ԿարևորՎերլուծական

Ի՞նչ է նշանակում ՍԴ-ի ՄԻԵԴ դիմելը. իրավաբանները տարբեր կերպ են մեկնաբանում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Սահմանադրական դատարանը երեկ աշխատակարգային որոշում կայացրեց` դիմել  ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով: Միջազգային մասնագետներից հայցվող կարծիքն առնչվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Հայաստանի սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն:

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների եւ «մարտի 1»-ի դեպքերին առնչվող գործերի հիմքում հենց  այս հոդվածն է: Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում միջազգային ատյաններին դիմելու ՍԴ որոշումը եւ ինչ հետեւանք այն կարող է թողել հանրային հետաքրքրություն ունեցող գործերի վրա:

Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի միջազգային մեկնաբանությունը կարող է էապես ազդել Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետագա ընթացքի վրա։ Քոչարյանի համար բարենպաստ զարգացումներ կարող են լինել, եթե պարզվի, որ այդ հոդվածը չունի անհրաժեշտ որոշակիություն: Բայց կարող է լինել նաեւ հակառակը: Վենետիկի հանձնաժողովն արդեն մեկ անգամ ասել է, որ սա ոչ թե նոր օրենք է, այլ հնի բարեփոխված տարբերակ։ Եթե այդպես է, ստացվում է, որ 300.1 պրիմ հոդվածը կարելի է կիրառել նաեւ այսօր՝ 10 տարի անց, եւ դա չի համարվի օրենքի հետադարձ կիրառություն։  

Իրավական այս վեճը առաջիկա օրերին պետք է լուծեր Սահմանադրական դատարանը, սակայն ընտրեց այլ ճանապարհ, որը շատերի համար անակնկալ եղավ: ՍԴ-ն առաջին անգամ օգտվեց բացառիկ իրավունքից, որը տալիս է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրությունը: Փաստաթուղթը Հայաստանը ստորագրել էր դեռ 2016 թվականին, բայց այն ուժի մեջ է մտել մեկ տարուց ավելի պակաս՝ 2018 թվականի օգոստոսի 1-ից: Կոնվենցիայի արձանագրությունը թույլ է տալիս ազգային բարձր դատարաններին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որեւէ դրույթի մեկնաբանության խնդրի դեպքում բացառության կարգով դիմել ԵԴ՝ հայցելով խորհրդատվություն տվյալ նորմի մեկնաբանության վերաբերյալ: Մեր դեպքում խոսքը հենց  Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մեկնաբանության եւ հետադարձ ուժի խնդիրն է:

Մեր զրուցակիցն է Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:

-Այստեղ երկու փուլ է: Նախ՝ պետք է 5 դատավորի կազմով ԵԴ-ում  ՍԴ դիմումն ընդունելու կամ չընդունելու որոշում կայացնել եւ հետո՝ մի քանի ամսվա ընթացքում որոշում կայացվի: Ընդամենը մեկ տարի չկա, ինչ ուժի մեջ է մտել այդ ընթացակարգը: Մինչեւ հիմա ես մեկ գործի մասին գիտեմ Ֆրանսիայից 5-6 ամիս է տեւել ԵԴ կողմից որոշում կայացնելը: Այսինքն՝ ոնց էլ լինի, դա կարող է տեւել ամիսներ:

-Իսկ այդ ամիսների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ ինչ զարգացումներ պետք է լինեն այստեղ՝ խափանման միջոցի՞ վերանայում, թե՞ դատարանը կարող է շարունակել …

-Բնականաբար, վարույթները պետք է կասեցվեն, որովհետեւ 300 պրիմ հոդվածը այն հոդվածն է, որն ընկած է եւ մեղադրանքի եւ կալանքի հիմքում: Երկու առանձին դատավարություններ են: Բնականաբար, երկուսի վերաբերյալ որոշակի կասեցում կա: Հիմա հարց է առաջանում՝ կալանքը շարունակում է ողջամիտ լինել, թե ոչ: Դա արդեն պաշտպաններից է կախված:

Իրավական խնդիրը, որն ուղղված էր Սահմանադրական դատարանին այս պահի դրությամբ կասեցված է՝ մինչ միջազգային մասնագետների պատասխան ստանալը: Դատական այլ ատյաններում Քոչարյանի գործով ընթացող դատավարությունների ընթացքի վրա ՍԴ որոշումը չի կարող ազդել՝ պնդում է փաստաբան Նորայր Նորիկյանը:  

 «Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկումը բացարձակապես առնչություն չունի ՍԴ կողմից կայացված աշխատակարգային որոշման հետ: Բացարձակապես նման խնդիր չկա՝ դրանք բոլորովին այլ հարթության վրա քննարկվող հարցեր են, նաեւ տարբեր դատարանների վարույթներում քննվող տարբեր խնդիրներ են»,-ասում է Նորիկյանը:

Քոչարյանի պաշտպանական թիմից իրավիճակի գնահատականը ներկայացնում է Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը. «Այդ պրոցեսը հիմք չէ ընդհանուր իրավասության դատարանում գործի կասեցման համար: Գործը պետք է քննվի ընդհանուր իրավասության դատարանում, չպետք է ձգձգվի: Գործն այս պահին օֆիցիալ հայտարարված է շարունակվող»:  

Եթե ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով դիմելը չի ձգձգելու Քոչարյանի գործով դատավարությունների ընթացքն, ապա ինչո՞վ էր պայմանավորված Սահմանադրական դատարանի անկանխատեսելի քայլը, արդյո՞ք ՍԴ-ին ուղղված քաղաքական մեղադրանքների պատասխանն է: Փաստաբաններ Նորայր Նորիկյանն ու Արա Ղազարյանը տարբեր ենթատեքստեր են տեսնում.  

«Ոչ թե իրենք փորձում են դիմադրության օջախ ստեղծել, ես այդ կարծիքին չեմ: Ճիշտ հակառակը, ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը եւ ՍԴ գործող անդամները՝ ՍԴ-ն առերեւույթ փորձում է պատասխանատվությունն իր վրայից գցել կամ խուսափել պատասխանատվությունից՝ հետագայում որոշում կայացնելու ժամանակ հղում անելով Վենետիկի հանձնաժողովի կամ ՄԻԵԴ-ի կողմից տրված եզրակացություններին»,- ասում է Նորայր Նորիկյանը:

«Դուք քաղաքական բնույթի հարց եք տալիս, ես կպատասխանեմ զուտ իրավական տեսանկյունից: Իրավական տեսանկյունից դա բավականին հետաքրքիր գործընթաց է: Դա ազգային դատական մարմինների եւ եվրոպական մարմինների հետ համագործակցության մասին խնդիր է: Դա ընդհանրապես ողջունելի է, միջազգային իրավունքում շատ քիչ կան նման ընթացակարգեր: Անսպասելի էր, թե ոչ: Ասենք՝ իմ մտքով անցնում էր, բայց ես չէի սպասում, որ նման քայլի կդիմի ՍԴ-ն: ՍԴ-ն փորձում է մեկնաբանել 300 պրիմ հոդվածը եվրոպական ստանդարտներով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի լույսի ներքո: Բնականաբար, այդ ամենը լավ է»,- ասում է Ղազարյանը:

Որքան կտեւի վարույթի կասեցումը ՍԴ-ում՝ հստակ ժամկետների փոխարեն «ՍԴ մասին» օրենքը հուշում է զարգացումների երկու տարբերակ: Կամ Սահմանադրական դատարանը սպասում է միջազգային կառույցների եզրակացություն-պատասխաններին, կամ միեւնույն ժամանակ՝ նույն օրենքով՝ ՍԴ-ն կաշկանդված չէ եւ իր պատճառաբանված որոշմամբ առանց միջազգային կարծիքները ստանալու իրավասու է վերսկսել գործի վարույթը:   

Back to top button