ԿարևորՀասարակություն

Սյունիքի դրախտային անկյուն Լիճքը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Մեղրի խոշորացված համայնքի Լիճք գյուղը փոքրիկ դրախտավայր է Իշխան Պողոսյանի համար: Այն բնական պաշարներով հարուստ բնակավայր է, որտեղ պետք է միայն  աշխատել ու արարել: Իշխան Պողոսյանը դժվարանում է հասկանալ գյուղից հեռացողներին, նրանց, ովքեր վաճառում են իրենց հողն ու աշխատանք փնտրում քաղաքներում:

Աշնանային արևի ոսկեգույն շողերը փռվել են Զանգեզուրի լեռնաշղթայի վրա, թվում է, թե արևի ճառագայթները  փորձում են ճեղքել արդեն աշնանային գույներ հագած ստվարախիտ անտառները, թափանցել  նրանց խորքը, իջնել լանջերով ու շարունակել ջերմացնել հենց  այնտեղ ծվարած Լիճք գյուղի լքված տների պատերն ու ապրողների սրտերը: Գյուղի աշխույժ կյանքից միայն հիշողություններ են մնացել: Սա ցավով է հիշում նաև  Հովիկ Միրզոյանը, ով ՏԻՄ-երի կազմավորումից՝ 1996թ-ից ի վեր,  մինչև  համայնքների խոշորացումը՝ 2016թ-ը,  ղեկավարել է Լիճք համայնքը, այնուհետև նշանակվել՝ վարչական ղեկավար:

«Մոտավորապես 20 տարի առաջ բնակչության թիվը քառապատիկ անգամ շատ էր: Ունեինք մոտ 260-270-ի կարգի  ընտրողներ, իսկ այժմ կազմում է  65-67 հոգի: Տարեցները էս 20 տարվա ընթացքում կյանքից հեռացան ահագին, հենց էդ պատճառով ահագին թվաքանակը պակսեց: Միանշանակ, ահագին մարդիկ դուրս եկան գյուղից, երիտասարդությունն էլ, ապագա չկար, ամուսնանալու հարցեր կար, բան կար, թողան գյուղից հեռացան: Դպրոցում էն ժամանակ եղել ա մոտավորապես 70-80 երեխա»:

Ժողովրդագրությունը բնականոն ընթացք չունի, գրանցված մահերը չեն լրացվում նոր ծնունդներով, քանի որ երիտասարդներն իրենց ապագան չեն կապում գյուղի հետ, հեռանում են  Լիճքից՝ չգնահատելով իրական  դրախտավայրի արժեքը: 20 տարվա գյուղապետը դժվարացավ պատասխանել, թե գյուղում քանի տուն կա, քանիսն է դատարկ, միայն  հաշվարկել է. «Անսահամնափակ տներ կան, բայց էսօր հաշվել եմ՝ 26 բնակվող տուն կա»:

Այսինքն՝   անցած ձմռանը  միայն 26 տան լույսն է վառվել, 26-ի ծխնելույզից ծուխ բարձրացել: Համայնքի վարչական ղեկավարը մեջբերեց անցած ձմռան վիճակագրությունը, որն այս ձմռանը դարձյալ փոխվելու է: Ձմռան շեշտադրումը պատահական չէ, այն արտահայտում է գյուղի  մշտական ապրողների թիվը: Իսկ ամռանը Լիճքի փողոցները ժամանակ առ ժամանակ լցվում են երեխաների աղմուկով, փակ դռները բացվում են, օդափոխվում, որոշ ժամանակ անց՝ դարձյալ փակվում:

«Շատ եմ սիրում իմ գյուղը, իմ  ամբողջ մանկությունն էստեղ է անցել: Էս գյուղի դպրոցում եմ սովորել: Էդ ժամանակ կային  բոլոր դասարնները, ճիշտ է՝ ամեն դասարանում 2-3 հոգի, բայց բոլոր դասարանները կային: Մեր դասարանում 5 աշակերտով ենք ավարտել  2008թ-ին: Ամռանը, որ գալիս եմ՝ շատերին եմ հանդիպում, թեկուզ շատ կարճ ժամանակով, բայց բոլորն էլ գալիս են»:

Փակ դռներին  այս տարի միացավ նաև  դպրության միակ  օջախը՝ դպրոցը, որտեղ  վերջին երկու տարում միայն 2 աշակերտ է սովորել: Դպրոցը չավարտած՝ նրանց ընտանիքներն էլ հեռացան:  Գյուղն աստիճանաբար  լքվում է, գնում են քաղաքներ՝  Մեղրի, Քաջարան ու Ագարակ՝ իրենց ագարակները թողնելով դատարկ ու ամայի: Բնությունը շռայլ է գտնվել Լիճքի ու լիճքեցու նկատմամբ՝ մաքուր օդ, զուլալ ու  առատ ջուր, բնական կանաչ տարածք և շատ հողեր: Միայն պետք է արարել ու ապրել: Սրանք զուտ խոսքեր չեն, այլ՝  կարգախոս, որով  առաջնորդվում է գյուղին ու հողին ամուր կառչած Իշխան Պողոսյանը:  Նա դույլը ձեռքին  իր տնամերձ այգուց  քաղում էր աշնան վերջին պտուղները, ծառերի տակ խնամքով չորանցնում  բերքը: Զրույցի պահին  տանից դուրս եկավ կինը ՝ օշարակի մեջ թաթախված մրգերով լի սկուտեղը ձեռքին, հերթական չիրն էր պատրաստում:

«Սա սև սալորի չիրն է, սա՝ դեղին սալորի, այն 2 մասի եմ բաժանում, աղ ցանում ու չորացնում: Սա թուզն է ու արքայանարինջը, չիր եմ պատրաստում ու վաճառում»:

Թուզն ու արքայանարինջը  բերել էր Մեղրիի իր տան այգուց:  Բակի մի անկյունում էլ կոկիկ հագնված  Իշխանի տարեց մայրն էր մասուր մաքրում. «Մաքրում եմ, չորացնում, սոկ սարքում, մասուրից ճաշ եփում»:

Հետո մանրամասնում է դիետիկ ու առողջարար սննդի պատրաստման եղանակը: Իշխանն ասում է, որ այս դրախտավայրում ամեն ինչ կա լավ ապրելու համար, իր ունեցածն էլ այս հողից է ստեղծել:

«Բելոռուսն ունեմ, էս ժիգուլին ունեմ, 35 տարի է օգտագործում եմ, էս  «Կամազն» ունեմ, էն  «Կամազը» եղբորսն է, միասին ենք ապրում, էն թրթուրավոր տրակտորն է ունենք: Տելեվիզորով տեսնում ենք, որ Հայաստանի շատ տեղեր, դաժե, ջուրն ա բերովի, ցիստեռնը գալիս կանգնում, վեդրոյով ջուրը տանում են, ես էլ տանը ասում եմ՝ այ մարդ, ախր, ջրերով հարուստ, ռեսուրսներով  հարուստ տեղը մեր տեղնա, բա էս մարդիկ, խի՞ գնացին, պատճառը ո՞րն ա»:

Մտորում է ու եզրակացնում՝ հողի հետ շփվել չեն սիրել: Եթե համագյուղացիներն այլ  աշխատանք գտնելու հույսով հեռանում են քաղաք ու վաճառում հողերը, ապա Իշխան Պողոսյան գնում է, ավելացնում  հողերի չափաքանակը: Այժմ նա 10 հա հող ունի, որը  եղբոր հետ մշակում է ըստ կարիքի:

«3 տարի է 3 տոննայից վարունգ եմ ստեղծել, տանում տալիս շրջկենտրոնների խանութներին: Բիզնես ծրագրով շահեցի, զբաղվեցի ու էդպես ընդլայնեցի: Հողերս օգտագործում եմ ինչքան, որ կարիքը կա, շուկայի հետ գնում եմ: Բանջար եմ մշակել, խոտ եմ վաճառել,  անասուն եմ վաճառել: Աշխատող մարդը ամեն ինչից կաշխատի, բայց չաշխատող մարդը՝ միայն բողոք, բողոքելով ոչ մի բանի չես հասնի, միայն աշխատել»:

Հողերի մեծ մասը թողել է  խոտհարքի տակ, մի մասում՝ անասնակեր ցանում: Լիճքում տարիներ առաջ մոտավորապես 150-180 գլուխ խոշոր և 300 գլուխ մանր եղջերավոր անասուն են պահել: Իշխան Պողոսյանը հիմա հաշվարկում ու ասում է՝ գյուղում ընդամենը 10 կթու կով կա, ինքն էլ 6 ցուլ ունի որպես մսացու:

«Ինչու անասուները վերացան, որովհետև ռեալիզացիա չկար, շատ քիչ էր: Մի քանի հատ մսի խանութ կա, գնում ես ասում՝ միսը բերեմ, ասումա՝ չէ, ունեմ, ունեմ, ժողովուրդն էլ ասում է՝ տո, ինչներիս է պետք անասունը»:

Իշխանը հիմնական եկամուտը անասնապահությունից է ստացել, 10 տարի շարունակ՝ մինչև 2018թ-ը  80 գլուխ խոզ է պահել, հետո վերացրել:  Ասում է՝ այս գործում պետությունն է թերացել իր հաշվարկների մեջ, դրսից մսամթերք ներկրելու փոխարեն պետք է խրախուսեր  տեղական մսի արտադրությունը: Գյուղի տարածքի խոտհարքերը հիմա դեղնել են ու չորացել: Իշխանը սիրում է մեր հայրենիքի իր փոքրիկ անկյունը:

«Ես 60 տարեկան եմ, ոչ մի տեղ չեմ ձգտել  գնամ: Պատկերացնում եք, Մեղրիում սեփական տարածք, հողատարածք, մրգեր, բան, չեմ ձգտել գնամ, հա, կա, գնում եմ, մշակում, բերում, վաճառում, ուտում: Ոչ մի օր, ոչ մի գիշեր դրսում չեմ քնել, գնացել, եկել եմ»

Ճանապարհելիս էլ ցույց է տալիս իր դրկիցների փակ դռները, որոնց զավակները թողնելով ծնողներին, գնացել են քաղաք, մնացել, ծնողներն էլ մահացել են ու տան դռները փակվել:

Իշխան Պողոսյանը համատեղ ապրող եղբոր հետ  շարունակելու է ապրել փոքրիկ դրախտում, ապրելու են ու արարելու, միակ ցանկությունն է, որ իր գյուղն ամառանոց չդառնա, որ հեռացածների ժառանգները գնահատեն իրենց ունեցածն ու ճիշտ ժամանակին  վերադառնան, շենացնեն ու նոր գույներ հաղորդեն Լիճքին:

Հոդվածը պատրաստվել է  «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի» կողմից կազմակերպված մեդիաարշավի շրջանակներում:

Back to top button