ԿարևորՀասարակություն

Հանրաքվեի քարոզարշավը փետրվարի 17–ից. այն կտեւի 44 օր

Փետրվարի 17-ից կմեկնարկի Հանրաքվեի քարոզարշավը։ ԿԸՀ-ն այսօրվա նիստում հաստատել է միջոցառումների ժամանակացույցը։ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ քարոզարշավի համար սահմանված է  44 օր ժամկետ։ Մինչ այդ նախատեսված է, որ պետք է ձեւավորվեն «այո»-ի եւ «ոչ»-ի ճամբարներ։

Հայտնի է, որ ՔՊ-ն արդեն ձեւավորել է «այո»-ի շտաբ, որը կղեկավարի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ոչ»-ի ճամբարի ձեւավորման հետ կապված խնդիրը, սակայն, առկախ է։ Խորհրդարանական ընդդիմադիր ԼՀԿ-ն կարծում է, որ «ոչ»-ի ճամբար ընդհանրապես չպետք է լինի, իսկ ԲՀԿ-ն՝ չի շտապում տեսակետ հայտնել։  

Հանրաքվեի կազմակերպական աշխատանքների համար ժամկետները կարճ են, սակայն, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ օրենքով ամրագրված ժամկետները լիարժեքորեն կպահպանվեն։ Հանրաքվեի անցկացման համար բյուջեից կհատկացվի մոտ 2.5 մլրդ դրամ։

«Մենք այսօր ունենք մեկ առաքելություն՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան կազմակերպել գործընթացը, մեր թիվ մեկ խնդիրը դա է: Այսօր մեր բոլոր գործընթացները փորձում ենք կազմակերպել այն հաշվով, որ հանրաքվե անցկացնելու համար պատշաճ պահպանվեն օրենքով սահմանված բոլոր ժամկետներն ու պահանջները, դա է այսօրվա մեր թիվ մեկ խնդիրը»,– ասաց Տիգրան Մուկուչյանը։

Անդրադառնալովընդդիմության դիտարկմանը, որ քարոզարշավը դեռ չսկսված իշխանական քարոզչամեքենան ամենաբարձր մակարդակով գործի է դրվել, և օրինակ են բերում վարչապետի հայտարարությունները՝ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ անգամ Հանրաքվեի մասին օրենքում է գրված՝ օրենքով սահմանված ժամանակահատվածից դուրս կարող է  քարոզչություն իրականացվել:

«Դրա հնարավորությունը նախատեսված է: Քարոզչության ժամանակահատվածը սահմանվում է այն հաշվով, որ որոշ սահմանափակ ռեսուսրների նկատմամբ կիրառվեն որոշակի կանոնակարգումներ և քարոզչության կողմերի համար այդ ժամանակահատվածում պահպանվի հավասարություն»,– նշեց Մուկուչյանը։

Մինչ այդ, մինչեւ քարոզարշավի մեկնարկը՝ փետրվարի 17-ը պետք է ձեւավորվեն «այո»-ի եւ «ոչ»-ի ճամբարները։ Մամուլում այսօր լուր հրապարակվեց, որ «այո»-ի շտաբը գլխավորելու է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նաեւ ՔՊ կուսակցության վարչության նախագահն է։ «Ոչ»-ի ճամբարի ձեւավորման հարցում, սակայն, առայժմ հստակեցումներ չկան ու անհայտները շատ են։ Խորհրդարանական ընդդիմադիր Լուսավոր Հայաստան կուսակցությունը հայտարարել էր, որ պատրաստ է դիմել ՍԴ՝ հանրաքվեն չեղյալ հայտարարելու պահանջով, քանի որ կարծում է, որ գործընթացը հակասահմանադրական է։

Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարեց. «Համապատասխան թվով ստորագրություններ ԼՀԿ-ն չունի, հետեւաբար՝ այդ հարցը, կարծում եմ, այլեւս փակված է»։

ԼՀԿ-ն համապատասխան թվով ստորագրություններ չունի, որովհետեւ նրան ՍԴ դիմելու հարցում չմիացավ խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ ԲՀԿ-ն։ Կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր պարզաբանեց, թե ինչո՞ւ  չմիացան ԼՀԿ նախաձեռնած ստորագրահավաքին.

«ՍԴ դիմելու համար ստորագրահավաքին չմիացանք, քանի որ ՍԴ-ն շահագրգիռ  կողմ է։ Դրա համար մենք չմիացանք, որպեսզի բոլորին ավելի հասկանալի լինի»,– ասաց Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանն այսօր նաեւ չշտապեց հստակեցնել, թե որ ճամբարում է լինելու ԲՀԿ-ն՝ «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի։ Ասաց, որ քաղխորհրդի նիստ կհրավիրվի, կքննարկեն եւ կորոշեն։ Չշտապեց նաեւ անձնական տեսակետի մասին բարձրաձայնել. 

«Մենք քաղխորհրդում կքննարկենք և պատասխանը ձեզ կասենք: Ես պետք է բոլորին լսեմ, ու մեծամասնությունը ոնց որոշի՝ էդպես էլ կանենք»:

Ի տարբերություն, Լուսավոր Հայաստան կուսակցությունում այս հարցում արդեն իսկ կա հստակ մոտեցում, որը ձեւակերպեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը. «Հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանադրական պրոցեսի մեջ չպիտի լինի հակառակ ճամբար։ Պիտի լինի միայն «այո»-ի ճամբար, «ոչ»-ի ճամբար չպիտի լինի։ Թող միայն «այո»-ն  քարոզեն՝ մեր ժողովուրդն էլ կորոշի»։

Այս մասով, սակայն, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, որ եթե սահմանված 7-օրյա ժամկետի ավարտին կուսակցությունները «ոչ»-ի քարոզչական կողմ գրանցած չլինեն, ապա այդ ժամկետը սպառվելուց հետո արդեն 50 քաղաքացուց կազմված խումբ կարող է դիմել եւ գրանցվել որպես «ոչ» քարոզչական նախաձեռնություն։ Ի դեպ, օրենքը նաեւ հստակեցրել է, որ կարող է գրանցվել միայն մեկ «այո»-ի քարոզչական կողմ եւ միայն մեկ «ոչ»  քարոզչական կողմ։  

Back to top button