ԿարևորՀասարակություն

Ինչու է Խաչատուրովը խուսափում ապրիլյան քննիչ հանձնաժողովից

Ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքային լիազորություններին մնաց երկու օր՝  հունիսի 4–ը հանձնաժողովի աշխատանքի վերջնաժամկետն է։ Հանրությունը, սակայն, միանգամից չի ծանոթանա հանձնաժողովի կազմած եզրակացությանը։

Փաստաթուղթը դեռ պետք է մշակվի և վերջնական արդյունքը կներկայացվի հավանաբար աշնանը՝ այն էլ դեռ քննարկման հարց է՝ փաստաթղթի որ հատվածը բաց պետք է լինի, որը՝ ոչ։ Կան պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։   

Հանձնաժողովը ձևավորել է մեկ տարի առաջ, 47 պատգամավորի պահանջով։ Ժամանակավոր քննիչ հանձնաժողովների աշխատանքային ժամկետը 6 ամիս է՝ ևս մեկ անգամ երկարաձգելու հնարավորությամբ։ Այս բոլոր հնարավորություններից օգտվել է ապրիլյան հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։

Ուղիղ մեկ տարվա աշխատանք, մի քանի հազար էջ փաստաթուղթ, 100 ժամից ավելի տեսաձայնագրություն, «հյուրընկալված» մի քանի տասնյակ նախկին և ներկա պաշտոնյաներ ու զինվորականներ։ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանել են ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը։ Նա հանձնաժողովականների վերջին «հյուրն» էր, որ հարցերին պատասխանել է տեսակապի միջոցով` Մոսկվայից։  

Միակ նախկին պաշտոնյան, որը չցանկացավ ընդունել հանձնաժողովի հրավերը և պատմել այն, ինչ գիտի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին Յուրի Խաչատուրովն էր՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետը։ Խաչատուրովի պատասխաններով, թե առանց դրանց հանձնաժողովը վերջնական եզրակացությունը պատրաստելու է՝ եզրահանգումներով, զգուշացնում է Քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը․   

«Կան բաներ, որ Յուրի Խաչատուրովը պետք է հանձնաժողովում պատասխանի հարցերին։ Մեր եզրակացությունները մենք կներկայացնենք այսպես, թե այնպես, առանց Խաչատուրովին լսելու և այդ եզրակացությունների մեջ կլինեն եզրահանգումներ, որով պետք է զբաղվեն արդեն այլ մարմիններ։ Մնում էր Թրամփին էլ հրավիրեինք՝ նա էլ չէր մերժի։ Իսկ ինչո՞ւ է մերժում Խաչատորովը, ես չգիտեմ։ Ինչ է նշանակում՝ մերժել մի հանձնաժողովի աշխատանք, որին բոլոր պաշտոնյաները, նաև իր ենթակայության տակ եղած զինվորականները` բոլորը, մեծ պատրաստակամությամբ եկել են և օգնել են ճիշտ հասկանալ իրողությունները։ Կարող եք վերլուծություն անել և գտնել այն բանալիները, թե ինչու պետք է գա հատկապես Էդուարդ Նալբանդյանին լսելուց հետո։ Բնականաբար, դա առնչվում է այն գործընթացին, որտեղ կա նաև բանակցային պրոցեսներ»,- ասաց Քոչարյանը։

Վերջին շրջանում հնչող ենթադրությունների համաձայն` Յուրի Խաչատուրովի զգուշավորությունը կապված է ստորագրված ինչ- որ փաստաթղթի հետ։ Խաչատուրովը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։ Հենց նա է ապրիլի 5-ին Մոսկվայում կնքել հրադադարը, այն դեպքում, երբ տարբեր հրամանատարների պնդմամբ՝ հայկական կողմն արդեն իսկ պատրաստ էր առաջ շարժվել, հետ բերել կորցրած դիրքերը, երբ կանգ առնելու հրաման է տրվել։ Սա վարկածներից մեկն է, որը կհաստատվի կամ կհերքվի հանձնաժողովի եզրակացությունից հետո։

Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի իրական կորուստների մասին առաջինը բարձրաձայնեց Ժիրայր Սեֆիլյանը՝ պատերազմից մեկ ամիս անց՝ 2016–ի մայիսին․  

«Այդ օրերին, երբ բարձրաձայնվում էր, որ պետք է անմիջապես կորցրածը հետ վերցվի առնվազն գործող ռեժիմի պարագլուխները տարբեր մակարդակներով փորձում էին արդարանալ՝ ասելով, որ ընդամենը մի քանի հարյուր մետր քառակուսի ունենք կորցրած։ Մենք առաջին օրվանից տեղեկացված էինք՝ ինչ է տեղի ունեցել առաջին գծում, օրեր անց մենք արդեն ճշտել էինք, թե մեր կորուստը ինչ չափի է։ Զարհուրեցինք, ոչ մեկս չէինք սպասում, որ մենք ունեցել ենք տարածքային այդքան մեծ կորուստներ։ 500 մետր քառակուսիից էին խոսում։ Միայն հյուսիսային հատվածում ունենք 7 միլիոն քառակուսի մետր կորուստ, այսինքն՝ 7 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը»,- ասաց Սեֆիլյանը։  

Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովում հրավիրյալ մասնագետի կարգավիճակով աշխատելու ցանկություն առաջին օրվանից ունեցել է Ժիրայր Սեֆիլյանը: «Սասնա Ծռեր» կուսակցության անդամներն անգամ գրավոր և հրապարակային ներկայացրել էին այդ պահանջը: Հրավիրյալների ցանկում, սակայն, Սեֆիլյանի անունը այդպես էլ չընդգրկվեց: Մերժումից հետո, սակայն, «Սասնա ծռեր»-ից Գևորգ Սաֆարյանը «Ռադիոլուր»–ին ասաց՝ որևէ վերապահում հանձնաժողովի աշխատանքի հետ կապված չունեն։ Միակ մտավախությունը խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովների օրինաչափությունն է՝ մինչև «վերջ» գնալու հնարավորությունը։  

«Անգամ այս ձևաչափով չկա այն մոտեցումը, որ եթե մենք հանձնաժողովում չենք, ապա ունենք ինչ որ տեղեկություն և չենք տա։ Որևէ նման մոտեցում չկա»,- ասաց Սաֆարյանը։    

Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մեկ տարի շարունակ աշխատել է փակ ռեժիմով։ Ավելորդ տեղեկությունների արտահոսքը բացառվել է։ Հանձնաժողովի աշխատանքների համար ԱԺ տարածքում հատկացվել էր մի սենյակ, որտեղ անգամ գաղտնալսելու հնարավորություններն են բացառվել։

Այժմ դեռ վերջնական որոշում չի կայացվել, թե ինչ ձևաչափով է հրապարակվելու եզրակացությունը։ Հաշվի առնելով, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ կան, չի բացառվում, որ փաստաթղթի որոշ հատվածը հանրայնացման ենթակա չի լինի։ Բայց այն, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքը պետք է վայելի լայն հասարակության վստահությունը՝ դա նպատակներից մեկն է, որին առաջին օրվանից՝ ձևավորման պահից ձգտել է հանձնաժողովը։

Back to top button