ԿարևորՀասարակություն

Տավուշցի ֆերմերի ապագայի ծառը, կամ ինչպես լռեցնել սղոցի ձայնը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանում վերջին ամիսներին ակտիվ պայքար է սկսվել ապօրինի անտառահատումների դեմ՝ կոշտ միջոցներով:

«Ռադիոլուրի» զրուցակիցը սակայն կարծում է, որ մի քանի տարում հնարավոր է խնդիրը լուծել՝ կրկին անտառների տնկմամբ: Առաջին հայացքից է միայն այստեղ հակասություն նկատվում, իրականում ամեն ինչ կախված է տնկվող ծառատեսակից:

«Կացնի ու սղոցի ձայնը կարելի է Հայաստանի անտառներից կտրել»,- վստահեցնում է զրուցակիցս՝ ֆերմեր Սպարտակ Զախարյանը:

Ավելին՝ պնդում է՝ անտառները կարելի է մի քանի տարում վերականգնել։

Իրականում ամեն ինչ կախված է տնկվող ծառատեսակից: Սպարտակ Զաքարյանը հավատում է դրան, Տավուշի մարզի Պտղավան համայնքում փորձեր է անում՝ ապագայի ծառ է աճեցնում:

Պտղավան բոլորովին այլ նպատակով էինք այցելել, սակայն, հայերիս համար անսովոր կայուն տերեւներով թուփը շարժեց լրագրողական հետաքրքրությունս։  

Չինաստանում հայտնի բոլունիայի կոչվող ծառն է: Այն տարածված է նաև Հյուսիսային Ամերիկայում: Հայաստան է հասել Կալիֆորնիայից:  Տավուշում նրան անվանում են Պավլովնիա՝ ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանում:

Անվանումների տարբերությունը նախապատմություն ունի:  Զրուցակիցս՝ ֆերմեր Սպարտակ Զախարյանը, ոգևորությամբ է պատմում. «1735 թվականին գերմանացի կենսաբաններից  մեկն այցելում է ՌԴ ու տարածքի հետ ծանոթանում: Հանդիպում է նաև  ռուսական  ցարի՝ Պավել Առաջինի հետ:  Զրույցի ժամանակ ներս է մտնում Պավել Առաջինի  աղջիկը՝  Աննա Պավլովնան:  Նրա գեղեկցությունից ոգևորված՝  կենսաբանը որոշում է, որ ծառը  նրա անունով պետք է կոչվի՝  Պավլովնա: Հիմա ՌԴ-ում ու մեր տարածաշրջանում այն այդպես էլ անվանում են»:

21 տեսակներից Հայաստան է բերել տոմենտոզան։ Նպատակը անտառ  հիմնելն է. «Եթե կահույքի համար օգտագործեն, վստահ եմ, որ 100 տոկոսով ապօրինի ծառահատումները կվերանան»:  

Ծառատեսակն արդեն Հայաստանում է աճում: Հայկական միջավայրին հեշտ է հարմարվում՝ ասում է զրուցակիցս . «Ինքը մինչև 25 աստիճան ցրտին դիմանում է: Խնդիր չկա այս մասով: Գոտիականության մասով էլ խնդիր չունենք՝ մինչև  1500-200 մետր բարձրության վրա աճում է: Տարին երկու անգամ ծաղկում է: Գեղեցիկ  ծաղիկներ ունի»:

50 հազար հատ պավլովնիայի տնկի շուտով Արցախ կտարվի: 100 հա տարածքում  անտառ կհիմնեն: Պարզվում է՝ Հայաստանում ազատ հողեր չկան. «Լավ հողերը սեփականաշնորհված են, տարածք չեն տալիս, որ այստեղ մշակեն, ուստի որոշել են Արցախում մշակել։ Մի քանի անգամ մեր անտառներից շատ կլինեն: Վեց-յոթ տարի հետո կարող են արդեն օգտագործել: Առաջին հատումը կանեն»,- ծրագրերի մասին է պատմում Ֆերմերը:  

Զրուցակիցս վստահեցնում է, որ կարճ ժամանակում արդյունքն ակնհայտ կլինի: Հորդորում է՝ հետևել իր օրինակին: Կոչ է անում ապօրինի ծառահատումների դեմ հենց այս եղանակով պայքարել:

Back to top button