Հասարակություն

Հոռոմը՝ իր խնդիրներով ու առանձնահատկություններով


Ռադիոլուրի դիտակետում այսօր նաև Շիրակի մարզի Հոռոմ համայնքն է՝ իր խնդիրներով ու առանձնահատկություններով: Համայնքի տղամարդկանց շուրջ 30 տոկոսն ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի:

Հոռոմում դժգոհել են, թե արտագնա աշխատանքի պատճառով համայնքում ընտանիքներ են քայքյավում, ինչը, սակայն հերքում է համայնքապետ Աշոտ Պասկևիչյանը:  Նա վստահեցնում է՝ Հոռոմից արտագնա աշխատանքի մեկնող բոլոր տղամարդիկ աշխատանքային սեզոնի ավարտին անպայման վերադառնում են:

Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի նախաձեռնած լրագրողական այցի ընթացքում Ալիսա Գևորգյանն է հանդիպել հոռոմցիների հետ:

Շիրակի մարզի Հոռոմ համայնքում առաջին առանձնահատկությունը, որ միանգամից աչքի զարնեց, գյուղացիների քչախոսությունն էր: Հոռոմցիների հետ զրույցը դժվար ստացվեց, բայց նրանց խնդիրների մասին մի քանի խոսք, այնուամենայնիվ, հաջողվեց կորզել:

Գյուղացիների ներկայացրած խնդիրների շուրջ զրուցեցեինք համայնքապետ Աշոտ Պասկևիչյանի հետ, որը  Հոռոմը  ղեկավարում է  2012 թվականից: Նրա տեղեկացմամբ, համայնքն ունի 2100 բնակիչ, հիմնականում զբաղմունքը հողագործությունն ու  անասնապահությունն են, մշակում են հիմնականում գարի, ցորեն: Ինչպիսի՞ն էր անցնող գյուղատնտեսական տարին,  հարցին համայնքապետն  արձագանքում է՝ ավելի լավ, քան նախորդ տարիներին:

Մեր դիտարկմանը, թե գյուղացիներն, այնուամենայնիվ,  դժգոհ են արդյունքից, համայնքապետը հակադարձում է՝ դժգոհելը պարզապես բնավորության գիծ է դարձել: Աշոտ Պասկևիչյանին չափազանց զարմացրեց, անգամ վիարվորեց  հատկապես համագյուղացու դժգոհությունը, թե Հոռոմի եկեղեցին չի վերանորոգվում:

500-600 տղամարդ  Հոռոմից ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի: Համայնքապետը շեշտում է՝ աշխատանքային սեզոնի ավարտին բոլորն էլ տուն են վերադառնում: Քայքայված ընտանիքների վերաբերյալ համագյուղացու ահազանգը նա խիստ չափազանցված է համարում: Աշոտ Պասկևիչյանի խոսքով, գյուղի 1600 հեկտար վարելահողն ամբողջությամբ օգտագործվում է: «Այդուհանդերձ, գյուղացու հոգեբանությունն այսօր շատ է փոխվել, շատերն ուզում են ապրել գյուղում՝ քաղաքացու կենցաղով,-ասում է Պասկևիչյանը:


Ըստ Հոռոմի համայնքապետի, մի բան էլ կա, որ տակն ու վրա է արել գյուղացու կյանքն ու աղճատել է նրա կերպարը, դա գյուղական վարկ կոչվածն է


Հոռոմին նվիրված նյութն ավարտենք դրական շեշտադրմամբ. սեպտեմբերի 1-ին  համայնքի դպրոց կհաճախի 25 առաջին դասարանցի: Նախորդ տարի նրանց թիվը 18-ն էր:

Back to top button