Հասարակություն

Երեւանն առանց աղբի. երեւանյան ընտրություններ-2018

Երևանը համատարած աղբով պատված՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում  հնչում  են խոստումներ:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող  քաղաքական ուժերի մեծ մասը կարծում է, որ Երևանի աղբահանության խնդիրը լուծելու համար պետք  են նախ մի քանի օպերատորներ, ապա՝ աղբի մշակման գործարան:

 

 

Երևանի ավագանու ընտրությունների  քարոզարշավը շարունակվում է համատարած աղբով պատված  մայրաքաղաքում: Ընտրությանը մասնակցող քաղաքական գրեթե բոլոր ուժերը քայլ առ քայլ, բակ առ բակ ընտրողներին են ներկայացնում իրենց տեսլականը, տալիս խոստումներ:

Նախընտրական դրույթներում աղբին ու աղբահանությանը հատուկ տեղ են հատկացրել: Եվ այսպես, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքում հավելյալ օպերատորներ ներգրավելու անհրաժեշտություն են տեսնում:  Դաշինքից ավագանու թեկնածու  Հրաչյա Սարգսյանը կարծում է, որ պետք է աղբահանության համապարփակ ծրագիր իրականացնել:

Մեկ օպերատորը լիովին չի կարողանում կառավարել, անհրաժեշտ է  ևս մեկին ներգրավել. «Իմ քայլի» կարծիքը կիսում են «Լույս» դաշինքում: Ավագանու թեկնածու Անի Սամսոնյանը, փոխանցելով դաշինքի տեսակետը, ընդգծում է՝ «Երկու օպերատորիր դեպքում մրցակցություն կլինի»:

Երևանի հանրություն կուսակցությունների դաշինքում կարծում են, որ այն, ինչ այժմ կատարվում է մայրաքաղաքում աղբի հետ կապված, մոնոպոլիայի հետևանք է, «Երևանի հանրություն» դաշինքի ցուցակում  Արամ Գրիգորյանը  ցուցակում երկրորդն է:

«Եթե մի խնդրով զբաղվում է մեկ կազմակերպություն, վերահսկողությունից աստիճանաբար դուրս է գալիս և գցում ծառայությունների որակը, որովհետև չունի մրցակից: Մենք կարծում ենք, որ այս ոլորտում պետք է վերացնել մոնոպոլիան, դաշտն ազատ թողնել»:

«Ժառանգությունում» նույնպես կարծում են, որ Երևանի աղբահանության ներկայիս վիճակի, այսպես ասենք, մեղավորը «Սանիթեք» ընկերության մենաշնորհային դիրքն է:

ՕԵԿ- ը երևանցիներին խոստանում է՝ աղբահանության վիճակը կտրուկ կբարելավեն, կենցաղային թափոնների վերամշակման ձեռնարկություններ կստեղծեն բնապահպանական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ու հստակ ժամանակացույցով:

Կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը նույնպես աղբի վերամշակման գործարանի կառուցման անհրաժեշտություն է տեսնում:

«Երկիր ծիրանի»-ում ընդգծում են՝ Երևանը կատարյալ աղբի մեջ է, պատրաստվում են Երևանում կառուցել աղբամշակման գործարան. այսպիսով նաև՝ աշխատատեղեր կստեղծեն:

ԲՀԿ-ում փնտրել ու  աղբի վերամշակման գործարանի կառուցման համար ներդրողներ են գտել: Ավագանու  թեկնածու Արման Աբովյանն անձամբ է ուսումնասիրել դանիական փորձը, ուսումնասիրել են նաև  հոլանդական փորձը:

Աղբահանության խնդրի մասին խոսելիս միանգամից կենցաղային աղբ ենք պատկերացնում, իսկ մթոնոլրտայի՞ն աղբը: Արևային էներգիայով ապրող քաղաքի մոդելը նոր բան չէ, ասում է քաղաքապետի թեկնածուն:

«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը նախընտրական ծրագրի որ կետից էլ խոսում է՝ առանձնացնում է մի կարևոր կետ. Երևանցին պետք է լինի ներդնող իր քաղաքում և երևանցին ինքն անմիջականորեն պետք է զգա այդ ներդրումի օգուտը:

«Հայք (հայկազուններ» կուսակցությունում ընդհանրապես կարծում են, որ Երևանում աղբ չպետք է լինի։ Ավելին, նրանք ընտրվելիս պատրաստվում են Թեհրանի փորձը ներդնել: Մինչ այդ, վստահ են՝ նախևառաջ պետք է քաղաքի կառավարման հարցը լուծել:

ՀՅԴ-ն այլ՝ անօրինական աղբավայրերի հարցն է բարձրացնում: Կուսակցության ավագանու անդամի թեկնածու Դավիթ Հակոբյանը հայտարարում է՝ դրանք մասնավոր անձանց կառավարման ներքո են։

Հստակ վերահսկողություն՝ «Ժողովրդական ուղի» կուսակցությունում են ընդգծում։ Ասում են՝ հնարավոր է, եթե կաշկանդված չես օպերատորի հետ ինչ- որ հարցերում։

Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը աղբահանության խնդիրների լուծման իր տարբերակն է առաջարկում, բայց մինչ այդ նաև մատնանշում է այս քարոզարշավին իրենց որդեգրած կարգախոսը՝ «Կանաչ Երևան»:

Մայրաքաղաքում աղբահանությանը հետ կապված «Ռադիոլուրը» հարցումներ էր ուղարկել Երևանի քաղաքապետարան ու «Սանիթեք» ընկերություն , վաղուց օրենքով սահմանված հինգ աշխատանքային օրը լրացել է, մեր բոլոր հարցերը, սակայն, մնացել են անպատասխան:

Back to top button