ԿարևորՔաղաքական

Հայտարարագիր չներկայացնելը՝ քրեական պատասխանտվության սպառնալիք


Եթե նախկինում բարձրաստիճան պաշտոնյան հայտարարագիր չէր ներկայացնում կամ ոչ հավաստի տվյալներ էր ներկայացնում, նրան որևէ պատասխանատվություն չէր սպառնում: 2017-ի օրենսդրական փոփոխություններով  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրվել է հայտարարագրերը վերլուծելու, ներկայացված տվյալների արժանահավատությունը ստուգելու իրավասություն:

Մինչև մարտի 30-ը բարձրաստիճան պաշտոնյաները հանձնաժողովին պետք է ներկայացնեին գույքի և եկամուտների 2017թ. հայտարարագրերը:  Ի՞նչ պատկեր է կազմվել ամփոփումից հետո,  պաշտոնյաներից քանի՞սը հայտարարագիր չի ներկայացրել, ի՞նչ է սպասվում նրանց ՝ «Ռադիոլուրը» զրուցել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախագահի հետ:

Մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը՝ 2018-ի մարտի 30-ը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հայտարարագիր էր ակնկալում շուրջ 3200  պաշտոնյայից. այդքան է բարձրաստիճան համարվող պաշտոնյաների շրջանակը Հայաստանում: Հանձնաժողովն օրերս ամփոփել է ստացված  տվյալները. հայտարարագիր չի ներկայացրել  51 բարձրաստիճան պաշտոնյա, 86-ը սահմանված ժամկետից ուշ է ներկայացրել:

Չներկայացնողների կամ ուշացրածների ցանկը բազմազան է՝ քննչական կոմիտեի, ՊԵԿ-ի, դատախազության ներկայացուցիչներից մինչև համայնքապետեր ու դեսպաններ: Հայտարարագիր չի ներկայացրել, օրինակ,  Քուվեյթում Հայաստանի դեսպանը, ուշացրել է Իջևանի համայնքապետը: Շատ են դեպքերը, երբ տվյալների անհամապատասխանություն է արձանագրվել:

«Ռադիոլուրի» հետ զրույցում տվյալները մանրամասնում է հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

«Տվյալների  անարժանահավատության 190-ից ավելի դեպք ենք հայտնաբերել: Խոսքն այն դեպքերի մասին, է, երբ բացահայտվել է, որ հայտարարատու պաշտոնյայի ներկայացրած տվյալը չի համապատասխանում տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությանը: Չներկայացնելու, ուշ ներկայացնելու կամ բովանդակային խախտումներով ներկայացնելու դեպքերով ունենք 205 վարչական վարույթ»:

Փոփոխված օրենսդրության պահանջով՝ հայտարարագրերը ժամկետից ուշ ներկայացրած պաշտոնյաներին էթիկայի հանձնաժողովը նախազգուշացնում է  և հորդորում պահպանել ժամկետները, չներկայացրածներին նույնպես զգուշացնում է, բայց ոչ միայն:

«Եթե պաշտոնյան ժամկետի ավարտից հետո հայտարարագիր չի ներկայացնում, մենք նախաձեռնում ենք վարչական վարույթ: Առաջին անգամ նախազգուշացնում ենք ու տրամադրում 30 օր, եթե դրանից հետո էլ չի ներկայացնում, տալիս ենք տուգանք և հավելյալ 30 օր, եթե այդ ժամկետում էլ չի ներկայացնում, մենք բոլոր փաստաթղթերը պարտավոր ենք ուղարկել դատախազություն: Ժամկետները երկար են, բայց լավ ցուցանիշ՝ նախազգուշացումից հետո ունեցանք հայտարարագիր չներկայացնելու 2 դեպք: Տուգանքից անմիջապես հետո դրանք ներկայացվեցին: Այսինքն,  քրեական պատասխանատվության սպառնալիքը կանխարգելող էր: Ես համոզված եմ, որ հայտարարագիր չներկայացնելու համար հարուցված քրեական գործեր չենք ունենալու»:

Քրեական գործեր առայժմ չեն հարուցվել նաև ապօրինի հարստացման հիմքով: Օրենսդրական փոփոխությունները, որոնք ապօրինի  հարստացման քրեականացում նախատեսեցին, ԱԺ-ն ընդունեց միաձայն, իսկ կառավարությունը քայլը  համարյա հեղափոխական որակեց:  Շուրջ մեկ տարի օրենքը գործողության մեջ է, բայց արդյունքներ առայժմ չկան:

«Ապօրինի հարստացման բացահայտումը թողնված է քննչական մարմիններին, բայց նոր օրենքն աջակցող դեր է տվել հակակոռուպցիոն նոր հանձնաժողովին: Այդ կառույցի դերն է լինելու հայտարարագրերը վերլուծելու միջոցով դուրս բերել կասկածելի դեպքերը և դրանք տրամադրել քննչական մարմիններին ՝ խորքային քննություն ապահովելու համար»:

Oրենքը, որի մասին խոսում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի  հանձնաժողովի նախագահը, վերաբերում էր հակակոռուպցիոն նոր կառույցին՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Դրա ձևավորումը նախատեսվում էր ապրիլի 9-ից՝ հանրապետության 4-րդ նախագահի լիազորությունների ստանձնումից հետո: Օրենքը 45-օրյա ժամկետ էր նախատեսում մրցութային հանձնաժողովի ձևավորման համար, որը պետք է լուծեր թեկնածուների առաջադրման խնդիրը: Թեկնածուներից ընտրություն կատարելով ՝ խորհրդարանը պետք է հակակոռուպցիոն նոր կառույց ձևավորեր: Ներքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ գործընթացն այս պահին անորոշ հանգրվանում է:

Ի դեպ, անորոշ են ոչ միայն հանձնաժողովի ձևավորման ժամկետները, այլ նաև հարցը, թե ինչպիսի կառույց կձևավորվի: Թեև օրենքով սահմանումներն արդեն տրվել են, բայց չեն բացառվում փոփոխությունները: Արդարադատության նախարարն իր առաջին հրապարակային հայտարարություններից մեկով անդրադարձել է հակակոռուպցիոն կառույցի ձևավորմանը ու տեսակետ հայտնել, որ նախատեսված մոդելը փոփոխության կարիք ունի:

Back to top button