ԿարևորՏնտեսական

Հող մշակելը ոչ թե չարչարանք, այլ` բիզնես

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ինչպես հող մշակելը չարչարանքից բիզնես դարձնել։ Հարցը կարևորել ու կարևորում են Հայաստանի բոլոր կառավարությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս խնդրին պարբերաբար է անդրադառնում։

«Ռադիոլուրի» զրուցակիցը՝ նորագույն  մեթոդներով ելակի  արտադրությամբ զբաղբող  Rock Berry  ընկերության տնօրեն Վահանգ Մելքոնյանը, գաղտնիքը գիտի։ Ջերմոցային տնտեսությունը Կոտայքի մարզի Կամարիս համայնքում է։

Աշխատանք, աշխատանք ու էլի աշխատանք․ Rock Berry  ընկերության տնօրեն Վահանգ Մելքոնյանը գյուղատնտեսությամբ զբաղվելիս հաջողության հասնելու իր բանաձևն  է ներկայացնում։ Ավելի քան 5 հա տարածքում ելակի աճեցման համար անհրաժեշտ գումարը ոչ թե ակնկալել են պետությունից, այլ՝ սեփական առկա ու նաեւ վարկային միջոցներց են։

Կաթիլային ոռոգման ու ջեռուցման համակարգեր,  բույսերի՝  ածխաթթու գազով ապահովվածություն, մառախլագոյացման համակարգ, որն առաջինն է տարածաշրջանում։

«Կոկոսի մանրաթելի հիմքով  պատրաստված  միջավայրում ենք աճեցնում։ Իներտ միջավայր է, խոնավությունը՝ բարձր, ծակոտկենություն  ունի, որի հետևանքով բույսի արմատները բավարար քանակով թթվածին են ստանում»։

Այս եղանակով ելակ աճեցնելն առավելություն ունի՝ ասում է զրուցակիցս.

«Եթե հողի դեպքում կարող են բույսին փոխանցվել վնասակար նյութեր, այս դեպքում իներտ է միջավայրը, ռիսկերը կառավարելի են»:

Տերևների ու բերքի համար հենարանային համակարգ կա, բույսերի պաշտպանությունը մեղուներն են իրականացնում։

Ջերմատունը շահագործման է հանձնվել  2019 թվականի հունվարին, ակնկալվում է, որ մինչև տարեվերջ 800 տոննա ելակ կունենան, արտադրանքի 95 տոկոսն արտահանում են։ Հիմնականում Ռուսաստան են արտահանում, բայց փորձում են նաեւ մուտք գործել ԵՄ ու արաբական շուկաներ։

Ծրագրի երկրորդ փուլի իրականացման  համար խնդիրներ կան հողակտորների ձեռքբերման հետ կապված։

«150 քառակուսի մետրից սկսած հողեր են ձեռք բերել, 170 պայմանագիր են կնքել։ Մարդիկ պատրաստ են վաճառել դրանք, սակայն 20 տարի առաջ արգելանք է դրվել, չեն կարողանում վաճառել»։

Ծրագրի հետ այս փուլում են ինտենսիվ այգին հիմնել։ Ընկերության  ծրագրերի ղեկավար Նաիրա Խաչատրյանի խոսքով՝ ինտենսիվ  այգին  ավելի շատ փորձնական նպատակ ունի։

«Մենք հիմնել ենք ավելի շատ որպես պիլոտային ծրագիր՝ պատկերացնելու համար, թե այդ հատապտուղներն ինչ արտադրողականություն ունեն։ Դրանք հիմնականում եվրոպական սորտեր են՝ և ազնվամորին, և մոշը։ Ուսումնասիրությունը ավարտելուց, առաջին բերքը ստանալուց հետո արդեն կաճեցնենք ջերմոցային տնտեսությունում»։

Գյուղատնտեսությունը կարող է լինել բիզնես, ոչ թե հոգս՝ ասում է Վահագն Մելքոնյանը։ Դրա համար նորագույն տեխնոլոգիաներ, շուկաներ են անհրաժեշտ։

Պետք է մարդկանց մոտեցումը փոխվի, աշխարհը առաջ է գնում, շատ բան ունենք սովորելու։ Հայաստանում շատ խնդիրներ կան՝ սկսած մասնագետների վերապատրաստումից մինչև լոգիստիկ խնդիրներ, պարարտանյութերի հասանելիության խնդիրներ։ Լուծում՝ կա.

«Կառավարություն- բիզնես միջավայր կապը պետք է շատ ամուր լինի, իրականացվեն փորձի փոխանակումներ արտերկրի մասնագետների հետ։ Սակայն դա փոքր բիզնեսի համար բավականին թանկ հաճույք է, կարծում եմ հետևողական աշխատանքի դեպքում շատ լավ գյուղատնտեսություն կունենանք՝ հիմք դնելով բարձրարժեք մշակաբույսերի արտադրությանը»։

Հայաստանը տարածքով փոքր երկիր է, ճիշտ չի լինի այստեղ տեխնիկական սորտի պտուղ-բանջարեղեն աճեցնել, պետք է շեշտը դնել  բարձրարժեք պտուղ-բանջարեղենի վրա, որը Հայաստանին  համաշխարհային շուկայում ճանաչելի կդարձնի։ Մելքոնյանը միայն չի առաջարկում, ամենակարևորը՝ սեփական օրինակով է փորձում։

Back to top button