ԿարևորՎերլուծական

Երկաթուղային կամուրջ դառնալու Թուրքիայի հայտը. ո՞րն է Հայաստանի այլընտրանքը

2013-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը խոսեց «Նոր մետաքսի ճանապարհ. տնտեսական գոտի» հայեցակարգի մասին, որով նախատեսվում է առևտրային մայրուղիների միջոցով  վերականգնել կամ,  այսպես ասենք,  «հարություն տալ» Մետաքսի ճանապարհին: Պատմական ճանապարհը գործում էր  մեր թվարկությունից առաջ 2-րդ դարից մինչև մեր թվարկության 16-րդ դարը։ Գաղափարն արդեն իրականություն է. Մետաքսի ճանապարհով առաջին բեռնատար գնացքը Պեկինից շարժվում է Պրահա՝ վերջերս գործարկված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով: 

Այսօր Բոսֆորի նեղուցի տակով անցնող Մարմարա երկաթուղային թունելով Եվրոպա է մուտք գործել Մետաքսե ճանապարհի առաջին բեռնատար գնացքը, որը Պեկինից շարժվում է դեպի Պրահա։ 820 մ երկարությամբ և 42 բեռնարկղ ունեցող գնացքը պետք է 12 օրում հաղթահարի 11 483 կմ՝ անցնելով 2 աշխարհամասի 10 երկրով և հաղթահարելով 2 ծով։ Գնացքը ճանապարհի մի մասը հաղթահարել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով, որի բացումը տեղի էր ունեցել 2017-ին: Ըստ թուրքագետ Հայկ Գաբրիելյանի՝ Թուրքիան ոչ միայն  արևմուտք-արևելք, այլև  հյուսիս-հարավ  ուղղություններով երկաթուղային կամուրջ դառնալու հայտ է ներկայացնում:

 «Այս երկաթուղային միջանցքը շրջանցում է Հայաստանը, բայց մենք գիտենք, որ Չինաստանը չի ցանկանում օգտվել միայն մեկ երթուղուց: Դեպի արեւմուտք  իր առեւտրաշրջանառությունն իրականացնելու համար կան բազմաթիվ ուղիներ, որոնցից մեկն էլ կարող է անցնել Հայաստանով: Այս ամենից ելնելով՝ Հայասատանը շուտափույթ պետք է ավարտին հասցնի Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը, որպեսզի չհայտնվի լուսանցքում: Չհայտնվելու համար կօգներ նաեւ Հայաստան-Իրան երկաթգիծը, որը բարդ խնդիր է՝ մեծ ներդրումների պահանջող, բայց եւ չափազանց անհաժեշտ է Հայաստանի համար»,- ասումէ թուրքագետը:

Ըստ նրա՝ Թուրքիան «Բաքու-Թբիլիսի-Կարս»-ով չի սահմանափակվում  եւ պատրաստվում է կառուցել Կարս- Իգդիր- Նախիջեւան նոր երկաթգիծ, որը հնարավորություն կտա երկիրը կապել Նախիջևանի և Իրանի հետ, մեծ քանակությամբ բեռներ տեղափոխել «Արևելք-Արևմուտք» ճանապարհով, եւ որ ամենակարեւորն է, Հայաստանի փոխարեն ընդգրկվել Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքում:

Իրանագետ Արմեն Իսրայելյանն էլ կարծում է, որ իրանական կողմում կարեւորվում է Հայաստան պետության տարանցիկ նշանակությունը՝ հայ-իրանական սահմանով ձգվող միջպետական մայրուղիների կառուցումը, արդիականացումը, սահմանային հատվածներում ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնումը: Իսրայելյանը նշում է, որ օրերս տարածքային եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի Թեհրան այցի ժամանակ խոսվել է նաեւ Հյուսիս-Հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման մասին, ու ոչ՝ միայն:

«Եթե Իրան-Հայաստան սահմանը կարողանա տարանցման կապը ապահովել, ապա երկու պետություններն էլ հնարավորություն կունենան ճանապարհային ենթակառուցվածքներն օգտագործել հենց այդ  նպատակով: Մեկ ամիս առաջ Արեւելյան Ատրպատականի նահանգապետարանը  պղնձի արդյունաբերությամբ զբաղվող խոշոր ընկերություններից մեկին թույլատրել է, որ գանձվող եկամատահարկի մի մասն ուղղվի Թավրիզ-Հայաստան ավտոմայրուղու կառուցմանը: Փաստացի, իրանական կողմը գործնական քայլեր իրականացնում է այդ ավտոմայրուղու կառուցման համար»,- ասում է Արմեն Իսրայելյանը:

Թավրիզ-Հայաստան ավտոմայրուղին վերակառուցելու մասին որոշումն ընդունվել էր 2010 թվականին: Իրան-Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության համատեքստում Իրանի խորհրդարանականներն այդ հարցը վերջին շրջանում պարբերաբար բարձրացնում են, որպեսզի Թավրիզը Հայաստանին կապվի ավելի կարճ ճանապարհով: Խոսքը 22 կմ ճանապարհի մասին է, որը վերակառուցելուց հետո Իրանը  մեկ ժամվա ընթացքում լավ որակի ճանապարհով կկապի Հայաստանին:

Back to top button