ԿարևորՔաղաքական

Երեւանի ընտրություններ՝ օր 7-րդ. սրված բանավեճ տեղափոխվեց ԱԺ

Ավագանու ընտրությունների քարոզարշավի 7-րդ օրը սրված բանավեճը հատկապես «Իմ քայլը» դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ այսօր տեղափոխվել է խորհրդարանական հարթակ:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արդեն այնտեղից են սկսել հիմնավորել իրենց դիրքորոշումներն ու սրված պայքարի հիմքերը:

Նոր զարգացումներում արդեն կա դիմում ոստիկանությանը, կողմերից մեկը մեկ այլ դիմում պատրաստվում է փոխանցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին:

«Ասֆալտին փռելու», «տղամարդկության» մասին հայտարարություններն ու ավագանու թեկնածուների ցուցակների այսպես ասենք «գաղտնազերծումը»՝ այս ամենը տեղի ունեցավ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում:

Հայտնի չէ՝ ով է սկսել, բայց հայտարարություններն արվում են ի պատասխան: Սա է կողմերի դիրքորոշումը: «Ելք»  խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը տեղեկացնում է՝ դիմել են ոստիկանություն ընտրակաշառք բաժանելու բողոքի փաստով:

Բոլորովին այլ տեղեկություններ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին պատրաստվում է փոխանցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Եվրոպացի պաշտոնյան այս օրերին Հայաստանում է:

Ի՞նչ փաստերի վրա են փորձելու նրա ուշադրությունը հրավիրել «Բարգավաճ Հայաստան»-ի անդամները. պարզաբանում է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Ասում է՝ փաստեր են հավաքում ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի հանդեպ կիրառվող, իր ձեւակերպմամբ, տեղեկատվական տեռորի վերաբերյալ:

ԲՀԿ-ից ասում են՝ սա էր Նաիրա Զոհրաբյանի երեկվա պոռթկման պատճառը: Նախ՝ առանց Նիկոլ Փաշինյանի՝  «տղամարդկային» բանավեճի հրավիրեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանին, հետո «գաղտնազերծեց», թե ինչ անձինք կան հեղափոխական դաշինքի ցուցակում: «Ելք» խմբակցության ղեկավարի պատասխանն այսօր սպասեցնել չտվեց.

«Կարևոր է՝ ումից ինչ է ուզում Նաիրա Զոհրաբյանը: «Ծառուկյան» դաշինքը 9 պատգամավորներով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ինչպես նաև այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է մտել ՀՀԿ-ի հետ: Տիկին Զոհրաբյանը կողմ է քվեարկել մարտի մեկին հատուկ դրություն հայտարարելու որոշմանը: Այս ամենից հետո իրենք մեր նկատմամբ ինչ-որ մեղադրանքներ են հնչեցնում ՀՀԿ-ի հետ համագործակցության հարցով: Մենք բոլորս պետք է արձանագրենք, որ Քոչարյանն իրենց համար գոյություն չունի, և հուսով եմ՝ այս հերթական հայտարարությունն՝ իրենց կողմից արված, այս անգամ գոնե վերջնական է»:

Առանձին ուսումնասիրությունների առարկա է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը: Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից հետո, թե ցուցակում կան Սերժ Սարգսյանի եւ նրա փեսա Միքայել Մինասյանի բարեկամներն ու մտերիմները, անգամ «Իմ քայլում» են սկսել նորից ուսումնասիրել իրենց ցուցակը:

«Ելք»-ի եւ ԲՀԿ-ի այսօրվա հայտարարությունները կրկին հակասում են:

«Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ, ընդհամենը անուն-ազգանունի համընկնում է։ Տիկին Զոհրաբյանը նաև նշեց մեկ անձի մասին, ով իբր Զորի Բալայանի բարեկամնն է, մենք պատկերացում չունենք՝ ում մասին է խոսքը: Եվս մի թեկնածու կա՝ Վիկտոր Մնացականյանը, որ նա Մինասյանի սանիկը եղել է դեռ այն ժամանակ, երբ Միքայել Մինասյանն այն Միքայել Մինասյանը չէր, որին այսօր բոլորը ճանաչում են։ Մնացականյանը ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը և զբաղվել է բարեգործությամբ»։

Ամբողջական ցանկը եւ չակերտները դեռ չեն բացում` զգուշացնում են ԲՀԿ-ից: Այս ամենով հանդերձ ԲՀԿ-ականները շարունակում են աշխատել գործող կառավարությունում՝ միաժամանակ կոչ անում ավագանու ընտրությունների քարոզարշավը վերադարձնել քաղաքակիրթ հարթություն:

Back to top button