Հասարակություն

Բողոքի ալիքը հասավ նկարիչների միություն

Սկանդալ է հասունանում Հայաստանի նկարիչների միությունում: Այսօր մի խումբ նկարիչներ մեղադրել են միության գործող ղեկավարությանը՝ ոչ թափանցիկ աշխատելու, չարաշահումներ թույլ տալու համար:

Նրանք պնդել են, որ Միության վարչությունը՝ նախագահ Կարեն Աղամյանի գլխավորությամբ, միությանը տարել է լճացման, ուստի պետք է հեռանան:

Կարեն Աղամյանը Հայաստանում չէ, իսկ նկարիչների միության վարչության անդամները շեշտել են, որ տարօրինակ պետք է համարել՝ միության հազարավոր անդամներից ընդամենը երկու տասնյակն են բողոքում:

Այստեղ շեշտել են, որ բողոքն ընդամենը ձեւական է եւ գիտեն, թե կազմակերպիչն ինչ նպատակ է հետապնդում:

Նկարիչների միությունը ճահճացել է եւ այն առաջնորդվում է «թայֆաբազությամբ»: Այսպիսի մեղադրանքներ հնչեցրին մի խումբ նկարիչներ, որոնք հավաքվել էին եւ պահանջում էին Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի եւ վարչության հրաժարականը:

Հայաստանի նկարիչների միության անդամ, Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանն էլ  ասաց, որ Նկարիչների միության նախագահի եւ վարչության կամայականությունների մասին բարձրաձայնելու համար իրեն նախկինում ապօրինի հեռացրել են միությունից, ապա՝ վերականգնվել է դատարանի միջոցով:

Կարծում է, որ միության առողջացումը լինելու է երիտասարդների միջոցով: Արա Շահինյանը երիտասարդ նկարիչ է, սակայն, չի ընդունում ոլորտում «երիտասարդ» տերմինը: Կարծում է, որ պետք է խոսել միայն պրոֆեսիոնալիզմից:

Արթուր Օշականցին Հայաստանի Նկարիչների միության անդամ է, 28 տարի է, ինչ ապրում եւ ստեղծագործում է Լոնդոնում: Ասաց, որ հիմա Հայաստանում է եւ միացել է նկարիչների բողոքին՝ առաջարկելու եւ հեղափոխելու համար:

Այն, որ միությունում վիճակը շատ վատ է եւ արդեն 20 տարի է, ինչ անկում է ապրում, բոլորս գիտեինք՝ մեզ հետ զրույցում ասաց ճանաչված նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Նրա խոսքով՝ ինքն էլ կողմ է, որ վերափոխումներ լինեն միությունում.

Նկարիչների միության վարչության անդամ, գեղանկարիչ Մարտին Ակովլյանը, սակայն, չարաշահումների եւ Միության ունեցվածքի վաճառքի հետ կապված մեղադրանքներին հակադարձեց:

Ղազար Միրզոյանի խոսքով՝ իրենք ցանկանում են, որ ստեղծվի կառավարման նոր համակարգ եւ սկսվի Նկարիչների միության առողջացման գործընթաց: Նա պնդեց, որ նկարիչների միության նախագահը եւ խորհուրդը մշտապես գործել են փակ, անգամ՝ որեւէ նկարիչ այսօր չգիտի, թե ի՞նչ կանոնադրությամբ է գործում միությունը, քանի որ դրա հնարավորությունը նկարիչներին չի տրվել:

Նկարիչների միության քարտուղար Կարապետ Փաշյանը, սակայն, հակադարձեց, որ Միության բոլոր անդամներն էլ կանոնադրությանը ծանոթանում են միության կազմ ընդունվելիս եւ դրան ծանոթանալու ու կետերին համաձայնություն տալու մասին ստորագրում դիմումում:

Բողոքող նկարիչներն ասացին, որ Կարեն Աղամյանի՝ գործուղումից վերադառնալուց հետո՝ իրենք կրկին կհավաքվեն եւ կպահանջեն նրա հրաժարականը:

Back to top button