ԿարևորՀասարակություն

Կարծրատիպերը ձեւավորում են ծնողները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանի կառավարությունն այսօր որոշել է Երեւանի 16 հատուկ դպրոցը վերածել հիմնական դպրոցի՝ Երեւանի 201 դպրոցի։ Նոր ուսումնական տարվա սկզբին հատուկ դպրոցի ուսուցչական կազմն ու ծնողները բողոքում էին՝ անհանգստանալով դպրոցի ճակատագրով։

Այսօր արդեն որոշումից հետո դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ դպրոցը կաշխատի բնականոն ընթացքով։ Դասադուլից հետո ամեն ինչ կարգավորվել է՝ ասել է։

Փաստորեն՝ 16 հատուկ դպրոցի հիման վրա Երեւանում եւս մեկ ներառական դպրոց ունենք։ Համընդհանուր ներառականությունը Հայաստանում նոր կրթական համակարգ է: Ամռան ընթացքում  հանրապետության բոլոր ուսուցիչները վերապատրաստվել և  սեպտեմբերից դասարաններ  են մտել հատուկ ներառական կրթության կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու օրակարգով:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին համակարգված պրոֆեսիոնալ աջակցություն ցուցաբերելու գիտակցությամբ «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ 2001-ին առաջինը Հայաստանում սկսեց ներառական կրթության ծրագիրը: 

Այսօր արդեն ներառական կրթության «Հույսի կամուրջի» փորձը դարձավ այն հիմքը, որի վրա երկրում մշակվեցին ներառական կրթության քաղաքականությունը, օրենքը և ռազմավարությունը: Երբ տարիներ առաջ ներառական կրթության հիմքը դրվեց, ընդամենը մի քանի դպրոց միացավ ներառական կրթության ծրագրին:

Դրանցից մեկն էլ համար 100 հիմնական դպրոցն էր: Դպրոց, որն այսօր արդեն առանձնանում է իր հարուստ փորձով:  Դժվարություններ իհարկե եղել են, բավականին բարդ և պատասխանատու ճանապարհ է անցել  դպրոցը, բայց այսօր արդեն ոչ միայն կայացած է իր տեսակի մեջ, այլև իր փորձն է փոխանցում մյուս դպրոցներին:

« Ներառական կրթությունը կրթություն է բոլորի համար, հավասար իրավունքներ և հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ իրենց կարողությունների և իրենց հնարավորությունների սահմաններում»,- ասում է դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանը:

Դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Անգելինա Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ մթնոլորտը դպրոցում ձևավորում են տնօրենն ու ուսուցչական կազմը:

« Երբ սեպտեմբերի մեկին ուսուցիչը գալիս է դասարան և տեսնում երեխաներին՝ իրենց առանձնահատկություններով, և դիմավորում է բոլորին հավասար, ջերմ ու գրկախառն, այս եղանակը տարածվում է բոլորի վրա: Մնացած բոլոր խնդիրներն իրենք իրենցով հարթվում են»:

Ներառական դպրոցի մասին շատերի պատկերացումը փոխվում է հենց դպրոցում: Տեսնելով ուսուցիչների հոգատար վերաբերմունքը՝ հատկապես առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողները հանգիստ գնում են տուն՝ վստահ լինելով, որ իրենց երեխան ապահով ձեռքերում է:

«Զարգացման առանձնահատկություն ունեցող երեխայի ծնող եմ: Համընդհանուր ներառականացմանը մի քիչ երկակի վերաբերմունք ունեմ: Ծրագիրը մի փոքր թերի է: Այս դպրոցում ես գիտեմ, որ ամեն ինչ ընդհանուր է և խնդիր չկա, բայց այն դպրոցները, որոնք դեռ նոր պետք է անցնեն ներառական կրթության, ես չեմ կարող ասել, թե որքանով են պատրաստ: Ինձ թվում է, որոշակի արդյունքի հասնելու համար ժամանակ է պետք, և պարզ չէ՝ այդ ընթացքում երեխաները կտուժե՞ն, թե՞ ոչ»:

Այն, որ համընդհանուր ներառականացման ճանապարհին դեռևս շատ խոչընդոտներ կան հաղթահարելու, խոստովանում են նաև  կրթության նախարարությունում: Փոխնախարար Արևիկ Անափիոսյանը չի ժխտում՝ դեռևս խնդիրներ և որոշ թերություններ կան, բայց, ընդհանուր առմամբ, համակարգը պատրաստ է բոլոր դպրոցներում ներառական կրթության անցնելուն:

«Շատ կարևոր է ուսուցչի դերը: Գոյություն ունեցող կարծրատիպերը հիմնականում գոյություն ունեն ուսուցիչների և ծնողների շրջանում: Երեխաները որպես կանոն նման կարծրատիպային  մոտեցումներ չունեն: Եթե սպասենք, որ համակարգը պատրաստ լինի փոփոխությունների, ապա ընդհանրապես որևէ փոփոխություն պետք է չանենք: Ուսուցչական համայնքը պետք է պատրաստվի և մենք դա կազմակերպում ենք մասնագիտական զարգացման տարբեր դասընթացներով»:

Վերապատրաստման դասընթացները, ի դեպ, իրականացնում են հենց համար 100 հիմնական դպրոցի մասնագետները: Այդ դասընթացներին են մասնակցում այն դպրոցների մասնագետները, որտեղ դեռ նոր է անցում կատարվում համընդհանուր ներառականացմանը: Այդպիսի դպրոց է, օրինակ, Երևանի համար130 հիմնական դպրոցը: Դպրոցի հոգեբան Էլպիդա Բաբայանը ողջունելով ծրագիրը, այնուամենայնիվ կարծում է, որ հասարակությունը դեռևս պատրաստ չէ ներառական կրթությանը:

«Նույնիսկ մանկավարժները իրենք դեռ պատրաստ չեն այդ գործընթացը մարսելուն: Չնայած բոլոր թերություններին՝ քայլ առ քայլ մենք պետք է ընդգրկվենք ներառական կրթությանը»:  

Ներառական կրթությունն այլևս կրթության քաղաքականության մաս է, և այսօր էլ կառավարության որոշմամբ՝ Երևանի համար 16 հատուկ դպրոցը վերանվանվեց համար 201 հիմնական դպրոց:

Back to top button