ԿարևորՀասարակություն

Նախատեսվեց կորոնավիրուսից առաջ, կառուցվեց կորոնավիրուսի ընթացքում, կբացվի կորոնավիրուսից հետո

«Կառուցվում է քաղաքային պուրակ, հանգստյան գոտի, որի մեջ նախատեսված է նաև մարզաառողջարանային համալիր»։

Շինաշխատանքների տեխհսկիչ Սամվել Ավետիսյանը նախագիծը ձեռքին պատմում  է Կապանում կառուցվող հանգստի գոտու մասին, որը և մեծությամբ, և մատուցվելիք ծառայություններով զգալիորեն կգերազանցի կառուցվածքները։

 «Դահլիճներ, հանգստյան սենյակներ, սաունաներ, բուժսենյակներ, նաև լինելու է կաթսայատուն։ Բացօթյա սրճարանով, շատրվաններով, մեքենաների կայանատեղիներով. ամբողջ այդ տարածքը, որը կազմում է 17 հազար 645 քառակուսի մետր, ամբողջությամբ պետք է բարեկարգվի, կանաչապատվի և ծառայի որպես հանգստյան գոտի։ Դահլիճներ, հանգստյան սենյակներ, սաունաներ, բուժսենյակներ, նաև լինելու է կաթսայատուն»,- ասում է Սամվել Ավետիսյանը։

Կլինեն նաև մարզահամալիրներ, լողավազաններ՝ մեծերի ու փոքրերի համար։ Նշենք, որ նախկինում այստեղ Բաղաբերդի լիճն է եղել։ 10 տարի առաջ որոշեցին բնակելի շենքեր կառուցել տեղը, սակայն եղան տեխնիկական ու ֆինանսական խնդիրներ, նշում է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

«Նախատեսված ֆինանսական միջոցներից բացի լրացուցիչ լուրջ ծախսեր էր ենթադրվում, դա իմ իմացած ինֆորմացիայով կապված էր հենց հիմքերում  ջրի  առկայությունով։ Այսինքն՝ ջրահեռացման խնդիրը և ջրամեկուսացման աշխատանքները լուրջ խնդիրներ էին առաջացնում»,- նշում է Փարսյանը։

Կապանի համայնքապետարանի հետ համատեղ նախագիծը իրականացնում է ԵՊՀ-ի շրջանավարտների միավորումը։ Համայնքապետ Գևորգ Փարսյանը համոզված է, ծրագիրը կծառայի իր նպատակին։

 «Իրականում աննախադեպ ծրագիր է Կապան համայնքի համար, որովհետև մոտ միլիարդ 700 միլիոնի ներդրում  է իրականացվում»,- ասում է համայնքապետը։

Հանգստյան գոտու շինաշխատանքների մեկնարկը տրվեց, երբ կրոնավիրուսը դեռ նոր էր, բուն աշխատանքներն սկսեցին, երբ կորոնավիրուս էր, հուսով են, որ կբացվի, երբ կորոնավիրուսն այլևս չի լինի։

Back to top button