ԿարևորՀասարակություն

Հայտնի է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019 թվականի դափնեկրի անունը

«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովը հայտնել է «Ավրորա» մրցանակի 2019 թվականի դափնեկրի անունը՝ Միրզա Դինայի: Նրան շնորհվում է 1 միլիոն ԱՄՆ դոլարի պարգեւ՝ շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին: 

Միրզա Դինային «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության համահիմնադիրն է և տնօրենը: Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին և ցուցաբերում բժշկական օգնություն: Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում և ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին: Առաջնորդվելով մարդկանց փրկելու մեծագույն ցանկությամբ՝ նա կարողացել է ճանապարհներ գտնել և հաղթահարել բազմաթիվ բյուրոկրատական, տեղափոխման հետ կապված խոչընդոտներ՝ օգնելով ամենակարիքավորներին: Միրզա Դինային առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք կրթության հնարավորություն են տալիս անապահով աշակերտներին և օգնություն տրամադրում աղետներից տուժածներին: Դրանք են «Լյուֆթբրյուքե Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը, «ՍԻԴ» հիմնադրամը (SEED Foundation) և «Շայ» հիմնադրամը (Shai Fund):

«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունն ընթանում էր Երեւանի Ազատության հրապարակում: «Ավրորայի» հերոսներն էին այս տարի Միրզա Դինային, փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան և մարդու իրավունքների պաշտպան Հուդա ալ-Սարարին:

Back to top button