Հասարակություն

Կայուն աշխատաշուկա ու բարձր վարձատրության դեպքում արտագնա աշխատանքի չեն մեկնի


Շիրակի մարզում արտագնա աշխատանքի մեկնողների թիվն ավելացավ երկրաշարժից ու երկրի անկախացումից հետո: Չփլուզված ձեռնարկությունները սեփականաշնորհվեցին, որոնց մեծ մասը աստիճանաբար քայքայվեց: Մայիսյան գյուղի երիտասարդները ապրուստը վաստակում են ոչ թե հող մշակելով, այլ արտագնա աշխատանքով:

Շիրակի մարզում գյուղ չկա, որտեղից  արտագնա աշխատանքի մեկնողներ չլինեն: Միայն հող մշակելով տուն չեն կարող պահել: Շրջկենտրոններին ու Գյումրի քաղաքին  մոտ գտնվող գյուղերի բնակիչները նախկինում  աշխատել են հիմնարկ-ձեռնարկություններում, խոշոր արտադրական միավորումներում: Երկրաշարժից հետո կյանքը փոխվեց, իսկ անկախությունից հետո  կանգուն մնացած  ձեռնարկությունները սեփականաշնորհվեցին: Մայիսյան գյուղ մտնելիս, մայրուղուց քիչ հեռու նկատելի է 2 մեծ շինություն, հետաքրքրվեցի՝ ինչ կառույցներ են. ,,Մեխանիկական գործարանն է, կաթսայատունը: Մեխանիկական գործարանում սովետի ժամանակ աշխատում էր 110 մարդ, մեր արտադրանքը հասնում էր մինչև Ղազախստան,,:


Մեխանիկական գործարանն արտադրել է հաստոցներ, դետալներ, քարահատման սարքավորումների մասեր, երկաթյա տարբեր մեխանիզմներ: Գործարանի սեփականաշնորհումից հետո այն դադարել է աշխատել նախկին հզորությամբ, իսկ հիմա գրեթե անգործության է մատնված:

,,Մի հոգի է աշխատում, դետալ են բերում՝ տաշում է,, :

Հարևանությամբ գործել է նաև Գյումրի քաղաքի մի հատվածը ջեռուցող կաթսայատունը, ավտոպարկը:  Գյուղի երիտասարդների մեծ մասն աշխատանք է փնտրում Ռուսաստանում:

,,Մեր տանից 4 տղաներս խոպան են գնում, որ չգնան, ինչով պետք է ապրենք, գյուղի աշխատանքով,,:


Բազմանդամ ընտանիքի հոգսը ուսերին 4 եղբայրն էլ Ռուսաստանում են, նրանցից 3 ամուսնացած է, ունեն երեխաներ, բոլորն էլ ապրում են նույն հարկի տակ: Խոպան գնալը նպատակային է, յուրաքանչյուրին առանձին տանիք է հարկավոր:

Ռուսաստանում եղբայրներն  ունեն կայուն աշխատանք, օրինական աշխատանքային միգրանտի կարգավիճակ: Կրտսեր որդին վարորդ է և վարորդական իրավունքի վկայականը  կորցնելու պատճառով մեկ ամիս առաջ վերադարձել էր և մի քանի օրից նորից մեկնել: Իմ այցի ընթացքում նա տանն էր:

Եթե աշխատանք լիներ գյուղում, մեխանիկական գործարանը աշխատեր, խոպան կգնայիք՝ հարցիս, պատասխանեց. կայուն աշխատանք ու բարձր աշխատավարձի դեպքում՝ չէ:


Բազմանդամ ընտանիքում  խնդիրները շատ են, արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը՝ ծանր, իսկ  ստացած աշխատավարձն էլ  արժեզրկվում է ռուբլու  ցածր փոխարժեքի պատճառով:

Խոպանին զուգահեռ հող են մշակում:  Զրուցակիցներս հաշվարկեցին  հողի մշակության ծախսերն ու հարկերը, արդյունքում ստացան  նվազագույն ցուցանիշ, ապա ավելացրին՝  իզուր ծախսեր ենք անում, այնքան որ հողը դատարկ չմնա:

Ընտանիքի կրտսեր որդին 32 տարեկան է, ամուսնանալու նպատակ չունի, ասում է շատ խնդիրներ կան, լուծենք՝ հետո, դեռ հույսեր կան ու ժպտում է: Նրա ամուսնությամբ նույն հարկի տակ ապրելու է 5-րդ ընտանիքը:

Back to top button