ԿարևորՄիջազգային

«Նամաստե»․ Թրամփի 3 միլիարդանոց այցը Հնդկաստան

Երկօրյա այցով Հնդկաստանում է Միացյալ Նահանգների նախագահը։ Սա Դոնալդ Թրամփի առաջին այցն է Հնդկաստան ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Տեր և տիկին Թրամփերին աննախադեպ ջերմ ընդունելություն են ցույց տալիս: Այցը պետական է՝ ամենաբարձրը դիվանագիտական արարողակարգում։

Ամերիկյան պաշտոնական պատվիրակությունը 12 հոգանոց է․ նախագահին ու նրա տիկնոջը ուղեկցում են Թրամփի դուստրը Իվանկա Թրամփը և փեսան՝ Ջարեդ Քուշները։

Հատված Ռադիոլուրի 18.00–ի եթերից

Նրանք, ինչպես հայտնի է, նաև ԱՄՆ նախագահի խորհրդականներն են։ Պատվիրակության կազմում են Սպիտակ տան ղեկավարի ազգային անվտանգության հարցերով օգնականը՝ Ռոբերտ Օ՛ Բրայենը, առևտրի և էներգետիկայի նախարարները։

Սպիտակ տան ղեկավարի առաջին կանգառը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հայրենի Ահմեդաբադ քաղաքում էր: Անհավանական շատ թվով մարդ է ողջունել ԱՄՆ նախագահին՝  ժողովրդական անսամբլները ելույթներ են ունեցել օդանավակայանից մինչև Ադմեդաբադ 22 կիլոմետր ճանապարհի ողջ երկայնքով։

Թրամփի այցին ընդառաջ՝ հաշված օրերի ընթացքում այդ ճանապարհի երկայնքով  հսկայական պատեր են բարձրացվել, որպեսզի ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությունը չտեսնի կիսաքանդ աղքատ թաղամասերը։

Ահմեդաբադում ԱՄՆ նախագահը մասնակցել է աշխարհի խոշորագույն կրիկետի մարզադաշտում կազմակերպված հանրահավաքին, որին, ըստ արևմտյան աղբյուրների, ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել։ Երկու նախագահները ողջույնի խոսքով են հանդես եկել։ Իր ուղերձը հնդիկ ժողովրդին ԱՄՆ նախագահը սկսել է ավանդական հնդկական ողջույնի խոսքից՝ «նամաստե», ինչն արժանացել է ներկաների բուռն հավանությանը։

Թրամփը հիշել է Հնդկաստանի կարևոր պատմական իրադարձությունները, խոսել Բոլիվուդի մասին ու վստահեցրել․ Հնդկաստանը միշտ առանձնահատուկ դեր կզբաղեցնի մեր սրտերում։

Ինչպես հեգնանքով գրում է The Associated Press–ը, նման մասշտաբային նախընտրական հավաք Թրամփը դեռևս չէր ունեցել։

Ահմադաբադից ամերիկյան պատվիրակությունը մեկնել է Ուտար-Պրադեշ նահանգում գտնվող Ագրա քաղաք, այստեղ է գտնվում հռչակավոր Թաջ Մահալ դամբարանը։ Ի դեպ՝ Ագրա այցի հետ կապված բավականին լուրջ էր տեղի իշխանությունների անհանգստությունն ու վախը․ հանկարծ 17–րդ դարի կոթողի տարածքում բնակվող վայրի կապիկները չխմբագրեն պաշտոնական արարողակարգը։

ԱՄՆ և Հնդկաստանի պատվիրակությունների միջև երկկողմ բանակցությունները կծավալվեն վաղը՝ մայրաքաղաք Դելիում: Արևմտյան աղբյուրների տեղեկություններով` տարաձայնությունները երկու երկրների միջև պահպանվում են: Խոսքը առաջին հերթին առևտրային հարաբերությունների մասին է: Հաղորդվում է, որ աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող Հնդկաստանը չի ցանկանում երաշխավորել ամերիկյան ապրանքների, նախ և առաջ՝ գյուղմթերքի, անարգել մուտքը հնդկական շուկա:

Թրամփի այցին ընդառաջ ամերիկյան պաշտոնատար անձինք դադարեցրել են առևտրային բանակցությունները Դելիի հետ, վաղվա բանակցություններում Առևտրային համաձայնագիր երկու պետությունների միջև չի ստորագրվի։ Այդուհանդերձ, վաղը Հնդկաստանի մայրաքաղաքում սպասվում է մի շարք կարևոր կոմերցիոն գործարքների կնքում։ Թրամփը հայտնել է, որ նախատեսում է ստորագրել ամերիկա–հնդկական համաձայնագիր՝ երեք միլիարդ դոլար արժողությամբ, որի շրջանակներում Հնդկաստանին կմատակարարվեն ռազմական ուղղաթիռներ և այլ  տեխնիկա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։

Այս գործարքները կկնքվեն երկու երկների կողմից Չինաստանի ռազմական հզորացման ֆոնին, ինչն էլ դրդում է Վաշինգտոնին ու Դելիին ակտիվացնել ռազմական համագործակցությունը։

Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների սրացումը, փորձագետների համոզմամբ, կարող է ունենալ լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ՝ նպաստելով Վաշինգտոնի և Դելիի հարաբերությունների մերձեցմանը։ Անցած տարվա հոկտեմբերին Դելի այցի ժամանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հնդկաստանի և ԱՄՆ հարաբերությունները որակել էր որպես «ռազմավարական համագործակցություն»։ Մի շարք փորձագետների խոսքով, Հնդկաստանը կարող է դառնալ Վաշինգտոնի գործընկերը տարածաշրջանում։

Ի դեպ, Թրամփի այցը Հնդկաստան տեղի է ունենում Քաշմիրի հատուկ կարգավիճակը չեղարկելու՝ Դելիի որոշումից կես տարի անց։ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կոչ էր արել Թրամփին աջակցել կարգավորելու երկու հարևան միջուկային տերությունների վեճը Քաշմիրի շուրջ։ ԱՄՆ նախագահը հայտնել էր իր պատրաստակամությունը, բայց Հնդկաստանի վարչապետ Նարեդնրա Մոդին հրաժարվել էր երրորդ կողմի միջնորդությունից։

Շվեյցարիայում՝  Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում, Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագայի այցը Իսլամաբադ կկայանա մոտ ապագայում։

Back to top button