին հայտարարել էր Հայկական 2-րդ հեռուստաալիքը, բայց դեռ դիմում չի ներկայացրել։ Տիգրան Հակոբյանը մեղադրանքների համատեքստում կրկին որակի հարցն է բարձրացնում։

«Հանձնաժողովին մեղադրելուց առաջ երկու հեռուստաընկերություններն էլ առաջին հերթին պետք է մտածեին իրենց ունկնդրի, իրենց հեռուստադիտողի մասին, որպեսզի չզրկեին նրանց՝ իրենց հաղորդումները դիտելու հնարավորությունից»,-նշում է Հակոբյանը։

Մրցույթն անցկացվել է հնարավորինս թափանցիկ, հաղթել են ամենամրցունակ ծրագիր ներկայացրած հեռուստաընկերությունները՝ ասում է Հակոբյանը եւ լրացնում՝ հեռարձակման լիցենզիայի ժամկետը նոր օրենքով 10-ից դարձել է 7 տարի․

«Բոլոր հեռուստաընկերություններին գնահատել ենք ոչ միայն իրենց ծրագրով, այլ եւ 2010 թվականին իրենց մատուցած ծրագրերով  և դրանց կատարումով։ Առհասարակ՝ նաեւ բազմակարծության կարողություններով»,-ասում է Տիգրան Հակոբյանը։

Եթերում իրենց ասելիքն ունենալու հնարավորություն ստացած հեռուստաընկերություններն ի՞նչ որակով եւ ինչ բովանդակությամբ են ներկայանալու հեռուստադիտողին․ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահը հավաստիացնում է՝ որակական փոփոխություններ են սպասվում թե մարզային, թե  հանրապետական սփռման հեռուստաընկերությունների ծրագրերում։ Ոլորտը կարգավորող օրենքն էլ է ադպիսի պահանջ սահմանում։

«Նոր օրենքում դրված է ընդհանուր ծրագրերում հանրօգուտ հաղորդումների 20 տոկոս ունենալու պահանջ,  այսինքն՝ շաբաթվա կտրվածքով հեռուստաընկերությունները պետք է ունենան կրթական, մշակութային և սպորտային հաղորդումներ»։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մշակել է մշտադիտարկման նոր համակարգ, որը թույլ կտա ավելի զգոն «աչքով» հետևել հեռուստա- և ռադիոընկերությունների եթերներին՝ որակի պահանջների պահպանմանը հետեւելու նպատակով։

Back to top button