ԿարևորՄշակույթ

«Ոսկե ծիրան»․ օր 5-րդ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ռադիոլուրը» շարունակում է ներկայացնել «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացվող  ֆիլմերն ու դրանց հեղինակներին։ Երիտասարդ ռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ սպասելիքներ» ֆիլմը 88-ի աղետալի երկրաշարժը դժվարությամբ վերապրող սերնդի մասին է։

Ավելի քան 30 տարի աղետի չանհետացող պատկերները հիշողությամբ փոխանցվում են նոր սերնդին՝ գրեթե անհնար դարձնելով ցավի հաղթահարումը։

«Մեծ սպասելիքներ» ֆիլմի առանցքում Գյումրին է, որը դադարել է առաջ գնալ՝ մնալով աղետի ստվերի տակ, և որտեղ  ամեն նորածին  պետք է «փոխարինի»  զոհված որևէ մեկին։

Աղետից հետո ծնված սերունդը, որի ներկայացուցիչն է ֆիլմի ռեժիսոր Սոնա Սիմոնյանը, 30 տարի անց էլ ինքն իրեն շարունակ նույն հարցն է տալիս՝ մնա՞լ, թե՞ հեռանալ։

Աղետը վերապրած ավագ սերնդի ցավն ու հոռետեսությունը  փորձում է  հաղթահարել Գյումրու նոր սերունդը, բայց «հեշտ չէ առաջ գնալը, որովհետև կյանքն ամեն վարկյան հիշեցնում է կորուստը՝ տարբեր խնդիրների, ամենուր քեզ ուղեկցող տեսարանների պատճառով»,-ասում է Սոնան:

Ուրեմն փակուղի՞. իհարկե ոչ , որովհետև ֆիլմը, այդուամենայնիվ, մեծ սպասելիքների մասին է։ Երիտասարդ ռեժիսորն իր ֆիլմով  հենց դա էլ փորձում է փոխանցել՝ չդադարող սպասումի, հույսի մեջ է քաղաքի՝ դեպի լույս տանող ճանապարհը։

«Մեծ սպասելիքներ» ֆիլմը Սոնա Սիմոնյանի առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքն է։ Նա նաև ինը կարճամետրաժ ֆիլմի հեղինակ է։

Back to top button