ԿարևորՀասարակություն

Ուսումնական տարվա անորոշ սկիզբ. Վրաստանում կորոնավարակի թվերն աճում են

Կորոնավիրուսային դեպքերի թվի ռեկորդային աճով պայմանավորված նոր ուսումնական տարին հետաձգվում է նաև Բաթումիի հայ-վրացական դասարանի համար։ «Կարմիր գոտի» հայտարարված Աջարիայի՝ Բաթումիում և Քոբուլեթիիում դպրոցները կբացվեն հոկտեմբերի մեկից։ Իսկ երկրի մյուս շրջաններում նոր ուսումնական տարին կսկսվի ինչպես միշտ՝ սեպտեմբերի 15-ից։

Համավարակային տեսանկյունից անվտանգ՝ «կանաչ» երկրների ցանկում գտնվող Վրաստանում, ինչպես որ կանխատեսվում էր, իրավիճակը փոխվում է ընտրությունների քարոզարշավի և նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց։

Աջարիան, որն ամռան ամիսներին լեփ լեցուն էր ներքին զբոսաշրջիկներով, «Կարմիր գոտի» է հայտարարվել, վարակակիրների թիվն ավելանում է։ Շրջանը չի փակվի, սակայն Բաթումիում և Քոբուլեթիում երկու շաբաթով հետաձգվում է նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Մինչև հոկտեմբերի մեկը տեղի դպրոցներում ուսուցումը կանցկացվի հեռավար։

Համավարակի այս ողջ ընթացքում Բաթումիի հովվությունն ամեն ինչ արել է, քաղաքի հայ-վրացական արդեն երրորդ առաջին դասարանը (գործում է թիվ 4 վրացական դպրոցում, խմբ․ ) բացելու համար։ Բաթումիի Սբ. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը հույս ունի Մանթաշյանցի անվան կենտրոնի նախակրթարանի սաների հոսքի օգնությամբ կարողանալու են ամեն տարի բացել ու պահպանել այս աննախադեպ ծրագիրը․

«Ամեն տարի մեկ դասարան ավելանում է։ Աստծո կամքով այս տարի ևս մեկը կբացվի։ Մեր նախակրթարանի հիմնական հորդորն ու ծրագիրն է՝ նախակրթարանն ավարտելով, գնալ հայ-վրացական դասարան»։

Երկրի մյուս շրջանների բոլոր, այդ թվում հայկական դպրոցները դռները կբացեն սեպտեմբերի 15-ին։ Վրաստանի կրթության և գիտության նախարարության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող Կարինե Մանուկյանը Հանրային Ռադիոյի հետ զրույցում ասաց, որ հանձնարարականներն արդեն փոխանցվել են բոլոր դպրոցներին, ոչ վրացալեզու կրթօջախների համար դրանք նաև թարգմանվել են։

Շենքում բոլորը պարտադիր պետք է դիմակ կրեն, բացի աշակերտներից։ Այս հարցն ի դեպ քննարկման առիթ է դարձել սոցիալական ցանցերում․ համեմատություններ են արվում նաև՝ օրինակ Հայաստանում աշակերտների համար ևս դա պարտադիր պայման է․

«Համավարակային իրավիճակը Վրաստանում համեմատաբար բարվոք է, պարզ է, որ այստեղ ավելի մեղմ սահմանափակումներ են գործում այս պահին։ Սակայն ամեն պահի իրավիճակը կարող է փոխվել»։

Երկրի դպրոցները զուգահեռ պատրաստվում են հարկ եղած ժամանակ անցնել հեռավար ուսուցման։

Վիրահայ աշակերտների առջև Վրաստանում իր դռներն է բացում  129 հայկական դպրոց: Դրանցից 14-ը հայկական բաժիններով են, մյուսներն ամբողջովին հայկական: Կրթությունն իրականացվում է վրացական դպրոցներում տարվող ազգային ուսումնական ծրագրով, դասագրքերը թարգմանված են հայերեն, միայն հայոց լեզու և գրականություն առարկայի դասագրքերը հայկական դպրոցները ստանում են Հայաստանից։

«Ավելի վաղ պիտի ստանայինք այդ դասագրքերը, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Առաջիկա օրերին հայալեզու բոլոր դպրոցները կապահովվեն մայրենիի դասագրքերով»,- ասում է Մանուկյանը։

Մայրաքաղաք Թբիլիսիում այսօր հայկական երկու բաժին է գործում վրացական դպրոցներում, կա մեկ ամբողջովին հայկական դպրոց։ Թբիլիսիի կենտրոնում գտնվող թիվ 104 դպրոց շուրջ 300 աշակերտ է հաճախում քաղաքի տարբեր հատվածներից։ Փոխտնօրեն, վրացերեն լեզվի ուսուցչուհի Ալմարա Սիրադեղյանը մեզ հետ զրույցում ասաց․

«Հաճելի կլիներ, որ առաջին դասարանցիները նոր այբբենարաններ ստանային, ինչպես վրացերենի դասագրքերի դեպքում է լինում»։

Թբիլիսիի միակ ամբողջովին հայկական դպրոցն այս տարի ևս մոտ 20 առաջին դասարանցի կունենա։

Վիրահայոց թեմը, համայնքային կազմակերպություններն ամեն ինչ անում են՝ Թբիլիսի սրտում գտնվող այս «փոքրիկ հայկական միջավայրը» հավերժ ապրի․ «Ես միշտ ասում եմ, որ սա մի հայկական միջավայր է, փոքրիկ հայկական աշխարհ, ջերմ մթնոլորտ, որը պիտի պահպանենք»։

Back to top button