Հասարակություն

Երկու անգամ գաղթի ճամփա բռնած ընտանիքի վաղվա օրը

Տեր Մինասյանների ընտանիքը երկու անգամ բռնել է գաղթի ճանապարհը: Մեկը՝ Օսմանյան կայսրության ջարդադար քաղաքականության հետևանքով, մյուսը՝ սիրիական պատերազմի:

Այժմ հայրենիքում հանգիստ են, գնել են տուն ու ապրում են  իրենց հուշերով ու երեխաների վաղվա օրը խաղաղ տեսնելու ակնկալիքով:

Ընտանիքի զավակներից Արմենուհի Փիլավջյանի հետ զրուցել է «Ռադիոլուրը»:


Երևանի կենտրոնում` Անտառային փողոցում են հաստատված սփյուռքահայ բազմաթիվ ընտանիքներ: Սիրիական պատերազմի պատճառով 5 տարի առաջ Հալեպից Հայաստան տեղափոխվեց Արմենուհի Փիլավջյանը: Իր հետ Հայաստան է բերել նաև մարաշցի մոր՝ Մարի Տեր- Մինասյանի ձեռագործ իրերը, Մարաշի խոհանոցի համադամ կերակուրների բաղադրատոմսերն  ու  Մարաշի կոտորածների մասին պատմությունները:

Թեև մայրը չի սիրել պատմել իրենց գլխով անցածը, սակայն, երբ տխրում էր, մրմնջալով պատմում էր դաժան ջարդերի մասին, արցունքն աչքերին ասում է տիկին Արմենուհին։ Նրա մայրը բակում խաղալիս է եղել, երբ թուրք զինվորականները մտել են  հարևանուհու բնակարան ու սկսել ոճիրը:

«Մտրակով հարվածել են հարևանուհուն, կտրել լեզուն  ու  իրաից բաժանել գրկում գտնվող փոքրիկի ոտքերը»:   

Ու  Մարի Տեր- Մինասյանի ընտանիքը բռնում է գաղթի ճանապարհը։ Գաղթականների քարավանը քաղցը խոտով, ծարավը՝ սպանդանոցներում մորթված կենդանիների արյունով հագեցնելով անցել են անապատը։ Հալեպի մոտ ամայի դաշտում գաղթականները եկեղեցի, դպրոց ու բնակավայրեր են կառուցել, տարածքը կոչել Նոր գյուղ:

Տիկին Արմենուհին այսօր երանությամբ է հիշում սիրիական իրենց կյանքը։ Նոր-նոր պետք է վայելեինք կյանքը, սակայն սիրիական պատերազմն այն ընդհատեց, հայ ժողովուրդը նորից դարձավ աշխարհասփյուռ, ասում է ծնկներին խփելով,:

«Հոն արաբ էին, մահմեդական էին, հայ մնացինք, սակայն հիմա հայ մնան»:

Դժգոհում է հայի դաժան ճակատագրից: Հայաստան են եկել, սակայն սահմանին էլ ամեն անգամ զինվորի մահվան բոթն են լսում: Հարցազրույցի ընթացքում ամեն մտքից առաջ Տիկին Արմենուհին կրկնում է. «Թափառական հայու որդին եղած ենք», միաժամանակ ավելացնելով.

«Բայց հիմա թափառական չենք, հիմա տեղացի եղանք այլևս: Օտարի երկիրը մեզի հայրենիք չի կռնար  ըլլալ»:

Հիշում է նաեւ եղբոր՝ Խորեն Փիլավջյանի հավաքածուն։ Հալեպի նրա բնակարանում կարելի էր տեսնել Անդրանիկի զենքը, Սոսե մայրիկի դրամապանակը, Տիգրան Մեծի ոսկե դրամը, Հայոց ցեղասպանությունը վկայող լուսանկարներ։ Սիրիական պատերազմը մաքրել է նաև ցեղասպանության հիշողությունների այս անկյունը:

«Թերևս ալ այդ զարնողները իրենք գիտեին, որ դա անտիկ տուն է, իրանք ալ մաքրագործեցին»: 

Հյուրասիրում է Արեւելյան  համեմունքներով պատրաստված քաղցրավենիք:   Աչքս պատահաբար ընկնում է մեծ եւ սուրճի սեղանների սփռոցներին: Դրանք շոյելով ասում է՝ մորս ձեռքի աշխատանքն են: Նուրբ թելերով հելունագործ աշխատանք։ Տոնական սեղանների զարդն էլ   մորից ժառանգած Մարաշի կերակուրներն են՝ հավելումն է: Դժգոհում  է, երիտասարդները չեն սիրում մեր կերակուրները.

Ավարտում ենք զրույցը, դուրս ենք գալիս։ Բայց տիկին Արմենուհին դեռ բաց չի թողնում։ Մեզ հետ դնում է իր պատրաստած քաղցրավանիքը «Պստիկներու համար է» ասում է:

Back to top button