Մշակույթ

«Ցիրուցան». ներկայացում՝ հայրենիքից հեռացած ու Ֆրանսիայում բախտ որոնող հայերի մասին

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում Ֆրանսիայից Հայաստան ժամանած թատերախումբը հոկտեմբերի 24-ին և 25-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում կլինի հայկական հոգսերով:

Բեմում կլինեն ազգությամբ հայ և ֆրանսիացի դերասաններ:

Էդմոն Անեմյանի բեմադրած «Ցիրուցան»-ը հայրենիքից հեռացած ու Ֆրանսիայում բախտ որոնող հայերի մասին է: Ֆրանսահայ բեմադրիչի հետ Ալիսա Գևորգյանն է զրուցել:

 

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում Երևանում հյուրախաղերով հանդես կգա ֆրանսիական Սենտ Էտիեն և Սեն-Շամոն քաղաքների ՀԲԸՄ-ի թատերախումբը՝ ներկայացնելով «Ցիրուցան» բեմադրությունը՝ ֆրանսերենով: Նախագծի աջակիցներն են նշված քաղաքների քաղաքապետարաններն ու ՀՀ մշակույթի նախարարությունը:

Բեմադրության հեղինակ, ֆրանսահայ Էդմոն Անեմյանի խոսքով, ստեղծագործությունը 2005-ին և 2011-ին Հայաստան կատարած ուղևորությունների ընթացքում նրա ստացած տպավորությունների, ինչպես նաև Հայաստանից Ֆրանսիա տեղափոխված հայերի հետ զրույցների  հանրագումարն է:

«Ցիրուցան» բեմադրության առանցքում արտագաղթի, հեղինակի բնորոշմամբ՝ ցիրուցան եղած ազգի խնդիրներն են:

Ըստ հեղինակի՝ սա մի յուրօրինակ կատակերգություն է, որտեղ մարդիկ փորձում են հասկանալ, վերլուծել՝ ինչու և ինչպես Հայաստանը հայտնվեց տնտեսական բարդ իրավիճակում, ինչպես մարդիկ հեռացան ու հայտնվեցին օտար ափերում: Բեմում հայաստանյան կյանքն է՝ իր բազմաթիվ խնդիրներով:

«Ֆրանսիական Սենթ-Էնտիենում մեծ թվով հայեր են ապրում և հոսքը չի դադադրում: Ցեղասպանության արդյունքում Ֆրանսիայում հայտնված հայերի համար մեծ ցավ է, որ հայրենիքը լքում են այսօր և, ինչպես ներկայացման վերնագրում է, ցիրուցան դառնում ամբողջ աշխարհով մեկ»,-ասում է Էդմոն Անեմյանը:

Ֆրանսիայից ժամանած հյուրի հետ զրույցում անհնար է չանդրադառնալ  Հայաստանի ու Ֆրանսիայի մեծագույն զավակին՝ Շառլ Ազնավուրին: «Շառլ Ազնավուրն իհարկե չափազանց սիրված էր Ֆրանսիայում, բայց պետք է ասեմ, որ հայերն ընդհանրապես սիրված ու գնահատված են այդ երկրում»,-ասում է զրուցակիցս:

Վստահ է՝ հայ-ֆրանսիական հարաբերություններն առաջընթաց են ապրելու, մասնավորապես ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովից հետո: Հայաստանում հույս ու լավատեսության աճ է նկատում:

Վերադառնալով «Ցիրուցան» ներկայացմանը, նշենք, որ վերջինիս հայաստանյան պրեմիերայի օրերին Երևանում կլինի նաև Սենթ-Էնտիենի քաղաքապետը: «Հայաստանը տեսնելու մեծ ցանկություն ունեին ոչ միայն քաղաքապետը, այլև թատրոնի ֆրանսիացի բոլոր դերասանները»,- ասում է Էդմոն Անեմյանը:

Back to top button