Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին կայցելի Նյու-Յորք


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին կայցելի Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը։

Մինչ այդ՝ մի քանի օրից, սեպտեմբերի 14-15-ը ՀՀ վարչապետը կայցելի Փարիզ, նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ֆրանսիայի հայ համայնքի հետ՝ լրագրողներին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նա անդրադարձել է նաև երեկ Տավուշում հակառակորդի կրակոցներին։ Իրավիճակը վերահսկելի է իր հերթին ավելացրել է ՊՆ Դավիթ Տոնոյանը:

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում  արված իր հայտարարություններում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին հետևողական է»-, «Ռադիոլուրին» ասաց ՀՀ ԱԳՆ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական անհեթեթ հայտարարությանը։ Ալիեւն ասել էր, թե իբր ՀՀ նոր վարչապետը ղեկավարման առաջին օրվանից  հակամարտության կարգավորման հարցով հակասական հայտարարություններով է ներկայանում։

Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ իր խոսքում նաև աննպատակահարմար է համարել  յոթ շրջանները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս կազմելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Ալիևը այդ հայտարարությունը որակել է  վտանգավոր և կոչ է արել ԵԱՀԿ-ին արձագանքել դրան, գրում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

«Կարդացի Ալիևի հայտարարությունը։ Ճիշտն ասած զարմացած եմ, թե որտեղ է նա հակասականություն տեսել: Պարոն Փաշինյանը իր հայտարարություններում բավականին հետևողական է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, նույնիսկ մինչև ընտրվել է հնչեցրել այդ տեսակետները»:

Ալիևի ամենացնցող կարծիքն իհարկե այն է,  որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ ձգտում է տապալել բանակցային գործընթացը: Նա հարկ է համարել սպառնալ, թե այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի  հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա:

Բավականին հետաքրքրական է Ալիևի կոչը Հայաստանի ներքաղաքական  իրավիճակի մասին։ Նա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կոչ է արել մի կողմ չքաշվի Հայաստանի ընթացիկ քաղաքական գործընթացներից, մասնավորապես, մեջբերեմ, «մարդու իրավունքների մասսայական խախտումների, քաղաքական հակառակորդների ձերբակալությունների և Հայաստանում նոր բռնապետական ռեժիմի հաստատման հարցերում»։

Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հնարավոր հանդիպման մասին. Տիգրան Բալայանը նշում է, որ  կա պայմանավորվածություն, առաջարկություն, որ հանդիպումը կայանա, բայց համաձայնեցված հստակեցումներից հետո։

Կա սահմանված ժամկետ, թե երբ է հայտարարվելու: Մինչ ԱԳ նախարարների հանդիպումը, հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։ Հերթականը գրանցվել է երեկ՝ ժամը 22:30-ին:

Ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի  Բաղանիս գյուղը և գյուղով անցնող միջպետական ավտոճանապարհը։ Այն տեւել է 5-7 րոպե: Հակառակորդի թիրախում է հայտնվել նաև Տավուշի մարզի Վազաշեն համայնքը: Կրակոցները ոչ մի վնաս չեն հասցրել համայնքին,  միայն երեխաներն են մի քիչ վախեցել՝ տեղեկացնում է Վազաշենի համայնքապետ Լորիկ Բադիրյանը:

ԱԳՆ-ն  Տավուշում արձանագրված կրակոցների հարցում  անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի՝ վստահեցնում է Տիգրան Բալայանը

«Առաջին հերթին ըստ նրա տեղեկացվում են կատարվածի մասին միջնորդները, այդ երկրների ԱԳՆներն ու դեսպանները, ասաց նա, նաև ավելացնելով, որ  հրադադարի ռեժիմի խախտումները մշտական բնույթ են կրում»:

Տավուշի մարզում գրանցված հրադադարի ռեժիմի խախտումներին անդրադարձել է նաև ՊՆ Դավիթ Տոնոյանը և վստահեցրել՝ իրավիճակը վերահսկելի է:

«Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գնդակոծման առումով այս պահին անհանգստանալու խնդիր չկա: Իրավիճակը կայուն է: Հրադադարի այդպիսի խախտումներ պարբերաբար են լինում, որոնց մեր զինված ուժերն արձագանքում են, և իրավիճակը կայունանում է: Անհանգստանալու խնդիր այս պահին չկա»:

Դավիթ Տոնոյանը նաև վստահեցրել է, որ ՀՀ  ԶՈՒ  համար առաջնահերթություն է բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը: Ռուսաստանի հետ համագործակցությունը բավականին հաջող կերպով զարգանում է՝ ասում է նախարարը.

«Մենք կարևորում ենք բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը և ներդրումը Զինված ուժերում, դա առաջնահերթություն է, այս պահին բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերման շուրջ բանակցություններ են ընթանումԽոսքը 100 միլիոն դոլարի ռազմական վարկային համաձայնագրի կնքման գործընթացի մասին է»:

ՊՆ խոստացել է լրագրողներին առաջիկայում լավ նորություն հայտնել Ադրբեջանում հայտնված հայ գերու մասին:

Back to top button