Քաղաքական

Ի՞նչ սկզբունքներ պետք է դրվեն Արցախյան խնդրի կարգավորման հիմքում

Այսօր աշխատանքային այցով Ժնևում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև ղարաբաղյան խնդրից ու վերահաստատել Հայաստանի հանձնառությունը խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նա նշել է,  որ Արցախը միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել և իրականացնում է դրանք: Մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության, հատկապես նրանց համար, ովքեր հետևողականորեն ապացուցել են իրենց հավատարմությունը:

Ղարաբաղյան խնդիրը երևանյան քննարկումների կենտրոնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ արած հայտարարությունը։ Դրան «Ռադիոլուրի» հետ զրույցում արձագանքնել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ու քաղաքագետ Թևան Պողոսյանը:

 

Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին պարզաբանումները հարցեր են առաջացնում, թե որ ուղղությամբ է ընթանում գործընթացը և ինչ ասելիք ունի Արցախը, որը հակամարտության անմիջական կողմ է, սակայն ներգրավված չէ բանակցություններում:

«Այն պահին, երբ ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որը ստորագրած չէ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին խոսք չկա, կա միայն հետևայալը՝ որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները»:

ԼՂՀ  նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում զերծ մնաց բանակցային գործընթացի  վերաբերյալ մանրամասների հարցում խորամուխ լինել ու  որևէ կարծիք հայտնել։ Արցախը չի մասնակցում բանակցություններին և դրա մանրամասներին տեղյակ են Հայաստանում՝ ասաց:

Սակայն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Արցախի մոտեցումը հստակ է, կարգավիճակի ու սահմանների հարցը առաջնահերթ է, բայց կարգավիճակի հարցի լուծումն առանց անվտանգության չի կարող ապահովել կայունություն՝ ասաց Դավիթ Բաբայանը: Նա ընդգծեց խնդրի փաթեթային լուծման տարբերակի անհրաժեշտությունը.


«Այս պահի դրությամբ երկու կարևոր հարց է  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ կարգավիճակ և սահմաններ:  Պաշտոնական Ստեփանակերտը միշտ հետևյալ տեսակետը ուներ, որ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն փաթեթով, որ ոչ մի «բայց» հարց չմնա»:

Եվ սահմանների հարցը չպետք է դիտարկել  միայն ադրբեջանական տեսանկյունից, պետք է հաշվի առնել նաև Հյուսիսային Արցախը, Նախիջևանի՝ հստակեցրեց Բաբայանը: Այս հարցի բարձրացումը ՀՀ-ի կողմից  կարող է դիտարկվել որպես տարածքային նկրտում, իսկ Արցախը միանգամայն կարող է խոսել դրա մասին, պարզաբանեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: Մադրիդյան կոչվող փաստաթղթը, որի շուրջ ընթանում են բանակցությունները, չեն կարող խնդրի լուծման հիմք համարվել, քանի որ դրանք, ըստ Դավիթ Բաբայանի, պարզապես առաջարկներ են և ոչ հաստատված փաստաթուղթ. «Դրանք առաջարկներ են և ԵԱՀԿ ՄԽ-ն  էլ դատավորներ չեն, այլ միջնորդներ»:

Քաղաքագետ, «Հանուն կայուն մարդկային զարգացման հ/կ» նախագահ  Թևան Պողոսյանի խոսքով՝ ղարաբաղյան հարց ասվածը դա կարգավիճակի հարցն է, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում նա էական չի համարում, թե ինչ է քննարկվում, էականը արդյունքն է.

« Ես չգիտեմ ինչ են քննարկում, ինձ համար կարևորն արդյունքն է:   Բոլոր հիշատակված փաստաթղթեր կոչվածները սցենարներ են բանակցությունների հիմք ծառայելու համար: Իսկ բանակցությունները շեղված գործընթաց է, քանի որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին»:

Տարածքներ հանձնելու մասին խոսակցություններից քաղաքագետը գերադասեց զերծ մնալ, ավելի կարևոր է երազանքը, թե ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել՝ ասաց Թևան Պողոսյանը:

Եկեք ներուժն ուղղենք կառուցելուն ու հզորանալուն, եզրափակեց Թևան Պողոսյանը:

Back to top button