ԿարևորՄշակույթ

Նադեժդա Սարգսյան․ ժպիտը, հույսը, լավատեսությունը նրան չլքեց ոչ մի վայրկյան


70-ականներին Երևանն ապրում էր խիստ յուրահատուկ երաժշտական կյանքով և  այդ յուրահատուկ միջավայրի ամենագունեղ ու համարձակ դեմքերից էր  Նադեժդա Սարգսյանը:

Նա հայտնի էր ամբողջ խորհրդային տարածքում, և անգամ զուգահեռներ էին ացկացնում Նադեժդա Սարգսյանի ու Ալլա Պուգաչովայի միջև: Երգչուհու կյանքի շրջադարձային փուլերից էր ամուսնությունը տաղանդավոր քանդակագործ, լավ մարդ ու հատկապես լավ երևանցի Դավիթ Բեջանյանի հետ:

Նրանց ամուսնության արդյունքը Էմմին էր, որը ընտրելու էր մայրիկի մասնագիտությունը: Ուղիղ 30 տարի բազմաթիվ պատանիների ու երիտասարդների համար նա չափազանց խիստ ու բծախնդիր, բայց միաժամանակ հոգատար ու բարի ընկեր Նադիան էր:

«Նադեժդա Սարգսյանը նաև լավ ընկեր էր»,-վստահեցնում է նրա ավելի քան 40 տարիների ընկերուհին՝ երգչուհի Սյուզան Մարգարյանը: Ռադիոլուրի հետ զրույցում նա պատմել է Նադիայի վերջին օրերի ապրումների, անկոտրում կամքի ու մեծ հավատքի մասին:

Սյուզան Մարգարյանը «Սերպանտին» վոկալ գործիքային անսամբլ մտավ 16 տարեկանում ու, ինպես ինքն է ասում, անմիջապես հայտնվեց Նադեժդա Սարգսյանի հոգատար ձեռքերում: Նադիան, ինպես և Գայանե Հովհաննիսյանը,  խմբի արդեն հայտնի մենակատարներն էին: Դրան հաջորդել են՝ տասնամյակների համատեղ աշխատանք, ընկերություն, անթիվ, անհամար ուղևորություններ, միասին անցկացարած մի ամբողջ կյանք: Սյուզան Մարգարյանը պատմում է ընկերուհու վերջին օրերի ու ապրումների մասին:

Ժպիտը, հույսը, լավատեսությունը նրան չլքեց ոչ մի վայրկյան:

«Եթե Նադիան ապրեր 100 տարի, 100 տարի էլ աշխատելու էր: Չափազանց շատ էր սիրում աշխատել»,-ասում է Սյուզան Մարգարյանը

Չարաբաստիկ հիվանդության դեմ երգչուհին պայքարեց շատ երկար, ու  այդ պայքարում իրեն հաղթած էր համարում. հասցրեց տեսնել Էմմիի երջանկությունն ու թոռնիկներին: Ընկերները Նադիային հիշելու են որպես պայծառ, ուժեղ, նվիրված, աշխատասեր ու հատկապես մեծ հավատով լցված մի մարդու, որը մինչև վերջ կարողացավ հավատալ ու իր հավատով վարակել մյուսներին:

Չարաբաստիկ հիվանդության դեմ ութ տարի պայքարելուց հետո հուլիսի 2-ին Նադեժդա Սարգսյանը հեռացավ կյանքից 63 տարեկանում: Սյուզան Մարգարյանի խոսքով, նա այնպիսի մարդ էր, որ որ տարիքում էլ հեռանար, կյանքը կիսատ էր թողելու:

Back to top button