ԿարևորՎերլուծական

Մոսկվայի ակնկալիքները Հայաստանից և հակամարտության լուծումից

Այսօր ուղիղ ժամը 15–ին սկսվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որից հրապարակային է եղել ընդամենը մեկ հատված՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներածական խոսքը։ Դրանից հասկանալի է դարձել, թե ինչի մասին են բանակցելու կողմերը։ Հանդիպումը նաև ռուս վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է։ Վերլուծություններից մեկում բացահայտվել են ռուսական ջանքերի աշխարհաքաղաքական նպատակները։

Պատերազմից հետո առաջին դեմ առ դեմ հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը իրար ձեռք չսեղմեցին, փոխարենը նրանց ձեռքը հերթով սեղմեց և գրկախառնվեց Վլադիմիր Պուտինը։ Մեծ սեղանի շուրջ, իրարից հեռու նստած՝ ինչպես պահանջում են համավարակի կանոնները։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման օրակարգը մինչև վերջին պահը հայտնի չէր։ Ինչի մասին են այսօրվա բանակցությունները՝ հանդիպման սկզբում նախանշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կարծում եմ, այսօր կարևոր է, նախ՝ նախանշել կարգավորման առանցքային հետագա քայլերը, որոնք նշված են նոյեմբերի 9–ի համատեղ հայտարարության մեջ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահների գործունեությանն առնչվող հարցերը, դեմարկացիոն գծերի հստակեցումը, մարդասիրական խնդիրների լուծումը, մշակութային ժառանգության պահպանությունը։ Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրոյին և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը, սահմանների բացումը։ Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի , Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ»։   

Այս հարցերի լուծմամբ է ՌԴ նախագահը պայմանավորում հակամարտության կարգավորումն ու խաղաղության հաստատումը։ Պուտինի խոսքով՝ իրենք մշտական կապի մեջ են ԵԱՀԿ ՄԽ գործընկերների հետ և ձեռնարկվող քայլերը պարբերաբար ճշտվում են նրանց հետ։ ՌԴ նախագահը հույս հայտնեց, որ այսօրվա հանդիպմանը կողմերը կդրսևորեն կառուցողական դիրքորոշում, սկսվեց բանակցությունների փակ հատվածը։  

Փաշինյան–Պուտին–Ալիև ձևաչափով հանդիպումը մինչև վերջին պահը միանշանակ չէր ընդունվում  ոչ Հայաստանում, ոչ էլ ռուսաստանաբնակ հայերի որոշ շրջանում։ Փաշինյանի մեկնելու ճանապարհը նախ փորձում էին արգելափակել։ Հայաստանում Ոստիկաններն ապահովեցին Հայաստանի վարչապետի մեկնումը Մոսկվա։ Այնտեղ արդեն Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր։ Մասնակիցների պահանջը մեկն էր․

«Իմ կողմից նա իրավունք չունի ոչինչ ստորագրելու։ Ես Հայաստանի արժանապատիվ քաղաքացի եմ և իմ բողոքի ձայնը բարձրացնում եմ, ասում եմ ոչ այն որոշմանը, որ կայացնում է նա»։

Հանդիպման բովանդակության, հնարավոր պայմանավորվածություններից և փաստաթղթերից անհանգստություններ կան նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Անգամ նոյեմբերի 9–ի հայտարարության տեքստը շահավետ բանակցությունների հիմք չի համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Հայտարարության 9–րդ կետում ներկայացվում է, որ ՀՀ–ն երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը։ Այսինքն՝ այդ կետրում գրված չէ՝ արդյո՞ք Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորելու է այդ կոմունիկացիաներով մեր հայկական կողմի թե բիզնեսի և թե ֆիզիկական անձանց շարժի անվտանգությունը։ Հաշվի առնելով այմ, որ Ադրբեջանում այսօր հայատյացության քաղաքականությունը այսօր քաղաքական բարձր մակարդակի է և այս պայմաններում դժվար է պատկերացնել, թե ինչպես է երաշխավորվելու մեր անվտանգությունը, մեր շարժի անվտանգությունը։ Այսինքն՝ պե՞տք է տրվեն բարձր երաշխիքներ, թե ՝ ոչ»։      

Ղարաբաղյան հակամարտության լուծումների մասին այսօր խոսել է նաև ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Նշել է, որ որքան էլ Ռուսաստանը միջնորդական ջանքեր ներդնի,  գլխավոր դերը Հայաստանինն և Ադրբեջանինն է, անհրաժեշտ է լուծում գտնել երկու կողմերի շահերից ելնելով՝ «առանց հաղթողների և պարտվողների»: Խորհրդային Միության նախկին առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողություններն ավարտվել են, կարևոր է կանգ չառնել , և խնդիրը չլուծված չթողնել ևս տասնամյակներ:

Ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովն իր հերթին «Էխո Մոսկվիի» իր բլոգում գրել է, որ ԼՂ հարցով գագաթնաժողովը նախաձեռնել է անձամբ Պուտինը։ Դրա անցկացման ձևաչափն ու ժամանակացույցը, ինչպես նաև բանակցությունների օրակարգը համաձայնեցված չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ։

Փորձագեըի կարծիքով՝  Ռուսաստանն իր ինքնուրույն խաղն է վարում Հարավային Կովկասում, որտեղ նրան հակադրվում է միայն Թուրքիան։ Ըստ Դուբնովի՝ Թուրքական դաշինքը ձգտում է Մոսկվային շահագրգռել՝ այդ հայկական միջանցքի նկատմամբ վերահսկողություն տալով, որը հնարավորություն կտա Եվրոպա արտահանել ածխաջրածինները՝շրջանցելով Վրաստանը։ Նա հիշեցրել է, որ գագաթնաժողովի արդյունքներով նախատեսվում է ստորագրել հայտարարություն, եթե, իհարկե, հաջողվի այն համաձայնեցնել։ Փորձագետի կարծիքով՝ եթե կողմերի փոխադարձ պահանջները չլուծվեն այս կամ այն կերպ, Ղարաբաղի շուրջ նոր սրացումը բացառելը դժվար կլինի։

Ռուս քաղաքագետը նաև աշխարհաքաղաքական չերեվացող նպատակներն է բացահայտել։ «Մոսկվայում հույս ունեն, որ բանակցությունները կլինեն արդյունավետ, որպեսզի կանխեն ԱՄՆ նոր վարչակազմի միջամտությունը Ղարաբաղյան գործընթացին՝ Կրեմլի հովանու ներքո։ Դրա համար շտապում են բոլոր հիմնական հարցերը լուծել մինչև հունվարի 20-ը, երբ կկայանա ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը»,- եզրափակել է Արկադի Դուբնովը։

Back to top button