Քաղաքական

Ընտրություններին ընդառաջ ինչպիսի՞ մթնոլորտ կապահովվի լրատվամիջոցների համար

Էլեկտրիկ Երեւան, Սարի թաղի դեպքեր, թավշյա հեղափոխություն. սրանք վերջին շրջանի այն խոշոր իրադարձություններն են, երբ աշխատանքային գործունեությունն իրականացնելիս մշտապես թիրախում են եղել եւ առաջինը տուժել լրագրողներն ու լրատվամիջոցները:

Այս ֆոնին սովորական ընտրություններում լրագրողների դեմ, այսպես ասենք, քաշքշուկներն արդեն  սովորական են դարձել: Առջեւում նոր ընտրություններ են. ինչպիսի մթնոլորտ կապահովվի լրատվամիջոցների համար նոր Հայաստանում, հարցի պատասխան այսօր շատերը դժվարանում են տալ:

Թավշյա հեղափոխության օրերին գրանցվել է լրագրողների դեմ ֆիզիկական բռնությունների 18 եւ տարատեսակ ճնշումների 8 դեպք: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն այսօր հրապարակեց կառույցի  հերթական զեկույցը, որի դիտարկման եռամսյա շրջանը համընկել է համաժողովրդական շարժման օրերի հետ:

Լավ ժամանակներ լրագրողների եւ լրատվամիջոցների համար, սակայն, չեն սկսվել: Առջեւում Երեւանի ավագանու եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններն են: Խոսքի ազատության պաշտպանը կանխատեսում է իրավիճակի թեժացում եւ ծանր աշխատանք լրատվամիջոցների համար: Իսկ խնդիրն այն է, որ նոր Հայաստանում նոր իրողություններ են նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Այդ նոր իրողությունները, բնականաբար, ունեն եւ դրական, եւ բացասական կողմեր: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի համար ակնհայտ է՝ Հայաստանը վերապրում է իր ամենածանր տեղեկատվական ճգնաժամերից մեկը։ Ապատեղեկատվության, քարոզչության, մանիպուլյատիվ տեղեկատվության քանակը եւ որակը աննախադեպ են։ Այսպիսի իրավիճակ չկար անգամ ռազմական գործողությունների ժամանակ։

Վերջին շրջանի տեղեկատվական պատերազմները եւ անհանդուրժողականության աճը մտահոգում են նաեւ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի ղեկավար Աշոտ Մելիքյանին:

Այն, ինչ կա այսօր դաշտում, Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ, տեղեկատվական քաոս է, ուր իրար հավասարազոր են դարձել արհեստավարժ լրատվականները, դեղին մամուլը, անհայտ ծագման անոնիմ եւ կասկածելի կայքերը, գերբազմազան ֆեյսբուքյան էջերը, որոնց ադմինների մեծ մասը անհայտ է եւ զանազան ֆեյսբուքյան օգտատերերը, որոնց մեջ կան ֆեյքերից մինչեւ փոխ֊վարչապետներ: Անգամ այս իրավիճակում խնդիրն ունի դրական կողմ: Որո՞նք են դրանք՝ լսենք Աշոտ Մելիքյանին եւ Սամվել Մարտիրոսյանին:

Այս ամենի ֆոնին պարբերաբար շարունակվում են տարբեր ԶԼՄ ներկայացուցիչների տարբեր հայտարարությունները: Մեկ շաբաթ առաջ 7 լրատվամիջոցի ղեկավարներ հայտարարությամբ բարձրաձայնեցին ԶԼՄ-ների գործունեության հետ կապված մտահոգիչ միտումների մասին։

Back to top button