ԿարևորՔաղաքական

Բացառիկ իրավիճակ օրենսդրական դաշտում. ներկայացվեց ԱԺ մոնիտորինգի արդյունքները


Բացառիկ իրավիճակ օրենսդրական դաշտում: ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանում ընդունվել է 314 օրենք:

Սա երեք անգամ ավելին է մինչ այս տեղի ունեցած նստաշրջանների համեմատ: ԱԺ մոնիթորինգի ծրագիրն այսօր ամփոփել է անցկացված դիտարկման արդյունքները՝ հայտնի են ամենաակտիվ եւ ամենապասիվ  խմբակցություններն ու պատգամավորները:

Երկուսն էլ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից են: Ամենաբացակաների տասնյակում էլ իր դիրքերը չի զիջում նույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

 

ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները ներկայացնելով՝ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նկատեց, որ քաղաքական զարգացումների անկանխատեսելիությունը խորհրդարանում աննախադեպ իրավիճակ ստեղծեց. առաջին անգամ արձանագրվեց, որ խորհրդարանական մեծամասնությունն ընդդիմություն է:

«Բացառիկ իրավիճակ օրենսդրական դաշտում: Խորհրդարանը այս նստաշրջանում ընդունել է 314 օրենք, և այսպիսի թիվ մոնիտորինգը երբեք չի գրանցել: Սա երեք անգամ ավելի է, քան հինգերորդ գումարման ցուցանիշի միջին ցուցանիշը»:

Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանի խոսքով՝ արտառոց բան չկա, որ մեծամասնությունը դարձավ ընդդիմություն: Աշխարհում նման երկրներ այսօր էլ կան:

Աննախադեպ թվով օրենքների ընդունումը, ԱԺ մոնիթորինգ զեկույցի համաձայն, ունի օբյեկտիվ բացատրություն: Օրենքները համապատասխանեցվում էին նոր Սահմանադրությանը եւ ԱԺ կանոնակարգն էլ թույլ էր տվել օրենքներ գերարագ ընդունելու հնարավորություն: Եղել է աննախադեպ իրավիճակ, երբ արագացված ռեժիմով   քննարկումները հանգեցրել են երկու օրվա ընթացքում մի ամբողջ օրակարգի սպառման:

Լուսինե Վասիլյանի փոխանցմամբ՝ խորհրդարանի ամենապասիվ խմբակցությունը ՀՅԴ-ն է եղել, ամենաակտիվ խմբակցությունն այս նստաշրջանի ընթացքում եղել է «Ծառուկյան» դաշինքը, իսկ նախկինում՝ «Ելքն» էր: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ այս պահին խորհրդարանում իրավիճակն արտառոց է, քանի որ, ըստ էության, օրենսդիր մարմնում չկա ընդդիմություն, իշխանություն, քանի որ չկա կառավարող մեծամասնություն:

Մինչ այդ, մոնիթորինգի արդյունքներով, «լուռ» պատգամավորների թիվը կայուն դիրքերով 40-ի շրջակայքում է, որից 14-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից, 27-ը՝ ՀՀԿ-ից: Ներկայացնելով ամենաակտիվ և ամենաբացակա պատգամավորներին՝ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշեց, որ երկուսն էլ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից են:

«Ամենաակտիվ պատգամավորների եռյակը գլխավորում է Միքայել Մելքումյանը, երկրորդը Սերգեյ Բագրատյանն է, իսկ ամենաբացակաների տասնյակում Գագիկ Ծառուկյանը չի զիջում իր դիրքերը: Խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախ զեկույցն այսպես գնահատեց. «Զեկույցն ավելի շատ մի քիչ չոր է, քանի որ հենված է ավելի շատ քանակական, քան որակական չափանիշերի վրա, բայց, իհարկե, դա ավելի օբյեկտիվ է»:

Ծառուկյան դաշինքն ամենաակտիվն է եղել, ինչը, Սերգեյ Բագրատյանի ձեւակերպմամբ, նշանակում է, որ հանրության սպասելիքներն ինչ-որ չափով արդարացրել է: Նա կարծում է, որ խորհրդարանում մտահոգ պատգամավորների թիվը գնալով պետք է ավելանա:

Ինչ վերաբերում է խմբակցության ամենաբացակայող ղեկավարին՝ Սերգեյ Բագրատյանը նշեց, թե տարբերակումներ չի մտցնում, ապա  կարծիք հայտնեց, որ եթե հստակ չափանիշեր դրվեն՝ ակտիվություն խորհրդարանում եւ ակտիվություն խորհրդարանից դուրս, հասարակական կյանքում, որը նույնպես պատգամավորական աշխատանքների շրջանակում է, ապա, նրա ձեւակերպմամբ, ավելի օբյեկտիվ կարծիք կլինի պատգամավորների աշխատանքի վերաբերյալ:

Back to top button