Քաղաքական

Ստեղծված իրավիճակն ու դրա հնարավոր ռիսկերը. վերլուծում են քաղաքագետները


Հայաստանում քաղաքական ճգնաժամը սպառնում է ներքին պառակտումների ու անվտանգության մարտահրավերների խորացմանը: Այսպիսի եզրահանգում է արել Միջազգային ճգնաժամային խումբը, որը զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:

Արտաքին դերակատարները պետք է պատրաստ լինեն աջակցություն ցույց տալու, սակայն խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք սպառնում են ճգնաժամը վերածել առավել լայն աշխարհաքաղաքական բնույթի՝ զեկույցում արձանագրել են խմբի փորձագետները:

Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակին եւ դրա հնարավոր ռիսկերին այսօր անդրադարձել են նաեւ հայաստանյան փորձագետ-քաղաքագետները:

Խոսելով արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին, նրանք, մասնավորապես նկատել են, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ ԵՄ-ն շարունակում են համաձայնեցված չեզոքություն պահպանել հայաստանյան ներքաղաքական զարգացումների հետ կապված: Հայաստանյան փորձագետները նաեւ համոզմունք են հայտնել, որ չեն կարող լինել արտաքին ռիսկեր կամ, առնվազն, կլինեն այն ռիսկերը, որոնք թողել է ՀՀԿ-ն:

 

Անդրադառնալով Հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ Միջազգային ճգնաժամային խումբն արձանագրել է, որ Հայաստանին սպասվում է աննախադեպ անորոշություն: Հայաստանն ընկղմվել է անհավանական քաղաքական ճգնաժամի մեջ: Գրել են Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները: Նրանց դիտարկմամբ՝ մինչ քաղաքական դերակատարները փորձում են դիրքավորվել, քաղաքական ճգնաժամը հեռու է ավարտից: Խմբի փորձագետները նկատել են, որ Հայաստանի քաղաքական փխրունությունը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիային կամ մեծացնել լարվածությունը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև:

Անդրադառնալով հեղափոխությունից հետո Հայաստանի արտաքին մարտահրավերներին՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, մինչդեռ, այսօր կարծիք հայտնեց, որ ռիսկեր գոյություն ունեն միշտ եւ ցանկացած իրավիճակում:

Միջազգային ճգնաժամային խմբի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական համակարգի վրա ճնշումը հսկայական է: Ըստ խմբի՝ շատերը շարունակում են մտահոգված լինել քաղաքական անկայունությամբ:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, մինչդեռ, ասաց, թե ինքը չի կարծում, որ շատ մեծ փոփոխություններ կան ժողովրդական շարժումը գլխավորած Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքական կողմնորոշումների հետ կապված մոտեցումներում, ինչպես, նրա ձեւակերպմամբ, փորձ արվեց ցույց տալ խորհրդարանական հայտնի քննարկումներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի գործոնին, միջազգային փորձագետները կարծիք են հայտնել, որ 25 տարի շարունակ չլուծված հակամարտության հետ կապված ռիսկերը նշանակալի են. ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը պատրաստ չեն փոխզիջման: Հոդվածում ասվում է, որ բոլոր կողմերը պետք է խուսափեն ցանկացած էսկալացիոն քայլից ու բաց պահեն քաղաքական ու դիվանագիտական ուղիները, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵՄ-ն պետք է հիշեցնեն կողմերին, թե որքան մահացու կարող է լինել նորացված պայքարը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ի լրումն իրենց պաշտոնական ուղիների, պետք է նաև զրուցեն Փաշինյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիայի ռիսկերի մասին:

Ստեփան Սաֆարյանը, մինչդեռ, եզրահանգեց, որ Նիկոլ Փաշինյանի որդեգրած մոտեցման պարագայում չեն կարող լինել արտաքին ռիսկեր կամ, առնվազն, կլինեն այն ռիսկերը, որոնք թողել է ՀՀԿ-ն: Ավելին, ըստ Ստեփան Սաֆարյանի, Հայաստանի հնարավորությունները կավելանան, այդ թվում՝ ԼՂ խնդրի հետ կապված:

Քաղաքագետ  Միքայել Զոլյանի գնահատմամբ նույնպես՝ որոշ ուժեր փորձում են ցույց տալ, թե Ռուսաստանն իրենց «մեջքին է», բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը չխառնվեց ու այսուհետ էլ չի խառնվելու Հայաստանի կառավարության ձեւավորմանը:

Քաղաքագետները նկատեցին նաեւ, որ Ռուսաստանի չեզոք դիրքորոշման հետ համերշխություն հայտնեցին եւ նույնպիսի դիրք որդեգրեցին նաեւ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն: Այսինքն՝ բոլոր կողմերն արձանագրեցին, որ ներքին խնդիր է, որին իրենք չեն խառնվելու ու այն պետք է լուծվի Սահմանադրության իրավական կարգավորումների շրջանակում:

Back to top button