ԿարևորՔաղաքական

Բացառում եմ ԼՂ կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի ժողովրդի համար. վարչապետ

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց և ֆեյսբուքյան ասուլիսներից հետո այսօր առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԶԼՄ-ներկայացուցիչների հետ:

Թեմաները տարբեր էին, հարցերը՝ շատ: Կառավարության  ղեկավարը հստակեցրել է՝  խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինեն ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա մայիս:

Նաեւ շեշտել է, որ իր համարն որպես վարչապետ մեծագույն խայտառակություն կլինի, եթե ՀՀ-ում քաղբանտարկյալներ լինեն:

 

Ինչպես երկու ամիս առաջ Արցախում, այնպես էլ այսօր՝ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝

«Բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի տարբերակ, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար»։

Վարչապետն  արձանագրեց՝  չի կարող Հայաստանում լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը, չի կարող, եթե նույնիսկ շատ ուզենա: Նա ընդգծեց` առավել ևս իրենց պարագայում չի կարող այդպիսի բան լինել: Նաև հստակեցրեց՝

« Արցախը պետք է ներգրավված լինի բանակցություններում»:

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու․ Փաշինյան

Բանակցելու նյութ կա, մեկ անգամ ևս  հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը:  Նրա խոսքով, բանակցությունը նույնպես օգտակար է՝ հանդիպել, քննարկել ինչ- որ բաներ:

Հայաստանում տեղի ունեցած  թավշյա հեղափոխությունից հետո ադրբեջանական ագրեսիվության մեծացումը վարչապետը կապում է Ադրբեջանի իշխանությունների մտավախության հետ, որ  այս երկրում էլ ժողովուրդը կարող  է ոգևորվել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններով, իրադարձություններով, կոռուպցիայի դեմ պայքարով:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  Արցախի հարցի վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանը փորձել է իրեն տեղեկություններ տալ, սակայն դրանք իրեն հայտնի տեղեկություններ էին:  Վարչապետի խոսքով` այդ հանդիպմանը ներքաղաքական հարցերի անդրադարձ չի եղել։

Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Ռուսաստանի Դաշնությունը, որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում:

«Չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար»:

Երկու ամսից մի քիչ ավելի է, ինչ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է կառավարությունը: Վարչապետն այսօր  հայտարարեց՝

«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամիսներին ուղղակի ուժասպառության եզրին են գտնվում»։

Նիկոլ Փաշինյանն այսօր  հիշեց  պատգամավորական տարիներն ու հայտարարեց՝ նույնիսկ այդ կարգավիճակում չէր կարող պատկերացնել, որ երկրում նման մեծ չափերի թալան է եղել:

«Բայց ես հիմա ապշած եմ: Ես նույնիսկ իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակվել մտածել, որ կարող է երկրում վիճակը լինել այնպիսին, ինչպիսին այսօր է, որ կարող է թալանի ծավալը և մակարդակը լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին: Սա մի իրողություն է, որ մենք այսօր պետք է արձանագրենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ

Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ վարչապետը նշեց, որ այն հասել է մի ծավալի, երբ սկսում է առնչվել այնպիսի մարդկանց  շահերի հետ, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը:

Նա վերահաստատեց նախկինում արած հայտարարությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իր ընտանիքի անդամների հարցում: Ես դա ասել եմ ամենայն լրջությամբ և հիմա էլ ասում եմ ամենայն լրջությամբ՝ շեշտեց: Էսօր առավել ևս մյուսները պետք է հասկանան, որ կոռուպցիայի դեմ պայքարը որևէ մեկի հանդիպելիս կանգ չի առնելու, հասարակությունը  նոր անունների ու բացահատումների է սպասում:

Կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարը լրացուցիչ ֆինանսական միջոցներ է   ենթադրում դեպի   բյուջե:

Հայաստանի այսօրվա կառավարությունը առանց հավելյալ լումա ծախսելու կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան Եվրամիության եւ Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության ընթացքում: Իսկ սա ենթադրում է նաև կենսաթոշակի ու աշխատավարձի բարձրացում: Կառավարությունում հարցը քննարկվում է:

Այս կառավարությունը ներառական  աճի կողմնակից է՝ աճը իրենց մաշկի վրա կզգա շարքային քաղաքացին:

Երկուսուկես ժամ տևած ասուլիսի ավարտին անպատասխան բազմաթիվ հարցեր մնացին: Նիկոլ  Փաշինյանը հեռացավ՝ խոստանալով՝  հանդիպումները շարունակական են լինելու:

Back to top button