ԿարևորՎերլուծական

Մարդկային հիշողությունը կարճ է․ կփոխի՞ կորոնավիրուսն աշխարհը

Արդեն մի քանի շաբաթ է՝ մեր մոլորակն ապրում է արտակարգ ռեժիմով։ Ասում են՝ նման մասշտաբային ճգնաժամ չի եղել Երկրորդ համաշխարհայինից ի վեր։ Ամեն ինչ սկսվեց անսպասելիորեն։ Պարզվեց, որ մարդկությունը չունի պատրաստի դեղատոմսեր ու գործիքակազմ այս պահին հարյուրավոր պետություններ միավորած նոր մարտահրավերի՝ կորոնավիրուսի դեմ:

Սա, իհարկե, առաջին վտանգավոր համաճարակը չէ, որը վերապրում է մարդկությունը․ այցյալում կմնա նաև կորոնավիրուսն ու մոլորակի կյանքը կվերադառնա իր բնականոն հուն։

Բայց այս օրերին, երբ վարակը թակում է բոլորի դուռը՝ հաշվի չառնելով ժողովրդավարական և զարգացած է պետությունը,  տնտեսապես կայուն, աղքատ թե ավտորիտար, շատերը խոսում են հետկորոնավիրուսային աշխարհի մասին, կանխատեսելով, որ ճգնաժամը կարող է նոր աշխարհակարգի հիմքեր դնել։

«Դեռ մինչև կորոնավիրուսի տարածումը՝ վերջին տասը տարում գլոբալ աշխարհակարգի փոփոխությունը բավականաչափ արագ էր ընթանում, և միաբևեռ՝ ԱՄՆ բացարձակ գերիշխանության աշխարհից մենք անցնում ենք ավելի բազմակետրոն աշխարհի։ Ամենայն հավանականությամբ՝ կորոնավիրուսի ճգնաժամն էլ ավելի կարագացնի այդ գործընթցը», -«Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք է հայտնում Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը։

«Իհարկե, աշխարհը որոշակիորեն կփոխվի։ Մենք կունենանք աշխարհ, որտեղ պետությունները ավելի մեծ ուշադրություն կդարձնեն իրենց կենսական կարիքները սեփական միջոցներով բավարարելուն։ Ամենայն հավանականությամբ՝ կարող են կրճատվել պետությունների միջև տնտեսակական հարաբերությունները․ յուրաքանչյուր պետություն կձգտի սեփական միջոցներով հետագայում ավելի պատրաստ  լինել նման ճգնաժամեր դիմայակելուն։ Սա նշանակում է, որ փորձ կարվի հնարավորինս նվազեցնել այլ պետություններից կախումը՝ ինչպես ապրանքների մատակարարումների շղթայի, այնպես էլ այլ գործառույթների առումով»,- նշում է Պողոսյանը։

Գլոբալիզացիայի գործընթացների տեսանկյունից  հետկորոնավիրուսային աշխարհը կլինի ավելի պակաս գլոբալիզացված կամ առնվազն գլոբալիզացիան կունենա մի փոքր այլ տեսք, քան ունեցել է վերջին տասնհինգ քսան տարում, շարունակում է փորձագետը։  

Գլոբալ մարտահրավերը կմիավորի պետությունները, թե ընդհակառակը՝ կխորացնի առկա հակասությունների խոշոր խաղացողների միջև, հարցնում ենք քաղաքագետին։

«Ընդհանրապես, մինչև 21-րդ դարի կեսերը հիմնական, գլոբալ մրցակցությունը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև է լինելու։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ կորոնավիրուսը ոչ թե նպաստեց հակասության նվազեցմանը, այլ ընդհակառակը։  Միացյալ Նահանգները ակտիվորեն օգտագործում է այս իրավիճակը  Չինաստանի դեմ պայքարում։ ՄԻացյալ Նահանգների նախագահը վերջին օրերին օգտագործում է բացառապես «չինական վարակ» արտահայտությունը՝ փորձելով գլոբալ ճգնաժամի մեղքը բարդել Չինաստանի վրա:  Չինաստանն էլ, իր հերթին, տարբեր վարկածներ է առաջ քաշում ՝ պնդելով, որ գուցե սա ԱՄՆ-ի կողմից ստեղծված կենսաբանական զենք է, կամ, ծայրահեղ դեպքում, աշխարհի այլ պետություններին ուղերձ հղելով․  Չինաստանը, որին Արևմուտքը մեղադրում է ավտորիտարիզմի մեջ, պարզվեց՝ ավելի պատրաստ է և ավելի արդյունավետ կարող է դիմագրավել  նման ճգնաժամերին, քան  լիբերալ-ժողովրդավարական համակարգերը։ Հետևաբար՝ Չինաստանը հիմա ակտիվորեն առաջ է տանում այն թեզը, որ կորոնավիրուսի ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ զարգացման և պետության կազմակերպման  չինական մոդելը շատ ավելի արդյունավետ է և ավելի լավ  է իրեն արդարացնում, քան լիբերալ- ժողովրդավարական մոդելը։ Այնպես որ՝ այս համատեքստռում կարծում եմ, որ ԱՄՆ-Չինաստան հակասությունները,  որոնք շարունակվելու էին անկախ կորոնավիրուսից, դժվար թե մեղմվեն»,- ասում է քաղաքագետը։

Լինելով առողջապահական ճգնաժամ` կորոնավիրուսի տարածումն  ունենալու է շատ ավելի հեռահար տնտեսական, քաղաքական, հոգեբանական, գուցե նաև աշխարհաքաղաքական հետևանքներ, կանխատեսում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Մի բան պարզ է․ հետկորոնավիրուսային աշխարհը էականորեն տարբերվելու է ներկա աշխարհից: Այնուամենայնիվ՝  կդժվարանամ կանխատեսել հատկապես տարածաշրջանում առկա քաղաքական, աշխարհաքաղաքական, ամուր պատմական հիմքեր ունեցող խնդիրների հետ կապված փոփոխությունները։ Մարդկությունը բազմիցս է ապրել նման ճգնաժամեր, բայց պատմությունը միշտ ցույց է տվել, որ մարդկանց հիշողությունը շատ կարճ է։ Ամենավերջին նման գլոբալ ճգնաժամերը եթե դիտարկենք՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներն էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ընդամենը մի քանի տասնամյակ հետո սկիզբ առավ Երկրորդը։ Երկրորդի ավարտից հետո սկիզբ առավ «սառը պատերազմը»։ Քաղաքական համակարգերում գլոբալ փոփոխություններ ես կդժավարանամ կանխատեսել»,- ասում է Պետրոսյանը։

Հոգեբանական տեսանկյունից ներկա իրավիճակը ևս  մեկ անգամ ապացուցում է  ասվտածաշնրչյան ճշմարտությունը․  բոլոր մարդիկ հավասար են՝ անկախ սոցիալական դիրքից, ազգային և կրոնական պատկանելությունից։ Այսօրվա մարտահրավերը հավասարեցնում է բոլորին, այսինքն չկա այնպիսի մի բացահայտ առավելություն ունեցող  սոցիալական կարգավորճակ, որը կապահովի անվտանգություն այս մարտահրավերի պայմաններում, շարունակում է փորձագետը՝ ընդգծելով․ մեծ նշանակություն կունենա այս մարտահրավերի ժամանակային տևողությունը․ որքան երկար տևի այս իրավիճակը, այնքան ավելի լուրջ կլինեն հետևանքները և հենց դրանով պայմանավորված կլինի, թե ինչ գլոբալ փոփոխություններ կարելի է ակնկալել։

 «Շատ կուզեի ասել, որ կունանանք այլ աշխարհ, բայց չեմ կանխատեսի նման բան։, Պատմաբան լինելով` կարող եմ վստահաբար ասել, որ այս ժամանակահատվածը, որը օբյեկտիվորեն տրված է յուրաքանչյուրս մտածելու, կյանքը վերարժևորելու համար, շատ արագ մոռացության է մատնվելու։ Երբ կավարտվի գլոբալ սպառնալիքը, յուրաքանչյուրս կվերադառնա իր առօրյա գործերին՝ հասարակ մարդիկ,  պետության ղեկավարները։ Այսինքն` շատ կարճ ժամանակում աշխարհում կրկին դոմինանտ են դառնալու այն լուրջ շահերը և խնդիրները, որոնք մինչև մեկ երկու ամիսը գերակա դիրքեր են ունեցել»,- ասում է քաղաքագետը։

Կորոնավիրուսային լրահոսն այս պահին կլանել է  թեժ կետերում իրավիճակի մասին տեղեկատվական հոսքերը։ Արաբագետի խոսքով՝ վերջին տասը օրերին Իրաքի տարածքում ամերիկյան ռազմաբազաների դեմ գործողություններ տեղի ունեցան, ամերիկյան պատասխան գործողություններ եղան, որոնց մասին շատ քիչ խոսվեց։ Սիրիայի տարածքում շարունակվեցին լոկալ բախումները։ Նախկին պայթյունավտանգ օջախներում լարվածությունը շարունակվում է, սակայն նվազել են դրանց դրսևորումները և համաշխարհային մեդիայի ուշադրությունը։  Գլոբալ մարտահրավերի մասին են այս օրերին խոսում բոլորը, գրում բոլոր լրատվամիջոցները։

Back to top button