ԿարևորՔաղաքական

Ի՞նչ է փոխել վարչապետը «Շանթ 2018»-ի սցենարում

«Շանթ 2018» զորավարժությունների շրջանակում երեկ երեկոյան պայմանական պատերազմ էր հայտարարվել Ադրբեջանին այն բանից հետո, երբ վերջինս, ըստ սցենարի, արդեն իսկ հանդես էր եկել պատերազմ հայտարարելու մասին հայտարարությամբ:

Նման իրավիճակում ԶՈՒ-երի գերագույն հրամանատարությունն անցնում է ՀՀ վարչապետին, ինչը եւ, զորավարժությունների շրջանակում, երեկ երեկոյան արվել էր:

Այսօր «Շանթ 2018» զորավարժությունների Տեղեկատվական կենտրոնում հյուրընկալված գերագույն հրամանատար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է զորավարժությունների արդյունքները:

Զորավարժությունների ընթացքում ե՛ւ որպես վարչապետ, ե՛ւ որպես գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը երկու անգամ սցենարում անակնկալ ներմուծական է դրել՝ փոփոխելով նախատեսված քայլերն ու սցենարը՝ համակարգը սթրեսի ենթարկելու համար:

Այս մասին տեղեկացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական նպատակը խաղաղ պայմաններից ռազմական իրավիճակի անցնելու ժամանակ պետական կառույցների աշխատանքի հղկումն է: Կատարելության հասնելու համար միշտ անելիք կա՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք վերլուծում ենք բոլոր շղթաների աշխատանքը: Արդյունքում զորավարժության ընթացքը, արդյունքները կվերլուծվեն, կքննարկվեն եւ եզրակացություններ կլինեն»:

Զորավարժությունների ընթացքում երեկ հայտնի դարձավ, որ հայկական կողմը պայմանականորեն ունի հողային կորուստներ: Դրանք սցենարով վերականգնվում են եւ, կարծում եմ, դրանով մենք չենք բավարարվի՝ հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ հստակեցնելով, որ զորավարժությունների հիմքում պարզապես դրված են հնարավոր վատթարագույն սցենարները.

«Որպեսզի առավել բարձր պատրաստվածության բերենք Հայաստանի պետական կառավարման համակարգը՝ խաղաղից պատերազմականի անցման շրջանում»:

Արձագանքելով դիտարկմանը, որ զորավարժությունները կազմակերպվել եւ անցնում են մի տեսակ հապճեպ՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հենց սցենարն է այնպիսին, որ ամեն ինչ տեղի է ունենում բոլորի համար անսպասելի: Զորավարժությունների արդյունքում պետք է այնպես կարգաբերել պետական կառավարման համակարգի աշխատանքը, որ այն նույնիսկ ամենաանսպասելի եւ ամենածանր սցենարներում կարողանա պահպանել աշխատունակությունն ու անհրաժեշտ ռեակցիաները ցուցաբերել՝ պահպանելով պետության մարտունակությունն ու անհրաժեշտ կենսագործունեությունը՝ հավելեց վարչապետը:

Ի դեպ, «Շանթ 2018» զորավարժությունների շրջանակներում հայտարարված պատերազմի սցենարին այսօր արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարությունը: Հայտարարությամբ մասնավորապես ասվում է, թե «ռազմական խաղերը» ամբողջությամբ հենվում են մի շարք ռազմական արկածների վրա եւ լարվածություն են ներարկում, հետեւաբար՝ բանակցային գործընթացի ձախողման պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա: Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը փորձ է անում բանակցությունները ձախողողի պատասխանատվությունը գցել իր վրայից:

Նա է միշտ խախտել բոլոր պայմանավորվածությունները: Մեզ հետ զրույցում նկատեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի խոսնակի հայտարարությանը: Փորձագետը նաեւ նկատեց, որ այդ արձագանքը պարզապես շարունակությունն է Ալիեւի վերջին շրջանի ագրեսիվ հայտարարությունների:

«Ցույց տալ, որ ոչ թե իրենք են բռնատիրական եւ ագրեսոր է, այլ, որ Հայաստանն է ագրեսոր եւ  բռնատիրական երկիր»:

«Շանթ 2018»-ի սցենարն էլ զարմանալի չէ, բնականաբար նույնպիսի սցենար է դրվում նաեւ ադրբեջանական զորավարժությունների հիմքում՝ հավելեց փորձագետը:

«Շանթ 2018» զորավարժություններին Արցախի Հանրապետության մասնակցության վերաբերյալ հարցին անդրադառնալով, որում նաեւ ապրիլյան պատերազմի հնարավոր սցենարի մասին ակնարկ արվեց, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ապրիլյան պատերազմի սցենար ընդհանրապես չի լինելու»:

ՀՀ-ն, բնականաբար, Արցախի անվտանգության երաշխավորն է եւ պատերազմական իրավիճակը ակնհայտորեն կապված է հիմնականում Ղարաբաղի խնդրի հետ եւ, բնականաբար, Արցախի Հանրապետությունը նույնպես մասնակցում է գործընթացին եւ սցենարի մեջ Արցախի Հանրապետության եւ ԶՈՒ-ի գործողությունները նույնպես հաշվառված են՝ եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Back to top button